Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 17

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 17 (всего у книги 32 страниц)

Шрифт:
- 100% +

«3. Ներքին գործոց նախարար Ռեշիդ-բեյը նշանակել է այժմ Պոլսում մի մասնախումբ, որի մեջ նախարարի նշանակումով չորս հայ եւս մասնակցում են։ Այդ մասնախումբը ոչ մի վստահություն չի վայելում հայերի կողմից։ Դրանով տաճկաց կառավարությունը կամենում է ռուսաց միջամտության առաջն առնել»։

Շեշտվեց[ին] հետեւյալ կետ[եր]ը, որ եւ գրվեց[ին].

«4. Բոլոր հայերը, առանց կուսակցության խտրության, համաձայն են, որ Տաճկահայաստանի ռեֆորմների նախաձեռնողը լինի Ռուսաստանը` եվրոպական պետությանց համաձայնությամբ, եւ ռեֆորմների իրագործման կոնտրոլը պատկանում է Ռուսաստանին»։

«5. Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի իրագործման ու վերահսկողության հանձնելը Ռուսաստանին հաջողեցնելու համար պետք է կաթողիկոսի կողմից եվրոպական պետությանց մոտ պատգամավորություններ նշանակել, որպեսզի դիպլոմատիական շրջաններում տրամադրություն ստեղծվի հօգուտ ռուսական նախաձեռնության եւ կոնտրոլի»։

«6. Երբ որ հարմար մոմենտ կլինի, կաթողիկոսը բախտավոր կհամարի իրեն ներկայանալ թագավոր կայսեր` իր հոտի` տաճկահայ ժողովրդի վիճակի բարելավման համար անձամբ հայցելու»։

Քանի որ փոխարքան ցույց էր տալիս բարյացակամ տրամադրություն եւ մի քանի անգամ եւս հայտնեց իր անձնական կարծիքը, թե կաթողիկոսն ու հայ ժողովուրդը, ինչպես եւ կաթողիկոսի ներկայացուցիչ Պողոս-փաշա Նուբարը, պետք է աշխատեն հաջողացնել Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ կոնտրոլի տակ ռեֆորմներ մտցնել տալու Տաճկահայաստանում, պատգամավորությունը խնդրեց, որ եթե հնարավոր է` մի նոր լրացուցիչ նամակով հանուն Վեհափառ կաթողիկոսի` հայտնի փոխարքան, թե Հայկական հարցը չի փակվում, այլ ընթացքի մեջ է եւ կարելի է նույն ուղղությամբ աշխատանքները շարունակել։

Այս կարեւոր կետի առթիվ փոխարքան հետեւյալ կերպով (մոտավորապես) գրեց.

«7. Նամակի (պատասխանի) տպավորությունն այն է, որպես թե հայկական նահանգների ռեֆորմների հարցը հերթական լինելուց դադարում է։ Կաթողիկոսից այս կետի առթիվ հարցապնդում ստանալու դեպքում տալ բացատրություն, որ ոչ թե Հայկական հարցը վերացվում է, այլ ընթացքի իր ուժի մեջ է եւ կքննվի բալկանյան հարցերի հետ միասին»։

Փոխարքան խոստացավ վերոհիշյալ յոթ կետերի մասին փոխադարձ խորհրդակցությամբ եւ իր ձեռքով կազմված ձեւակերպումները հեռագրով հայտնել Պետերբուրգ, խոստացավ նաեւ աջակցել, որ ցանկացած պատասխան ստացվի։

Այս խոսակցությունն ու խորհրդակցությունը տեւեց մոտ 2 ժամ։

Վերջում պատգամավորության կողմից Մեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքով հայտնեց շնորհակալություն փոխարքային իր բարյացակամ վերաբերմունքի համար։

Փոխարքան պատասխանեց, որ ինքը դեպի հայերը լավ է վերաբերվում, սակայն այս դեպքում գործում է որպես ռուս պետական մարդ եւ անցած համարեց Լոբանովի քաղաքականությունը։ Հայտնվեց ուրախակցություն, որ այս կարեւոր խնդրում ռուսական եւ հայկական շահերը միացած են։

Անհրաժեշտ է հիշել եւ այն, որ վերոնշյալ կետերի մասին եղած խմբագրությունը կարդաց փոխարքան երեք անգամ, իսկ երրորդ ընթերցանության ժամանակ իր գիտությամբ եւ թելադրությամբ արձանագրեց նույն կետերը Բագրատ վարդապետը` պատգամավորության համար»։

