Текст книги "Քնքուշ լարեր"
Автор книги: Նար-Դոս
Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 7 (всего у книги 10 страниц)
ԺԳ
ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅՈԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈԻՄ Է
Նույն օրը երեկոյան իշխանուհի Մելիքյանն յուր աղախնի ընկերակցությամբ գնաց անտառ զբոսանքի: Նա սովորություն ուներ երբեմն, զբոսանքի գնալիս, երբ, իհարկե, մենակ էր լինում, վերցնել յուր հետ և աղախնին, որին և զուգում էր այնպես, ինչպես վայել է մի աղջկա, որ ման է գալիս իշխանազն հպարտ տիկնոջ հետ: Յուր կարմիր պարզ շորերում և հարդյա գլխարկով՝ Մարիան շատ սազում էր սևազգեստ իշխանուհու հետ կողք-կողքի զբոսնելիս: Իշխանուհին ամուսնու մահից հետո, չնայելով, որ այդ օրից արդեն տարիներ էին անցել, կրում էր միշտ սև զգեստ՝ առանց մի որևիցե պչրանքի, ի նշան յուր այրիության: Յուր այդ պարզ սև հագուստի մեջ նա ավելի գեղեցիկ, ավելի սքանչելի էր երևում (գուցե այդ էլ էր պատճառը, որ նա միշտ սև զգեստ էր կրում): Պարզ, հասարակ հագուստի մեջ կնոջ գեղեցկությունն առավել ևս փայլում է, քան նորամոդային հազարավոր պչրանքներով զարդարված խայտաճամուկ հագուստի մեջ, որ խլում է կնոջից նրա ամեն կնայինը և դարձնում է նրան մի արվեստական պաճուճապատանք, որ կարողանում է ման գալ: Պարզ, հասարակ հագուստի մեջ է կայանում կնոջ ինքնակերպությունն, իսկ ինչպես ամեն բանի, նույնպես և կնոջ պոեզիան գտնվում է նրա ինքնակերպության մեջ:
Պենսնեն ձեռքին պտտեցնելով և գեղածիծաղ դեքով` իշխանուհին զբոսնում էր յուր աղախնի հետ, որ, միշտ աչքի առաջ ունենալով յուր պաշտոնը, անվստահորեն փոքր-ինչ հեռու էր ման գալիս տիրուհուց և՝ կապույտ աչքերը խոնարհեցրած` պատասխանում էր նրա զանազան հարցերին: Բոլոր ժամանակ իշխանուհու աչքերը շրջում էին այս ու այն կողմը: Նա որոնում էր Հարունյաններին, որոնք տակավին չէին երևում այնքան բնակիչների մեջ, որոնք, ինչպես ամեն, նույնպես և այդ երեկո, լցրել էին անտառը: Իշխանուհին հույս ուներ՝ որ անպատճառ կպատահի այդտեղ նրանց` ում որոնում է և այդ պատճառով՝ ուրախ տրամադրությամբ՝ շարունակում էր յուր զրույցն աղախնի հետ:
– Մա՛րիա, – ասաց նա՝ նրա դեմքին խորամանկությամբ ժպտալով, – դու ոչ ոքի չե՞ս սիրել:
Մարիան կարմրեց, ինչպես յուր շորերը:
– Ես սիրում եմ ձեզ, տիրուհի, – ասաց նա՝ ամոթխածությամբ աչքերը բոլորովին վայր թողնելով:
– Ես այդպիսի սեր չեմ ասում, – ասաց իշխանուհին ծիծաղելով. – ես ուզում եմ ասել, թե դու ոչ մի գեղեցիկ, քեզ պես գեղեցիկ երիտասարդի չե՞ս սիրել:
Մարիայի դեմքի կարմրությունը շորերի կարմրությունից էլ անցավ: Նա ոչինչ չպատասխանեց:
– Լավ, հասկացա, – ասաց իշխանուհին նրա դեմքին նայելով և առնելով նրա ձեռքը: – Քո դեմքը քեզ մատնում է: Բայց ո՞ւմն ես սիրել, Մարիա.. Ես գիտեմ, որ դու ինձանից ոչինչ չես թաքցնիլ, այնպես չէ՞, Մարիա:
Ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ վերջին բառերը, սիրտ տվեց Մարիային և բացեց նրա բերանը:
– Ես իրավունք չունիմ ձեզնից ոչինչ թաքցնելու, տիրուհի, – ասաց վերջինս՝ աչքերը դարձյալ խոնարհեցրած: – Ես սիրում էի Պետերբուրգում մեր դիմացը բնակվող գնդապետի…
– Դենշչիկի՞ն:
– Ոչ – որդուն…
Բարձրաձայն քրքիջը, որ դուրս թռավ իշխանուհու բերանից աղախնի այդ վերջին գրեթե անլսելի կերպով և միամտաբար արտասանված խոսքի վրա, դարձրեց յուր վրա շատերի ուշադրությունը: Աղախինը սաստիկ ամաչեց, նրա փոքր-ինչ անցած կարմրությունը նորոգվեցավ: Իշխանուհին յուր ձեռքը տարավ դեպի նրա մեջքն և, այս անգամ ժպտալով նրա աչքերին, հարցրեց հետաքրքրությամբ.