Գ

Դեկտեմբերի 26-27-ին, այո՛, կայանում էր մի խոշոր համաձայնություն։ Ի՞նչ էր դա նշանակում։

Պալատական շրջանը տանում էր մի հաղթություն, որ պիտի միանգամայն գոհացներ ժողովրդի մասին չմտածող կամ բոլորովին քիչ մտածող ազգասիրական ռոմանտիզմը։ Ռուսական դիվանագիտությունը կամենում էր իր եւ թուրքերի մասնավոր հարաբերությունների հոգս դարձնել թուրքահայ ժողովրդի ապահովությունը։ Եթե նա մտներ այդ ճանապարհի մեջ, գործեր փոքրիշատե ուշադրությամբ, հայ ժողովուրդը, եթե չստանար երազական ռեֆորմներ կամ, պարզ ասած, ինքնավարություն, գոնե փոքրիշատե մարդավայել կայունության երաշխիք կունենար։ Վերին աստիճանի բնորոշ է այն տեղեկությունը, որ տվին կաթողիկոսի պատգամավորները կոմս Վորոնցով-Դաշկովին։ Նրանք ասացին, թե ասիական Թուրքիայի վալիները, վախենալով ռուսական միջամտությունից, զսպում էին հայերին կեղեքող քրդերին եւ թուրքերին։

Հայ ժողովրդի համար այն էլ մեծ բախտ կլիներ, եթե այդ փրկարար վախը երկար պահպանվեր կառավարող օսմանների շրջանում` ռուսաց դիվանագիտության անդադար պահանջներով։ Պե՞տք է ավելացնել, որ հայերի պաշտպանության այս եղանակն ավելի քիչ աղմկավոր կլիներ, ավելի քիչ գրգռիչ, քանի որ հարց չէր դրվում Հայաստան ստեղծելու, Թուրքիայի մարմնից մի նոր չաղ կտոր խլելու մասին, այլ պահանջվում էր միայն բարեկարգել նահանգական եւ գավառական վարչությունները։ Հետո կլիներ այն, ինչ Վորոնցով-Դաշկովը ավելորդ էլ համարեց թաքցնել։ Նա մի քանի անգամ կրկնեց պատգամավորներին, թե Ռուսաստանն այժմյան աննպաստ պայմանների մեջ չի կարող գնալ եւ գրավել Թուրքահայաստանը։ Սա, իհարկե, չէր նշանակում, թե նպաստավոր պայմաններ երբեք չեն գալու։ Նվաճումը պետք է լիներ. դա միայն ժամանակի հարց էր։ Մնացածն արդեն չափազանց հեշտ կարելի էր գուշակել` թուրքահայոց հարց այլեւս չէր լինի։

Բայց հենց այս բանն էր, որ սարսափեցնում էր թուրքահայոց դատն իրենց համար մենաշնորհ դարձրած հեղափոխական կուսակցություններին եւ նրանց ենթարկված բուրժուական մտայնությանը։

Ի՜նչ հարկավոր են այսպիսի մասնավոր համաձայնություններ, մանավանդ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ հյուսիսային արջը միայնակ դնի իր թաթը Հայաստանի վրա։ Եվ հրապարակում շար ընկան հազար անգամ ծամծմած, արտաքուստ փայլուն, բայց ներքուստ ողորմելի եւ անբովանդակ կանչվռտոցները` «Մեր հարցը միջազգային հարց է, եւ այն լուծողները պիտի լինեն բոլոր պետությունները։ Տվե՛ք մեզ եվրոպական կոնֆերանս, պատգամավորություններ, պրոպագանդա, խնդրագիր եւ այլն, եւ այլն»։ Եվ նորից, այս էլ քանիերորդ անգամ` վեճեր, թե ով պիտի լինի ինքնավար Հայաստանի ընդհանուր նահանգապետը, ի՞նչ սահմաններ պիտի ունենա այդ Հայաստանը եւ այլն, եւ այլն։ Այս անգամ ավելացել էր մի նոր գայթակղություն` Պողոս-փաշա Նուբարը։ Անհատնում հարստության տեր է, մեծ պետական մարդու որդի է, կապեր ունի, ծանոթ է անգլիական, ֆրանսիական եւ շատ այլ մինիստրների հետ։ Ինչպե՞ս նրան անգործ թողնել այժմ, երբ Թուրքիան ջարդված է եւ նորից բաժան-բաժան է դառնում։