– Հետո՞, Մարիա. նա էլ քե՞զ էր սիրում: Այո՞: Մի՛ նեղանար, ես քեզ չեմ ծաղրում: Դու այնքան գեղեցիկ ես, որ բոլորովին իրավունք ունես մի այդպիսի քայլ անելու: Ասա՛, մի՛ ամաչիր, նա էլ քե՞զ էր սիրում:
– Չգիտեմ… բայց նա ցույց էր տալիս, որ սիրում է, – երկար տատանմունքից հետո ասաց, վերջապես, Մարիանա:
– Այդ ի՞նչպես, – ավելի հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին: – Մի՞թե դու խաբվել էիր, մի՞թե նա քեզ իսկապես չէր սիրում:
– Այո, հետո տեսա, որ նա ինձ կեղծ է սիրում…
– Ի՞նչպես:
– Որովհետև, երբ ես մի անգամ նրան առաջարկեցի ամուսնանալ, նա ծիծաղեց և այլևս չեկավ ինձ մոտ…
– Հետո՞:
– Հետո ես լաց եղա… շատ լաց եղա, բայց նա դարձյալ չեկավ ինձ մոտ:
– Իսկ այժմ նրան չե՞ս սիրում:
– Քիչ եմ սիրում – նա լավ տղա չէր:
– Խե՛ղճ իմ Մարիա, – խոսեց անսուտ կարեկցությամբ իշխանուհին՝ մի առանձին տաք հայացքով նայելով նրա աչքերին: – Ո՛րքան անմեղ, պարզամիտ ես դու… Օ՛, այդ տղամարդիկ, Մարիա, բոլորն անգութ և խելագարներ են, նրանք երբեք չեն խղճում կնոջ վրա, երբեք չեն մտածում կնոջ դրության մասին… Ստոր, վայրենի և անտաշ են նրանք, Մարիա… նրանք բոլորովին արժանի չեն վայելելու կնոջ սերն, երբ չեն հասկանում, թե ի՛նչ է կին, թե ի՛նչպես պետք է վարվել կնոջ հետ… Բնությունը սխալվել է, Մարիա, որ կանանց կապել է այդ գոռոզ վայրենիների հետ, որոնց մեջ բնավ ճաշակ չկա նրանց գեղեցկությունը ճանաչելու, հարգելու, պաշտելու, ինչպես մի կենսատու ուժի… Գեղեցկությունն – այդ ամեն բանի, առավելապես կնոջ մեջ հրաշալին նրանք ոտի տակ են տալիս, Մարիա. ինչպես խոզեր, որոնք չեն հասկանում մարգարտի արժանավորությունը, գինը… նրան ծաղրում են, արհամարհում են և աշխատում են իրենց ստրուկը դարձնել… Բայց կինն, իհարկե, այդ երբե՛ք չի թույլ տալ, այնպես չէ՞, Մարիա… Կինն առավել ևս գոռոզ է, հպարտ է դեպի յուր պատիվը, գեղեցկությունը… Բնությունն իբրև միակ զենք՝ կնոջը տվել է գեղեցկություն, որով նա պետք է աշխատի անպատճառ պատժել տղամարդիկներին – այդ վայրենիներին – թե՛ նրանց հիմարությունների ու թե՛ անգթության համար… Այնպես չէ՞, Մարիա, պատժել, սոսկալի կերպով պատժել…
Աղախինը ոչինչ չէր հասկանում նրա ասածներից: Իշխանուհին խոսում էր՝ ոչ թե մտածելով Մարիայի և նրա կեղծ սիրահարի մասին, այլ յուր և Հարունյանի մասին: Նա սկսեց Մարիայի սիրահարից և հետո, նրան բոլորովին մոռանալով, նրա մեջ երևակայեց Հարունյանին և այդպես էլ վերջացրեց: Լինում են մարդիկ, գլխավորապես վրեժխնդիր, գոռոզ, եսամոլ մարդիկ, որոնք, տեսնելով ուրիշի դրության մեջ մի որևիցե, թեկուզ չնչին նմանություն իրենց դրության հետ, որ նրանց մտածության առարկան է դարձած, դեռ սկսում են խոսել նրա մասին, հետո, փոքր առ փոքր, իրենց համար ևս անզգալի կերպով, նրան մոռանալով, սկսում են մտածել և խոսել իրենց դրության, իրենց անելիքի մասին:
Իշխանուհին խոսում էր գրեթե անզգայաբար` աղախնի ձեռքն յուր ձեռքի մեջ սեղմելով և երբեմն նայելով նրա աչքերի մեջ, որի համար նա թեքում էր գլուխը դեպի նրա դեմքը, երբեմն էլ յուր գեղեցիկ աչքերը շրջելով այս ու այն կողմը:
Հանկարծ այդ ժամանակ դիմացը, հեռուն, նա նկատեց Հարունյան ամուսիններին, որոնք՝ թև-թևի տված՝ հանդարտ գալիս էին դեպի իրենց կողմը: Նրա դեմքն իսկույն պայծառացավ և նա, չտեսնելուն տալով նրանց, շարունակեց յուր զրույցը՝ նայելով աղախնուն, իսկ աչքի տակով – Հարունյաններին: Նա կամեցավ` խոսելով յուր աղախնի հետ` անցնել նրանց մոտից և ձայն չհանել, իբրև թե նրանց բոլորովին չէ տեսնում իսկ նա համոզված էր, որ Հարունյանները կտեսնեն իրեն և անպատճառ կխոսեն յուր հետ: Սա երևույթին, նա խոսում էր աղախնի հետ, բայց իսկապես նա մտածում էր, թե ինչպես հանդիպի նրանց, և այդ պատճառով նրա խոսակցությունից ոչինչ միտք չէր դուրս գալիս:
– Այո՛, Մարիա, – ասում էր նա, – այդպես են, իհարկե, մարդիկ… ամեն բան այդպես է… Դու շատ գեղեցիկ ես, Մարիա… հո գիտես, որ ես քեզ սիրում եմ… այնպես չէ՞… Դու ևս սիրում ես ինձ, թշվառական… Ես քեզ կսովորեցնեմ, Մարիա, թե ինչպես պետք է վարվել ին… մարդիկների հետ… Այն ողորմելին չգիտե, որ ինքն էլ միևնույն փայտից է տաշված, ինչպես և ուրիշները… Նա չափազանց հպարտ է… բայց չգիտե, որ ուրիշն առավել ևս հպարտ կարող է լինել, քան ինքը… այնպես չէ՞, Մարիա…
Մարիան, իհարկե, ոչինչ չէր հասկանում, նա միայն զարմացած գլուխը շարժում էր:
– Պատիվ ունինք, իշխանուհի, – հանկարծ լսվեցավ նրա մոտ պարոն Հարունյանի փափուկ ձայնը:
Իշխանուհին որքան աշխատեց զսպել իրեն, բայց չկարողացավ փոքր-ինչ չցնցվել այդ ձայնից, որին նա վայրկյան առ վայրկյան անհամբեր սպասում էր: Նա շուտով, իրեն զարմացած ցույց տալով, դարձավ դեպի նա:
– Ա՛խ, պարոն Հարունյան… Նո՛ւնե, – կանչեց նա՝ շտապով մոտենալով նրանց:
– Պետք է ներեք ինձ, որ ձեզ չնկատեցի, աղախնիս հետ մի այնպիսի քաղցր խոսակցության մեջ էի, որ մինչև անգամ մոռացել էի, թե որտեղ եմ գտնվում… Բարև ձեզ:
Եվ նա ժպտադեմ յուր գեղեցիկ ձեռքը տվեց նախ պարոն, հետո տիկին Հարուն յաններին: Իշխանուհու մինչև այժմ օտարոտի ընդունելության ազդեցության ներքո, վերջինս դեռ կամենում էր նրան սառնությամբ ընդունել, բայց այժմ բոլորովին անսպասելի կերպով նրա մեջ տեսնելով դարձյալ յուր առաջվա սիրալիր ընկերուհուն, նա զարմանքից դեռ մի քանի վայրկյան գրեթե մնաց քարացած՝ նրա ժպտող աչքերի մեջ նայելիս, կարծես ինքն իրեն հարցնելով՝ մի՞թե այդ նա է, որ մինչև վերջին ժամանակներս նրան այնպես սառնությամբ էր ընդունում: Նա չէր հավատում յուր աչքերին, բայց տեսնելով, որ իշխանուհին շարունակ ժպտալով նայում է յուր աչքերին, և նրա դեմքի վրա առաջվա սառը ընդունելության և թախծության նշույլ անգամ չկա, նա, կարծես, նոր ուշքի եկավ և կանչեց սաստիկ ուրախացած.
– Սո՛ֆիա, մի՞թե ես քեզ նույնն եմ տեսնում… մի՞թե գլխացավդ արդեն անցել է…
– Արդեն, արդեն, Նունե: Դու սուտ չէիր ասում, որ ամառանոցի զով օդն ինձ վրա լավ ազդեցություն կունենա… Գլխացավս բոլորովին անցել է, և այժմ ինձ այնպես թեթև, այնպես հանգիստ եմ զգում, ինչպես ոչ մի ժամանակ… Դեռ հենց առաջին օրից, որ ես ամառանոց եկա, զգացի, որ գլուխս այլևս այնպես սաստիկ չէ ավում, ինչպես առաջ, Թիֆլիսում: Երկրորդ օրն ավելի լավ էի իսկ, այսօր, որ վեր կացա, բոլորովին առողջ, կարծես գլուխս երբեք մի րոպե անգամ չէր Ցավել: Օ՛, այնպե՛ս ուրախացա, Նունե, այնպե՛ս ուրախացա, որ… մի խոսքով… նո՛ւ, չեմ կարող ասել, թե ինչպես ուրախացա այդ ժամանակ… Իսկ առաջ ի՛նչպես էի տանջվում ես այդ գլխացավից, աստված ազատե: Ես ինձ բոլորովին կորցրել էի, չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, ինչ եմ անում, ում հետ եմ խոսում և ինչ եմ խոսում: Կարծես մի տեսակ տանջող երազի մեջ լինեի, որից արթնանալ չէի կարողանում… աչքերիս առաջ միշտ խավար, մութը… օ՛հ, դեռ այժմ էլ սարսափում եմ, որ մտածում եմ, թե ի՛նչ դրության մեջ էի այդ ժամանակ…
– Իսկ ե՞ս… իսկ ես ինչպես տխո ւր էի այդ ժամանակ, Սոֆիա, – ասաց տիկին Հարունյանը: – Ար տեսնում էի քո միշտ տխուր, մելամաղձոտ, թախծալից դեմքը, իմ սիրտն այնպես կտրատվում, այնպե՛ս ցավում էր, որ ի՞նչ չէի տալ, եթե դու այդ ժամանակ առաջվա նման գոնե ծիծաղեիր, ժպտայիր… մանավանդ, որ դու ինձ այնպես բոլորովին սառնությամբ էիր ընդունում… Օ՛հ, եթե գիտենայիր, թե ո՛րքան ես մտածել եմ քո մասին, Սոֆիա, թե քանի՛ անգամ ես աղոթել եմ քեզ համար..
– Մի՞թե դու ինձ այդ աստիճան սիրում ես, Նունե, – կանչեց իշխանուհին, որին նրա անկեղծությունը փոքր-ինչ դուր էր եկել, չնայելով, որ նրան դարձյալ ատում էր, բայց ստիպված էր նրա հետ առաջվա նման սիրով վարվելու:
– Օ՛, չափազանց, չափազա՛նց, Սոֆիա… Դու այնքա՛ն լավն, այնքա՛ն գեղեցիկ ես, որ անկարելի է քեզ չսիրել:
Իշխանուհին ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ խոսքերի վրա ուրախ կերպով ծիծաղեց և նայեց պարոն Հարունյանին, որ՝ մինչև այդ ժամանակ լուռ և ինչ-որ բանի մասին մտածելով՝ նայում էր նրա գեղաժպիտ դեմքին: Մի ակնթարթում այդ անկեղծ գովասանական խոսքերը դուրս հանեցին նրա սրտից դեպի յուր վաղեմի ընկերուհին ունեցած նրա ատելությունն, և նա սկսեց դեպի նա մի տեսակ բան զգալ, որ ոչ սեր էր, ոչ շնորհակալություն: Նա ջերմ զգացմունքով առավ նրա ձեռքերն և ամուր-ամուր սեղմելով նրան ասաց.