Մի խոսքով, հին կռապաշտը գտել էր ֆետիշը` Եվրոպան, ինչպես Սենեգալի խափշիկը գտնում է իր հին, կորցրած տոհմային ֆետիշը։

Ռուսաց դիվանագիտությունը չպիտի լիներ խաչվողը ցույց տալու համար, որ իր առաջարկած եղանակը համաշխարհային աղմուկ բարձրացնելու եղանակից նախընտրելի է։ Հայերի առաջարկած նախաձեռնությունն ու կոնտրոլը` նրա առջեւ բաց էին անում գործողության նոր հորիզոններ։ Բալկանյան պատերազմն ու սլավոնական պետություններից ջախջախվելն անհանդուրժելի չափերով մեծացրել էին Գերմանիայի եւ առհասարակ եռյակ նիզակակցության ազդեցությունը Թուրքիայում։ Հայկական հարցը բաց էր անում միջազգային մի մրցաշար, ուր Ռուսաստանը` իբրեւ եռյակ համաձայնության վարիչ` պիտի կռվի բռնվեր հակառակորդների հետ եւ հաղթեր նրանց հենց նույն Արեւելյան հարցի մեջ։ Միակ բանը, որի մեջ զիջում չարեց Ռուսաստանը, այն էր, որ Հայոց հարցը չդրվեց Լոնդոնի կոնֆերանսում։ Նա հարուցվեց իբրեւ առանձին հարց` երկարատեւ դիվանագիտական բանակցությունների միջոցով, որոնց մեջ մասնակցում էին բոլոր մեծ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանները։ Բայց գլխավոր կենտրոնավայրը մնում էր Կ.Պոլիսը։

Այդտեղի ռուսական դեսպան Գիրսը247247
  Տեքստում գրված է «Հերս», որ ճիշտ չէ։ Խոսքը 1882-1895թթ. Ռուսաստանի արտգործնախարար Նիկոլայ Կարլովիչ Գիրսի (1820-1895) որդի Միխայիլ Նիկոլաեւիչ Գիրսի (1856-1932) մասին է, ով 1911-1914թթ. եղել է Ռուսաստանի դեսպանը Կ.Պոլսում։ Վախճանվել է էմիգրացիայում։


[Закрыть]
ցույց էր տալիս արտակարգ եռանդոտ գործունեություն` միշտ կռթնած հայոց պատրիարքարանի վրա, ուր առաջնակարգ գործուն դեր կատարում էր Դաշնակցությունը։ Մեծ եռանդով գործում էր նաեւ Պողոս-փաշա Նուբարը։ Ամենուրեք կազմվել էին հայկական կոմիտեներ (Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պետերբուրգ), որոնք անմիջապես կապված էին իրար հետ, իրար աջակցում էին փոխադարձաբար։ Մեծ դիվանագիտական կենտրոն էր դարձել Էջմիածինը, ուր Գեւորգ կաթողիկոսը տեղեկություններ եւ տեղեկագրեր էր ստանում աշխարհի բոլոր կողմերից եւ իսկույն դրանց պատճեններն ուղարկում էր Թիֆլիսի իր խորհրդականին եւ օգնականին` Ազգային բյուրոյին։ Կ.Պոլսի պատրիարքն էլ իր զեկուցումներն էր ուղարկում բյուրոյին, հրահանգներ խնդրում։ Նրա գրագրությունների մեջ երբեմն պատահում էին չափազանց կարեւորները։ Այսպես բյուրոյի քննությանն էին ենթարկվում ռեֆորմների այն ծրագրերը, որոնք կազմվում էին հայկական շրջաններում (նախեւառաջ Դաշնակցության Կ.Պոլսի մարմնի մեջ)։ Բայց ի՞նչ քննություն կարող էր լինել այդտեղ։ Այդ ժամանակ ես էլ ընտրվել էի բյուրոյի անդամ եւ կարող եմ վկայել, որ այդ մարմինը միանգամայն անձեռնահաս էր այդպիսի մի խոշոր դիվանագիտական առաքելություն կատարելու համար։ Ամենքն էլ, ինքնըստինքյան, բարի ցանկություններով օժտված մարդիկ էին, բայց միանգամայն բոբիկ` Արեւելյան եւ Հայկական հարցերի ըմբռնողության կողմից։ Ո՛չ պատմություն գիտեին, ո՛չ ծանոթ էին անհուն գրականության գեթ մի մասին։

Գոնե կազմվեին ենթամասնախմբեր` հարցերը (տնտեսական, քաղաքական, վարչական, դիվանագիտական) մանրամասն քննելու եւ վերլուծելու համար։ Բայց այսպիսի աշխատանքների անընդունակ էին նրանք։ Ամենքը չափազանց զբաղված էին այս «ազգասիրական» գործով իմիջիայլոց` մի քիչ ժամանակ գողանալով իրենցից։ Ես հիշում եմ մի զեկուցում, որի հեղինակն ասում էր, թե ինքը ռեֆորմների ծրագրին ծանոթացել է Բաքու գնալիս, վագոնում…

Չէր լսվում երկրի ձայնը։ Լուռ էր մեծ նահատակը` իր արյուն գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը։ Եվ իբրեւ թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը` թե՛ Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե՛ Ներսիսյանի լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը, թե՛ Ավենյու դյու Տրոկադերո փարիզյան փողոցի վրա իր սեփական վիլլան ունեցող մեծափարթամ փաշան, թե՛ Պետերբուրգի նավթային կրեսոսը։ Ամենքը փրկում էին Մուշի եւ Վասպուրականի ջրատարին, քրդի ճորտ ռանչպարին, փրկում էին պապերի եւ նախնիների ավանդած միջոցներով։

Խե՜ղճ ժողովուրդ, անտեր ժողովուրդ։ Ոչ ոք չէր մտածում, թե ինչ կլինեն դիվանագիտական շքերթները։ Հայ ժողովրդի արմատական դժբախտությունն այն է եղել, որ նրա մեջ դիպլոմատ, դիվանագետ տարրը միշտ եղել է հոգեւորականությունը։ Այս ինձ համար ապացուցված փաստ է հազարավոր օրինակներով` սկսած մեծահռչակ Ներսես Մեծից ու Սահակ Պարթեւից եւ եկած մինչեւ Հովսեփ Արղությանը248248
  Հովսեփ Արղության (1743-1801) – Զաքարյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս։ Ռուսաստանում գաղթական հայերի համար հիմնել է Նոր Նախիջեւան եւ Գրիգորիուպոլիս քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր։ Կապերի մեջ է եղել Վրաց եւ Ռուսաց արքունիքների հետ։ Ձգտում էր ռուսների օգնությամբ ստեղծել հայկական պետություն։ Ի դեպ, Լեոն 1902թ. Թիֆլիսում առանձին աշխատություն է հրատարակել նրա մասին։


[Закрыть]
, Ներսես Աշտարակեցին, Մատթեոս Չուխաճյանը, Գեւորգ Բրուսացին249249
  Խոսքը 1844-1858թթ. եւ 1861-1866թթ. արեւմտահայ Բրուսայի (Բուրսայի) թեմի հոգեւոր առաջնորդ, 1858-1860թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք Գեւորգ Բ Քերեստեճյանի (1813-1882) մասին է, ով դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի՝ 1866-1882թթ.։


[Закрыть]
, Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը250250
  Մաղաքիա (Պողոս) Օրմանյան (1841-1918) – Պատմաբան, բանասեր, ազգային-պահպանողական հասարակական-քաղաքական գործիչ, խոշորագույն գիտնական, ազգագրագետ, 1896-1908թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք. պաշտոնանկ է արվել երիտթուրքերի հեղափոխության հայ գործակիցների ձեռքով։ Անզուգակական «Ազգապատումի» հեղինակ։


[Закрыть]
եւ վերջացրած մեր երեկվա դիպլոմատներով` Գեւորգ Սուրենյանցով, Մեսրոպ Տեր-Մովսեսյանով, Բագրատ Վարդազարյանով, [Հովհաննես] Արշարունի եւ Զավեն [Տեր-Եղիայան] պատրիարքներով, եթե կամենում եք, նաեւ Խորեն Մուրադբեկյանով251251
  Հայ բարձր հոգեւորականներ, տե՛ս համապատասխան Հավելվածները։


[Закрыть]
։ Ոչ ոք խելահասություն չունեցավ գեթ անցյալի հետ մի թեթեւ համեմատություն դնելու։ Ոչ ոք չասաց իրեն, թե 1895-1896-ին Անգլիան պակաս ուժեղ եւ հեղինակավոր չէր, քան Ռուսաստանը 1912-1913-ին, եւ այնուամենայնիվ նրա պաշտպանած հայերը ջարդվեցին հարյուր հազարներով։