– Ուրեմն դու պետք է մոռանաս այն բոլորն, ինչ որ ակամայից ես պատճառել եմ քեզ, Նո՛ւնե.. դուք ևս, պարոն Հարունյան… գուցե ձեզ ևս մի որևիցե անախորժություն եմ պատճառել… Կրկնում եմ, գլխացավս ինձ մի այնպիսի Սարսափելի դրության մեջ էր ձգել, որ ես ինձ բոլորովին կորցրել էի և, շատ կարելի է, որ ես մի որևիցե բանով ձեզ նեղացրած լինեմ այդ ժամանակ…
– Իզուր դուք այդպես անհանգստանում եք, իխանուհի, – ասաց պարոն Հարունյանը: – Ոչ ոք ձեզանից, նեղացած չէ և իրավունք չունի նեղանալու… Դուք ի՞նչ մեղավոր եք, որ գլխացավը ձեզ այն դրության մեջ էր գցել… իսկ այժմ ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ գլխացավն անցել է բոլորովին, և դուք ձեզ հանգիստ ու թեթևացած եք զգում:
Իշխանուհին այդ խոսքերի վրա նրա դեմքին խոր նայեց, արդյոք նա դարձյալ ամեն բան հասկանո՞ւմ է և ծաղրո՞ւմ է նրան: Բայց նա ոչինչ հետևանքի չհասավ, որովհետև պարոն Հարունյանի դեմքն այդ րոպեին բոլորովին լուրջ էր և ինչ-որ մտածության արտահայտություն կար նրա վրա:
– Ինչևիցե, – ասաց նա: – Ուրեմն դուք ամեն բան հասկանում եք և ներում եք ինձ… իսկ այժմս ես կամենում եմ ձեզ անպատճառ հյուրասիրել իմ դաստակերտում, իբրև տուգանք… և, իհարկե, դուք ինձ չեք մերժիլ, այնպես չէ՞, պարոն Հարունյան… Նունե, դու խո բոլորովին չես մերժիլ:
– Մերժե՛լ, – կանչեց տիկին Հարունյանը ծիծաղելով: – Դու ինձ ծաղրո՞ւմ ես, Սոֆիա:
– Ուրեմն դու համաձայն ես… իսկ դո՞ւք, պարոն Հարունյան:
– Ուրախությամբ, իշխանուհի – պատասխանեց պարոն Հարունյանը՝ տեսնելով, որ անկարելի է նրա խնդիրքից խույս տալ: – Երբ դուք այդ խնդրում եք, ես անկարող եմ մերժել…
Ի՛նչպես դուր եկան այդ խոսքերն իշխանուհուն, որ տակավին առաջին անգամ էր լսում այդ օտարոտի մարդու բերանից: Ի՞նչ կլիներ, եթե այդ խիստ մարդը միշտ այդպես խոսեր նրա հետ. չէ՞ որ այդ խոսքերից ամեն մեկը նրան այնքա՛ն ախորժելի, այնքա՛ն քաղցր էր թվում, չէ՞ որ այդ, ըստ երևույթին, ամենահասարակ խոսքերը լսելով նրա բերանից՝ նրա սիրտն իսկույն թրթռում էր մի այնպիսի երջանկությամբ, որի նմանը տակավին չէր պատճաոել նրան նրա տարփավոր բազմաթիվ երկրպագուներից և ո՛չ մեկի թունդ սիրապատիր խոսքերի ամբողջ բառարանը:
– Ա՛խ, ի՛նչ լավ է, – կանչեց նա՝ չկարողանալով զսպել յուր չափազանց ուրախությունը: – Մա՛րիա, – դարձավ նա աղախնուն, որ փոքր-ինչ հեռու կանգնած՝ նայում էր նրանց, առանց հասկանալու նրանց լեզուն, – շտապիր դաստակերտն և ամեն բան պատրաստիր, մենք իսկույն գալիս ենք:
Մարիան հեռացավ իսկույն:
– Առայժմս, սիրելի բարեկամներս, գնանք, – ասաց իշխանուհին՝ առնելով տիկին Հարունյանի թևը: – Հուսով եմ, որ դուք իմ դաստակերտը շատ կհավանեք, և այսօր այնտեղ լավ երեկո կանցկացնենք: Սիրելի բարեկամներով, առավելապես այսպիսի տեղերում, ժամանակը շատ ուրախ և աննկատելի կերպով է անցնում… Բայց ո՞ւր է ձեր եղբայրը, պարոն Հարունյան:
– Նա որսի է գնացել, իշխանուհի:
– Արմենակը բոլորովին սիրահարվել է որսորդության վրա, – ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ողջ թափառում է անտառներում և միայն ւռշ երեկոյան է տուն գալիս:
Եվ այդպես խոսակցությունը շարունակելով, նրանք դիմեցին դեպի իշխանուհու դաստակերտը: Կես ժամից հետո եկավ և Պետրովը: Նույն օրվա սաստիկ ուրախ տրամադրության ներքո՝ նա նախ մի քանի անգամ համբուրեց իշխանուհու ձեռքն, ապա բարևեց Հարունյաններին: Պետրովի՝ յուր ձեռքը համբուրելիս՝ իշխանուհին աչքի տակով նայեց պարոն Հարունյանին և նրա դեմքի վրա կարդաց այն բոլորն, ինչ որ նա զգում էր դեպի այդ աստիճանավորը: Նույն երեկոյան նա մի քանի անգամ կոկետություն արավ Պետրովի առաջ: Պարոն Հարունյանին, ըստ երևույթին, այդ չէր դուր գալիս, իշխանուհին այդ տեսնում էր և դարձյալ շաունակում էր: Իսկ Պետրովը, որ բոլորովին չէր սպասում, թե իշխանուհին այդ օրը մինչև այդ աստիճան լավ աչքով կնայե յուր վրա, գրեթե խելագարվել էր այդ անակնկալությունից, մի րոպե անգամ չկասկածելով՝ թե ի՛նչ հիմար դեր է կատարում ինքն այդտեղ: Նա շուտ-շուտ առնում էր իշխանուհու ձեռքն և համբուրում էր, որով ավելի ևս կատաղեցնում էր