Ոչ ոք միտը չբերեց, որ բավական չէ նույնիսկ այն, որ սուլթանը ստորագրում է հայկական դժբախտ ռեֆորմները։ Ապացույց` 1895-ի հոկտեմբերը, երբ Աբդուլ-Համիդը ստորագրեց մայիսյան ռեֆորմները, որպեսզի իսկույն այդ թղթի կտորը հայ կարմիր արյան լճի մեջ ընկղմի։ Ոչ ոք չուզեց իմանալ, որ Բեռլինում բանկիրները, մետաղագործական կապիտալիստներն ավելի գիշատիչ էին դարձել` գազանային անկշտությունից բորբոքված, իսկ նրանց ծառա Վիլհելմ Հոհենցոլեռնը` ավելի եւս աներես, ավելի եւս ցինիկ։ 1895-1896-ին մի պաստոր Հեյման էր, որ իր Քրիստոսի անունով հավատացնում էր, թե արժեր, որ թուրքերը կոտորեին հայերին, իսկ այժմ` 1913-ին, մի «հայասեր» էր (օ՜, հայասեր) Պաուլ Ռոհրբախ252252
  Դ-ր Պաուլ Ռոհրբախը (1869-1956) գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, արեւելագետ, հրապարակախոս եւ «նշանավոր գեոպոլիտիկ» է եղել (վերջին բնորոշումը ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից հարցաքննված Գ.Նժդեհինն է), ինչպես նաեւ եղել է Գերմանա-թուրքական եւ Գերմանա-հայկական ընկերությունների գործուն անդամ, նաեւ՝ վերջինի նախագահը՝ Լեփսիուսից հետո։ Հաշվի առնելով Ռոհրբախի դիվանագետ (նա աշխատել է կայզերական արտաքին գործերի նախարարությունում, մասնավորապես՝ Աֆրիկայում գերմանական գաղութների վերաբնակեցման հարցերի ղեկավար – տե՛ս Ա.Հայրունի, Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Ե., 2002թ., էջ 67) եւ գերմանական շահերին նվիրված հայրենասեր լինելու հանգամանքները, բավականին հիմնավոր է հնչում Լեոյի այս տեղեկությունը։ Մյուս կողմից՝ արեւմտահայերին տեղահանելու եւ Բեռլին-Բաղդադ երկաթուղու երկայնքով բնակեցնելու գաղափարը որոշ ժամանակ եղել է ընդհանրապես համաեվրոպական գեոստրատեգիական մոտեցումների գզրոցում (այս մասին տե՛ս Թոմաս Էդուարդ Լոուրենս Արաբիացի, Այդ անտանելի հայերը, Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 3, Ե., 2001թ. եւ երկրորդ հրատարակություն՝ 2004թ.)։


[Закрыть]
, որ առաջին անգամ սրիկա-հայասիրական խորհուրդ էր տալիս թուրքերին, որ հայերին Ռուսաստանի ազդեցությունից ազատելու համար պետք է նրանց հեռացնել ռուսական Հայաստանի հարեւանությունից եւ, հանելով իրենց երկրից, բնակեցնել Բաղդադի երկաթուղու երկարությամբ` գետին մշակելու եւ գերմանական փողատերերի համար նույնպիսի ստրուկներ դառնալու համար, ինչպիսին էին նեգրերը Գերմանիայի աֆրիկյան գաղութներում։

Ահա ինչեր չիմացան մեր վեղարավոր եւ անվեղար դիպլոմատները։ Եվ արդյո՞ք պակասում էին փաստեր, որոնք հարկադրեին փոքր-ինչ ուղեղ շարժել։ Ինձ մոտ կա մի նամակ, որ գրված է դեկտեմբերի 26-27-ի տեսակցությունից հետո անմիջապես։ Թույլ տվեք, որ խոսի այդ թուղթն էլ գեթ իր մի քանի պերճախոս հատվածներով253253
  Այս իրադարձությունների փաստագրությունը տե՛ս «Հայաստանը միջազգային դիվանագիտական եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», էջ 149-368։


[Закрыть]
։

«Թիֆլիսից վերադարձա եւ տանս գտա երկու նամակ Պետերբուրգից եւ Կ.Պոլսից։

Պետերբուրգից Ղուկասյանը եւ Սաղաթելյանը ներկայացել են Կոկովցեւին, սա ասել է. «Կայսրը հաճ է դեպի հայերը, ռուս կառավարությունը հայկական խնդիրը կպաշտպանի ոչ թե Լոնդոնի, այլ հետո կայանալիք կոնֆերանսում»։ Պետք է աշխատել Անգլիայում եւ Ֆրանսիայում տրամադրություն ստեղծել, մի խոսքով` կրկնել է մոտավորապես այն, ինչ որ ինձ էր ասել։

Սազոնովը հայտնել է, [թե] Տաճկաստանում հայեր չկան, նույնիսկ Վանում նոցա տոկոսը 16 է. ռուսները կամենում են այդտեղ ունենալ բուֆեր, եւ այդ նպատակի համար նոքա գերադասում են քրդերին։ Սազոնովին այդ գաղափարը ներշնչել է Միլլերը` Թավրիզի նախկին հայատյաց կոնսուլը, որ այժմ նշանակված է Թիֆլիսում խորհրդատու փոխարքային։

Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կերպ տրամադրելու` համոզելով եւ խնդրելով։ Կաթողիկոսը եթե թույլ տա, տոներից հետո ես կգնամ Թիֆլիս եւ այնտեղ էլ կմնամ եւ կաշխատեմ։

Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին, տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ եւ խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային։ Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի254254
  Գաբրիել Նորատունկյան (1852-1936) – Հայազգի դիվանագետ, 1875-ից աշխատել է Թուրքիայի արտգործնախարարությունում, 1912-13-ին եղել է Թուրքիայի արտգործնախարարը, եղել է «հայկական օջախի» կողմնակից։


[Закрыть]
թելադրությամբ եւ խորհրդով։ Նամակագրի ասելով՝ դրությունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառի` տերությունը կամ ազգը, եւ վաճառում է ազգը։ Իբրեւ ապացույց բերում է այս փաստը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է իբրեւ «երեւելի» խորհրդակցության` արհամարհելով Ազգային ժողովի որոշումը։ Երկրորդ` չորս երեւելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցմունքները եւ խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչեւ անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին։ Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը եւ իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե՛ ազգային վարչությունը եւ թե՛ Պողոս-փաշային։ Գրողն է Վահան Փափազյանը255255
  Վահան Փափազյան (Կոմս) (1876-1973) – ՀՅԴ ղեկավար մարմնի՝ բյուրոյի երկարամյա անդամ, օսմանյան Խորհրդարանի պատգամավոր, Սասունի եւ Մուշի ինքնապաշտպանության կորստաբեր մարտավարության համահեղինակ (Ռուբեն Տեր-Մինասյանի հետ), Հայաստանի պաշտպանության խորհրդի նախագահ, գրել է «Իմ յուշերը» վերնագրով գիրք (Բոստոն, 1950), ուր մյուսների պես փորձել է արդարանալ։


[Закрыть]
։

Պողոս-փաշա եւ Հ. Առաքելյան հեռագրով խնդրել են կաթողիկոսին` պատգամավորներ չուղարկել Ահարոնյանին եւ Սահակ եպիսկոպոս Այվատյանին։ Այսօր հեռագրեցինք, որ լուրն անհիմն է, որ ինքն էլ ոչ ոքի չպիտի դիմե պատգամավորության համար եւ պիտի հրահանգ ընդունե Էջմիածնից։

Նրան եւ պատրիարքարանին գրվելու է երկար նամակ.

1) Փոխարքայի եւ մեր տեսության թղթերի պատճենները պիտի ուղարկենք։

2) Նա դեռ պիտի մնա պատգամավոր, եթե քայլեր անելու լինի, համաձայնեցնե փոխարքայի 7 կետերի սկզբունքներին։

3) Հարցնե եւ մեզ տեղեկացնե Արթին Յաղուբ-փաշայի համաձայնությունը։

…Իմ կարծիքն է, որ ռուսաց կառավարչական շրջաններում երկու հոսանք կա` հօգուտ եւ ի վնաս մեզ։ Փոխարքայի տատանումները եւ Պետերբուրգի նամակը այդ են ապացուցանում։ Լրագրությունը, Կոկովցեւը եւ փոխարքան առերեւույթ մեր կողմն են։ Սազոնով, Միլլեր եւ այլք` հակառակ։ Ծանր է այդ կացությունը, բայց ոչ հուսահատական. լուրջ եւ անձնվիրաբար աշխատանքները գուցե մի օգնություն անեն։

…Վերջին լուրերն այնքան էլ հուսահատական չեն։ Նամակներ ենք ստացել պատրիարքից, Պողոս-փաշայից, Յաթուճյան եպիսկոպոսից եւ մասնավոր անձերից։ Ստացել ենք նաեւ հեռագրեր եւ հարկավոր կարգադրություններն արել։