պարոն Հարունյանին, որ բոլորովին զարմացած մնացել էր, թե ի՛նչ է նշանակում իշխանուհու այդ հանկարծակի անակնկալ փոփոխությունը դեպի Պետրովը, որին առաջ այնպես արհամարհությամբ էր նայում: Բայց նրա ի՞նչ գործն է, թե իշխանուհին առաջ ի՛նչպես էր նայում նրա վրա, իսկ այժմ` ի՛նչպես… էլ ինչո՞ւ նրա կատաղությունը գալիս է, որ իշխանուհին նրա հետ փոքր-ինչ սիրով է վարվում: – Ահա բանը դրանումն էր, որ պարոն Հարունյանն իրեն հաշիվ տալ չէր կարողանում, թե ինչո՞ւ իսկապես: Ճշմարիտ է, նա այդ վերագրում էր յուր դեպի իշխանուհին տածած սիրույն, բայց խո նա մի րոպե անգամ մտքով չէր անցրել, թե իշխանուհին կարող է պատկանել իրեն, չէ՞ որ այդ սերը նա ապօրինի էր համարում և ամեն կերպ աշխատում էր դուրս կորզել յուր սրտից… Տիկին Հարունյանը նույնպես զարմացել էր յուր ընկերուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա: Նա այդ վերագրում էր այն բանին – թեպետև բոլորովին կասկածանքով – որ գուցե իշխանուհին այժմ սկսել է սիրել այդ լիրբ աստիճանավորին: Նա այնքան սիրում էր յուր վաղեմի ընկերուհուն և ատում Պետրովին, որ նրան բոլորովին դուր չէր գալիս, երբ առաջինն այնպես ժպտում էր վերջինիս դեմքին և նրա առաջ այնպես կոկետություններ անում: Եվ թեպետ նա շատ էր ցանկանում դրա պատճառն իմանալ, բայց չէր համարձակվում այդ միանգամից հարցնելու իշխանուհուց: Իշխանուհին այդ երեկո շատ ուրախ տրամադրության մեջ էր. նա ամեն կերպ աշխատում էր զբաղեցնել յուր հյուրերին: Հին դաշնամուրի վրա, որ երկար տարիներից հետո առաջին անգամն էր բացվում, նա երգեց յուր սիրած ամենանշանավոր կոմպոզիտորների մի քանի դժվար ածելի պիեսներ: Յուր գեղեցիկ ձայնով և երաժշտության ու երգի մեջ ունեցած հմտությամբ, նա համարձակ կարող էր մրցել լավ և փորձված երգչուհու հետ: Նրա ձայնը շատ դուր եկավ մանավանդ պարոն Հարունյանին, որ բոլոր ժամանակ նայում էր նրա փոքրիկ, լիաշուրթ, բերանին և սպիտակ պարանոցին… Որքան սքանչելի էր երևում նրան այդ կինը երգելու ժամանակ նա չէր կարողանում յուր աչքը հեռացնել նրանից: Տիկին Հարունյանին նույնպես շատ դուր եկավ նրա ձայնը, նա գտավ, որ յուր վաղեմի ընկերուհու ձայնը գրեթե միևնույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ, երբ նա նույնքան հիանալի երգում էր: Իսկ Պետրովը վերին աստիճանի հիացմունքից խելքը կորցրել. էր. նա մինչև անգամ երդվեց, որ իշխանուհու ձայնը իրենց ռուսների ողջ աշխարհիս մեջ եզակի կարելի է համարել, որ Պատտի և Նիլսոնի ձայնը դրա ձայնի մոտ ոչինչ է: Սի խոսքով՝ երեկոն շատ լավ անցկացավ իշխանուհու դաստակերտում: Այնուհետև Պետրովն և Հարունյանները տուն գնացին: Հեռանալուն պես պարոն Հարունյանն զգաց, որ այդ երեկոն իրեն արժան չէր նստի: Ողջ գիշերը նրա աչքերի առաջից չէր հեռանում իշխանուհու պատկերը, նրա ականջներում տակավին հնչում էր նրա դյութիչ ձայնը… Հետևյալ օրը նրանք դարձյալ հրավիրված էին իշխանուհու դաստակերտում: Պարոն Հարունյանը, որքան էլ այդ չցանկանար, բայց ստիպված էր գնալու: Այս անգամ նրանց հետ էր և Արմենակը, որ տիկին Հարունյանի խնդրանոք միայն այդ օրը չէր գնացել որսի: Պետրովն արդեն իշխանուհու մոտ էր, երբ նրանք գնացին նրա դաստակերտը: Այս անգամ արդեն Պետրովը բոլորովին զզվելի և ատելի թվաց թե՛ տիկին և թե՛ պարոն Հարունյանին: Իշխանուհին Պետրովի հետ վարվում էր նույնպես, ինչպես և նախորդ օրն, և, իհարկե, ընդնմին աչքի տակով թաքուն դիտում էր պարոն Հարունյանին: Պարոն Հարունյանն այդ ժամանակ ակամայից եռում էր յուր մեջ: Իշխանուհին տեսնում էր, և այդ նրան մեծ բավականություն էր պատճառում:
– Գտել եմ քեզ կակղեցնելու եղանակն, – ասում էր նա յուր մտքում և շարունակում էր յուր կոկետությունը Պետրովի առաջ. Պարոն Հարունյանը դարձյալ չէր կարողանում հասկանալ դրա պատճառը: Բայց երբ մի անգամ էլ իշխանուհին ինչ-որ սիրալիր խոսք ասեց Պետրովին, որի համար և վերջինս իսկույն առավ նրա ձեռքն և սկսեց համբուրել, նա հանկարծ որսաց նրա գաղտագողի հայացքը, որ այդպիսի ժամանակներում նա միշտ գցում էր նրա վրա: Եվ պարոն Հարունյանը այդ մի հայացքից ամեն բան հասկացավ: – Ա՛, սա ուզում է իմ մեջ խանդոտություն զարթեցնել, – ասաց նա յուր մտքում և նրա սիրտն հանդարտվեց… Այժմ Պետրովը նրան այլևս այնպես զզվելի և ահռելի չէր թվում, ինչպես առաջ: Նա այլևս նշանակություն չէր տալիս իշխանուհու դեպի նա ունեցած վարմունքին: Այնինչ տիկին Հարունյանին այդ դարձյալ կատաղեցնում էր: Վերջապես նա չկարողացավ համբերել և թաքուն հարցրեց յուր վաղեմի ընկերուհուց, որ չլինի՞ թե նա արդեն սկսել է սիրել այդ աստիճանավորին: Իշխանուհին միայն ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց: Արմենակը նույնպես զարմացել էր իշխանուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա, բայց ոչ նա և ոչ տիկին Հարունյանը բնավ կասկածել չէին կարող, թե այդ իսկապես ի՛նչ է նշանակում: Իշխանուհին նախորդ օրվանից ավելի լավ տրամադրության մեջ էր: Ճաշից հետո մինչև անգամ նա առավ պարոն Հարունյանի թևն և խնդրեց յուր գեղեցիկ պարտեզում փոքր-ինչ զբոսնել: Մյուսները հետևեցին նրանց: Ահա՛ թե պարոն Հարունյանի դրությունը երբ վատացավ, ճաշին մի քանի բաժակ ավելի խմած լինելով՝ նրա ջղերը գրգռվել էին, իսկ այժմ, նրա թևն առած և նրա կողքին կպած՝ նրա հետ ման էր գալիս այն գեղեցիկ կինը, որին ինքը սիրում էր… Ամեն անգամ, երբ նրա ձեռքը շփվում էր իշխանուհու ողորկ, ատլասում սեղմված՝ կողքի հետ, նա չէր հասկանում, թե ի՛նչ է կատարվում յուր մեջ, միայն զգում էր, որ ամբողջ մարմնով դողում է: Բայց այդ դողալն այնքա՛ն ախորժելի էր… Իշխանուհին այդ տեսնում էր և առավել ևս կպչում էր նրա կողքին: Պարոն Հարունյանի լեզուն, կարծես, կապվել էր. նա խոսել չէր կարողանում, խոսում էր միայն իշխանուհին… խոսում էր և ժպտում, և այդ ժպտի մեջ այնքա՛ն բան կարելի էր կարդալ…
Նրանք բոլոր ժամանակ առջևից էին գնում, իսկ մյուսներն – ետևից: Պարոն Հարունյանն այդ ժամանակ հանկարծ ետ նայեց, և նրա աչքերը հանդիպեցան Պետրովի փոքրիկ աչքերին, որոնք այդ րոպեին վառվում էին ինչ-որ չար նենգությամբ և որոնք, ինչպես երևում էր, բոլոր ժամանակը նրա վրա էին հառած: Պարոն Հարունյանը նայեց և յուր կնոջը, որ քայլում էր Պետրովի հետ, կինը ժպտում էր, որպես ժպտում է միամիտ, անմեղ երեխան… Եվ այդ ժպիտը տեսնելով, ի՞նչ զգաց արդյոք պարոն Հարունյանը…
ԺԴ
ՍԵՐ, ԽԻՂՃ ԵՎ ՈԻՂԵՂ
Եվ այսպես, իշխանուհու և Հարունյանների մեջ եղած բարեկամական կապը նորոգվեցավ ու առավել ևս ամրապնդվեցավ: Պարոն Հարունյանն արդեն նեղ տեղն ընկավ: Իշխանուհին – այդ գեղեցիկ, սատանա կինն յուր անվերջ հետամտությամբ նորից բորբոքեց նրա սրտի մեջ արդեն մոխիր կտրող սիրո բոցը, որ այժմ առավել ևս սկսել էր նրան տանջել և հանգստություն չտալ: Ամառանոցում նա այլևս կարող չէր գործերը պատճառ բերել և խույս տալ իշխանուհուց, այլ ստիպված էր ամենայն օր տեսնել նրան կամ յուր տանը, կամ նրա դաստակերտում և շատ անգամ ողջ օրը նրա հետ անցկացնել: Լինում էին րոպեներ, երբ նա ամենայն հոժարությամբ ցանկանում էր փախչել հեռու, հեռու, մի այնպիսի տեղ, ուր այդ գեղեցիկ կինը բնավ չկարողանար ոտք կոխել և վրդովել նրա ընտանեկան խաղաղությունը: Եվ այդ րոպեներին ի՞նչ չէր տալ, ի՞նչ չէր անիլ նա, եթե միայն ընդմիշտ կարողանար ազատվել այդ գեղեցկուհուց, որ ամենուրեք ստվերի նման նրան հետևում էր: Բայց և լինում էին րոպեներ, երբ նրա սիրտը, հոգին, ամբողջ գոյությունը, կարծես, ուզում էր թռչել, սլանալ դեպի այդ հրաշալի գեղեցկությունը, ուզում էր հավիտյան լինել նրա մոտ, նրա կողքին, հավիտյան նայել նրան, հավիտյան լսել նրա հոգեզմայլ ձայնը… Երբ սերը նրան շատ էր նեղացնում, նա եղբոր հետ գնում էր որսի և ողջ օրը այնտեղ էր անցկացնում, որպեսզի ցրի իրեն անդադար զբաղեցնող մտքերը: Բայց իզո՛ւր, իշխանուհին յուր դյութությունները թափել էր նրա սրտի խորքերը, ուր նրանք անդադար ուտում, կրծում էին, ինչպես ցեցեր: Այժմ նա առավել ևս զգում էր, որ ոչինչ այնքա՛ն դժվար կարող չէ լինել, որքան պատերազմը, որ մարդ մղում է յուր սիրո զգացմունքի դեմ: Տուր բոլոր հաստատակամությամբ նա կարծում էր, որ մի այդպիսի հերոսություն բնությունից մարդուն տված չէ և մարդ` հաղթության հաղթանակի հուսով՝ իզուր ամենայն ջանք գործ կդնե սիրո դեմ համառությամբ կանգնելու… Ի՞նչ աներ: Նա զգում էր, որ հուսահատությունը կամաց-կամաց տիրում է իրեն…