…Ամսիս 2-ին պարոն Նուբարը հեռագրով խնդրեց լրացնել պատգամավորությունը բացառապես Թուրքիայի հայերից` Արթին Յաղուբ-փաշա, Հարություն Մաստիճյան, Մինաս Չերազ եւ Գեւորգ եպիսկոպոս Յաթուճյան։ Ի նկատի ունենալով, որ նա այդ հեռագիրն ուղարկել էր` անկասկած նոր տեղեկություն ստացած լինելով եւ մեր կողմից շատ հարմար գտնելով նրա առաջարկած անձանց, եւ` որ նա խնդրում էր շտապեցնել պատգամավորների կարգումը, հեռագրով եւ ապա կոնդակներով կատարվեց նրա ցանկությունը։

…Նուբարի նամակը շատ բան պարզեց։ Նա շնորհակալություն է հայտնում կաթողիկոսին իր վրա ունեցած վստահության մասին, խոստանում է չխնայել իր աշխատանքը եւ անում է` ինչ կարող է։ Նա գրում է, որ չստանալով իր ծանոթ հեռագրի պատասխանը, դիմել է անձամբ Իզվոլսկուն256256
  Իզվոլսկի Ալեքսանդր Պետրովիչ (1856-1919) – Ռուսաստանի արտգործնախարար 1906-1910թթ., ի թիվս այլ դիվանագիտական պաշտոնների՝ Լոբանով-Ռոստովսկու ղեկավարությամբ աշխատել է Բալկաններում։


[Закрыть]
, իսկ նա անմիջապես հեռագրով հարցրել է Պետերբուրգ իր տալիք պատասխանի համար։ Այդ բանը հանդիպել է բարեբախտաբար այն ժամանակ, երբ փոխարքայի հարցերն արդեն Պետերբուրգ էին հասել եւ մինիստրությունը գիտեր մեր տեսակետն ու հայացքը։ Առերեւույթ մեր ցանկության համաձայն` հեռագրել են Իզվոլսկուն, թե թող պատգամավորությունը մնա եւ գործի նախամտածված ծրագրով։ Ուստի եւ Պողոս-փաշան հեռագրով խնդրեց եւ ստացավ պատգամավորության լրացումը։ Փաշան գրում է, որ Իզվոլսկու եւ Պուանկարեի257257
  Ռայմոն Պուանկարե (1860-1934) – Ֆրանսիայի արտգործնախարար եւ վարչապետ 1912-13-ին, նախագահ՝ 1913-20-ին, կրկին վարչապետ՝ 1922-24-ին եւ 1926-29-ին։


[Закрыть]
խորհրդով` Լոնդոնի ժողովում չպիտի դնեն Հայկական հարցը, հայերն այդ ուղղությամբ չպիտի աշխատեն, այլ այդ հարցը կդնեն եւ կլուծեն եռապետյան համաձայնության անդամները` անմիջապես Լոնդոնի ժողովից հետո. հայոց պատգամավորությունը պետք է ջանք եւ աշխատանք գործ դնի հասարակական կարծիքը եւ որոշ չափով նաեւ երեքպետյան դաշնակցության կառավարությունների տրամադրությունը նպաստավոր կացուցանել հայերի համար։ Այդ նպատակին հասնելու համար նա անձամբ պիտի գնա Բեռլին եւ Վիեննա եւ աշխատի այդ ուղղությամբ։

…Յութուճյանը գրում է, որ Գրեյն իրեն եւ երկու տեղացի հայերի ընդունելություն չի նշանակել, հասկացրել է, որ Լոնդոնի ժողովում հայերին ձեռնտու չէ հարց հարուցանել, պիտի սպասել։ Պատրիարքը Կ.Պոլսից հեռագրով խնդրել էր պատգամավորություններ չուղարկել Լոնդոն, նույնը հաստատում է նամակով։ Մասնավոր նամակով ինձ գրում են, որ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի` Պոլսո դեսպանատներից տեղեկացել են մոտավորապես հետեւյալը. Հայոց հարցը չպիտի դնել Լոնդոնում, որովհետեւ մյուս պետություններն այդ հարցը առեւտրի առարկա կդարձնեն (ընդգծումն իմն է – Լեո). իմանալով, որ տաճիկը չափազանց դեմ է, իրենք էլ կաշխատեն տապալել այդ հարցը` փոխարեն իրենց համար ստանալիք օգուտների։