Անցնում էին օրեր, շաբաթներ…
Գիշեր էր:
Գրասեղանի վրա վառվում էր թանկագին լամպարը: Նրա կապույտ լուսամփոփից սենյակի մեջ ամեն ինչ կապույտ լույս էր ստացել: Կապույտ գույն էր ստացել և պարոն Հարունյանը, մանավանդ որ հագած ուներ թավիշե կապույտ խալաթ: Նա մենակ էր սենյակում: Ետ էր ընկած լայն բազկաթոռի մեջքի վրա, գրասեղանի առաջ, և անթարթ աչքով նայում էր բարձր առաստաղին: Ո՛չ մի շարժում. եթե աչքերը բաց չլինեին, նայողը չէր կասկածիլ, որ նա քնած է: Նրա դեմքի վրա, սովորական լրջության, հանգստության փոխարեն կարելի էր նկատել մի տեսակ ծանր, տանջող վշտի արտահայտություն:
Նա մտածում էր: Մտածում էր յուր դրության մասին, բայց այդ ժամանակ նրա մեջ սիրտը, սիրո զգացմունքներն ավելի մեծ ուժով էին գործում, քան գործում էր ուղեղը: Նա զգում էր, որ ամեն տեսակ լուրջ խոհականություն, ամեն տեսակ պարզ հեռատեսություն սիրո ինքնակամ զգացմունքների առաջ աղոտանում են, նա զգում էր, որ կամքը, հաստատամտությունը սիրո առաջ ընկճվում է, որպես թզուկը` վիթխարիի առաջ:
«Ո՞ւմ դեմն եմ պատերազմում ես, – մտածում էր նա, – բնության անշեղ օրենքի դեմ: – Իզո՛ւր, դոն-քիշոտակա՛ն պատերազմ: – Կարելի՞ է արդյոք արևին ասել, – լույս մի՛ տար, որովհետև ես խավար եմ ուզում – կամ հրամայել ալեկոծ ծովին, որ նա խաղաղվի… Եվ արդյոք մինչև ե՞րբ պետք է տևի այս պատերազմը… մինչև ե՞րբ պետք է դիմանամ ես այս սոսկալի տանջանքներին, որոնք… օրեցօր կրկնապատկվում են, և կարո՞ղ եմ արդյոք տանել դրանց, երբ այժմեն իսկ զգում եմ, որ պետք է ուժասպառ ընկըճվիմ… Օ՛, խի՛ղճ, խի՛ղճ, այդպես անողորմ մի՛ տանջիր ինձ, եթե մարդկային կամքն ապառաժ անգամ լինի, չէ կարող չխորտակվել այն զգացմունքից, որ այս րոպեիս գործում է իմ մեջ – իսկ չէ՞ որ ես մարդ եմ… մարդ, եմ մարդկային բոլոր կրքերով բոլոր ցանկություններով, որոնց տվել է ինձ ինքը` բնությունը, որոնց կառավարում է ինքը՝ բնությունը… և եթե կամքս թույլ գտնվի տանելու դրանց բռնությունը) և, վերջապես, ընկճված՝ անձնատուր լինեմ դրանց, մի՞թե մեղավորն ես կլինեմ… մի՞թե քեզ հետ և մարդիկ այնքան անգութ կգտնվեն, որ կդատապարտեն, կհալածեն ինձ… բայց ես ի՞նչ, մեղ ունեմ, դատապարտեցե՛ք, հալածեցե՛ք բնությանը: իսկ ես մարդ եմ հողեղեն, որ կախված եմ նրանից… Ինչո՞ւ բնությունը, ստեղծելով ինձ, ապօրինի, հանցագործ սիրո հետ տվել է ինձ. և պարտաճանաչության զգացմունք… եթե այդ տվել է, ուրեմն դրա հետ պետք է տար և անխորտակելի կամք, որով կարող լինեի հաղթությամբ դիմադրել ապօրինի սիրո դյութություններին, որպեսզի ի վերջո սոսկալի թշվառության մեջ չընկնեի և ինձ հետ թշվառացնեի ուրիշին…»:
Նա հանկարծ սթափվեց, նստեց ուղիղ և անմիտ հայացքով նայեց շուրջը: Մտածության ժամանակ նա այն աստիճան ինքնամոռացության մեջ էր ընկել, որ սթափվելուց հետո կարծում էր, թե մտածությունը նա արտասանել է բարձրաձայն, որ և ամբողջ աշխարհին լսելի էր եղել, մանավանդ, որ թե՛ դուրսն և թե՛ սենյակում կատարյալ լռություն էր տիրում: Մի քանի անգամ անմտորեն շուրջը նայելուց հետո նա այս անգամ արմունկները հենեց գրասեղանին և բորբոքված գլուխը բռնեց ձեռքերի մեջ:
«Բայց ի՞նչ եմ կամենում ես», – խոսեց նա գրեթե լսելի ձայնով:
– Հավիտյան երջանկությո՛ւն, – աղաղակեց սերը:
– Անվերջ թշվառությո՛ւն, – աղաղակեց ուղեղը:
– Պարտազանցությո՛ւն, – աղաղակեց խիղճը:
– Երջանկությո՛ւն, երջանկությո՛ւն, – նորից աղաղակեց սերը, և այդ ուժգին աղաղակի մեջ խլացավ ուղեղի և խղճի թույլ աղաղակը:
«Արի՛, արի՛ ինձ մոտ; անմի՛տ դու մարդ, – այս անգամ սերը, կարծես սկսեց երգել երջանկությունն ես ինքս եմ: Որպես զովարար ցող, ես իջնում եմ մարզիկների սրտերի վրա և լվանում եմ դառնության փոշին… Որպես եդեմական թովչաբար ծաղիկ; ես բուրում եմ, և իմ բուրմունքս քաղցրագույն թմրություն է շնորհում… Իմ համբույրս դյութիչ ինքնուրացություն է, իմ մի րոպես հազար կյանք արժե, իսկ գիրկս – հազար դրախտներ… Արի՛, արի՛…»:
Նա ընկավ խորին հափշտակության մեջ: Սիրո հրաշալի երգը հնչում էր նրա ականջներում, որպես կանաչագեղ կղզու սիրենների դյութիչ մեղեդին: Դրա ազդեցության տակ նրա ուղեղը կաշկանդվել էր: Կին, զավակ, հավատարմություն, բարոյականություն և ամեն ինչ ծածկվել էր թանձր վարագույրով, նրա առաջ հրաշալի դիրքով կանգնած էր կնոջ գեղեցկության մի կատարելատիպ, որ փափուկ ձեռքով կանչում էր նրան, և նրա ժպիտը կյանք էր բաշխում, նրա շունչը հեշտություն էր տարածում… Ա՛խ, ընկնել նրա ոտների առաջ և երջանիկ ինքնուրացության մեջ հալվե՛լ, հալվե՛լ, որպես հալվում է ձյունը գարնանային արևի ճառագայթներից…
Հարևան սենյակում ինչ-որ չրխկաց: Եթե այդ րոպեին դուրսը թնդանոթ անգամ արձակեին, նա գուցե չլսեր, բայց հարևան սենյակի թույլ չրխկոցը իսկույն սթափեցրեց նրան: Նա հանկարծ բարձրացրեց գլուխը, արագությամբ նայեց սենյակի դռան կողմն և իսկույն, ինքն էլ չիմանալով թե ինչո՛ւ, վեր կացավ տեղից: Նա շունչն ակամայից իրեն քաշեց, և նրա չռած աչքերը հառած մնացին հարևան սենյակի դռան վրա: Այդպես նայում են ոճրագործները, որոնք կարծում են, թե մեկը գաղտնի վկա է իրենց ոճրագործության, մի րոպե այդպես նայելուց հետո հավաստիանալով, որ հարևան սենյակում ամեն ինչ լուռ է, նա, ըստ երևույթին, հանգստացավ, խոր հոգոց հանեց, հոնքերը խորին դառնությամբ կիտեց, ձեռքը մի քանի անգամ շփեց ճակատին և հանդարտ քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակի երկարությամբ: Ամբողջ հատակը ծածկված էր գորգով, որ նրա փոքրիկ հողաթափների ձայնը բոլորովին անլսելի էր կացուցանում:
Մի քանի անգամ այդպես անցուդարձ անելուց հետո նա կանգնեց հարևան սենյակի դռան առաջ, նրա ոտները, կարծես ակամայից, գամվեցին հատակի վրա: Հարևան սենյակի դուռը փոքր-ինչ բաց էր, և այդ բացվածքից մյուս սենյակում նա տեսավ հետևյալը.
Հանդեպի պատի մոտ դրված փոքրիկ մահճակալի վրա պառկած էր յուր զավակը – փոքրիկ Հայկանուշը: Նա քնած էր, որպես քնում են անմեղ և անհոգ մանուկները: Նրա առաջ, հատակի վրա, տնային սպիտակ հանդերձով և ցիրուցան մազերով՝ չոքած էր յուր կինը – նունեն: Նա ձեռքերը կցած ուներ կրծքի վրա, իսկ սևորակ աչքերը ամենախորին ջերմեռանդությամբ համբարձել էր դեպի երկինք: Նրա շրթունքները շարժվում էին: Նա աղոթում էր: Որքա՛ն գեղեցիկ, որքա՛ն սքանչելի էր նա յուր այդ դրությամբ: Ինչ-որ աներկրային, վեհ, սրբազան բան կար այդ երևույթի մեջ… նա կարծես մի հրեշտակ լիներ, որ սրբազան լուսո ճաճանչներով շրջապատված՝ իջել էր երկնքից և անարատ սրբի անարատ բերանով վեր էր առաքում բարձրելույն յուր սրբազան, ջերմաջերմ աղոթքը մեղավորների, հանցագործների հոգու փրկության համար…
Պարոն Հարունյանի բոլոր անդամներով ինչ-որ սարսուռ անցավ, որ ցնցեց նրա ողջ գոյությունը: Նույն րոպեին նրա սրտի մեջ, կարծես, դժոխք բորբոքվեցավ: Նա երկար չկարողացավ նայել հարևան սենյակի ներսը և, իսկույն տրվելով մի կողմը, կարծես ուժասպառ, հենվեց պատին: Նրան թվում էր, թե յուր անարժան հայացքով կարող է սրբապղծել հարևան սենյակի սրբազան տեսարանը…
Անցավ երկու րոպե, սենյակի դուռն անլսելի կերպով բացվեցավ, և հուշիկ քայլերով ներս մտավ տիկին Հարունյանը: Նրան տեսնելուն պես` ամուսինը դողաց, որպես չարանենգ դևը հրեշտակի սրբազան ահավորության առաջ: Տիկինն երևի կարծում էր, որ ամուսինը պարապում է, որովհետև մտնելուն պես գնաց դեպի գրասեղանը, բայց տեսնելով, որ նրա առաջ ոչ ոք չկա, հանկարծ կանգնեց զարմացած և արագությամբ նայեց յուր շուրջը: Նա տեսավ ամուսնուն, որ՝ առաջվա նման պատին հենված՝ սարսափով նայում էր նրա վրա, որպես հոգեառ հրեշտակի վրա: Տիկինը շտապով մոտեցավ նրան:
– Ստեփաննո՛ս, ինչո՞ւ դու այդտեղ կանգնել ես, – զարմացած, կարեկցությամբ և երկյուղով հարցրեց նա:
Ամուսնու ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա կնոջ առաջ:
– Դո՛ւ, միայն դո՛ւ… – կարողացավ արտասանել նա և, ամուր գրկելով նրա ոտները, դեմքը ծածկեց նրա սպիտակ հանդերձի ծալքերի մեջ:
Կինն, առանց մի խոսք արտասանելու, կամաց կռացավ և նրա գլուխն առավ յուր ձեռքերի մեջ:
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.