…Մեզ համար ներկայումս մի բան պարզ է, որ ռուսական տեսակետը ընդունվել եւ պաշտպանվում է եռապետյան համաձայնության կողմից, որ նոքա ժամանակավորապես թողնում են մեր հարցը եւ խոստանում են առաջիկայում առաջ մղել Թուրքիայի դեմ` առանց մյուս երեք տերությունների։ Այդ քայլի պատմական հիմունքն է 1895թ. ծրագիրը, որ դարձյալ այդ երեք տերություններն էին նախագծել։

…Պատրիարքի եւ այժմ նաեւ Եվրոպայի կարծիքն է` ամենեւին չդիմել թուրք կառավարությանը, հավատ չընծայել նրա խոստումներին եւ որեւէ բանակցությանց մեջ չմտնել նրա հետ։

…Այդ կողմից շատ հետաքրքիր են մանավանդ նամակագրի հաղորդած տեղեկությունները։ Ըստ ամենայնի, վստահելի մի անձնավորություն իր նամակի մեջ համառոտակի եւ փաստալի նկարագրում է հարցի զանազան ֆազերը Թուրքիայի կառավարության շրջաններում։ Երեւի հիշում են Սազոնովին իմ տված պատասխանը, երբ նա ինձ ասաց Պետերբուրգում, թե հայերը այժմ կարող են հանգիստ լինել, քանի որ մեծ վեզիրը Քյամիլն է. ասացի, որ նախկին ջարդերի մեջ Քյամիլը մեծ բաժին ունի, որ դարավոր փորձից հետո չափազանց միամտություն կլիներ որեւէ տաճիկ պետական մարդու հավատ ընծայել։ Նամակագիրը գալիս է մի անգամ էլ հաստատելու այդ չարաբախտ ճշմարտությունը։

…Նա գրում է, որ երբ հայոց, ապա նաեւ եվրոպական լրագրերը սկսեցին Հայոց հարցի մասին գրել, կառավարությունը կատաղեց, կիսապաշտոնական թերթերը սկսեցին ջարդի սպառնալիքներ կարդալ։ Պատրիարքը դիմեց կառավարությանը՝ անհետեւանք, ապա միջամտեց ռուսաց դեսպանությունը. թերթերի լեզուն փոխվեց եւ մինիստրությունն ինքը սկսեց մտածել ռեֆորմների մասին։ Այդտեղ հանդես է գալիս Նորատունկյանը, որի խորհրդով հրավիրվում են հայ «երեւելիները», որոնց հետ նախապես գաղտնի խորհրդակցում է եւ հարկավոր հրահանգները տալիս։ Ժողովուրդն իմանում է, հուզումը մեծանում է, մարդիկ են գնում Օրմանյանի եւ ընկերների մոտ` խնդրելով ստիպում են ազգի իրավանց դեմ չգործեն։ «Երեւելիները» հրաժարվում են, Նորատունկյանը հրավիրում է վարչության անդամներից Պալաքյան վարդապետին եւ Ստ. Կարայանին, սոցա համոզում է բավականանալ տաճկի տվածով, չդիմել Եվրոպա։ Այդ էլ անհաջող է անցնում։ Հրապարակ են հրավիրում «Բյուզանդիոն» եւ մի քանի թերթեր, որոնք գրում են ռուսական միջամտության դեմ` ակնհայտ վիրավորական տոնով։ Աշխատանք է գործ դրվում` տապալելու ազգային ներկա վարչությունը եւ ազդելու Պողոս-փաշայի վրա։ Պոլսում գիտեն այդ բոլոր մեքենայությունները, զգույշ են եւ համերաշխ։ Երանի թե տեւի։

…Հանելուկ է Նորատունկյանի դերը։

1913թ. 8-ն հունվարի

Մեսրոպ եպիսկոպոս

Էջմիածին»։

Հիացուցիչ տեսարան է ներկայացնում այս զուտ հայկական դիվանագիտական նամակը նախեւառաջ եւ այն տեղի վերաբերմամբ, ուր նա գրված է։ Թերթեցեք հայոց պատմությունն ամբողջովին, եւ դուք կտեսնեք, որ Վաղարշապատի գլխավոր վանքը երբեք այդ դրության մեջ չի եղել։ Մի ժամանակ Երեւանի խաներն ու խանզադները, բեկերն ու բեկզադները, երբ չափազանց շատ էին ձանձրանում իրենց մայրաքաղաքի մեռելությունից, վեր էին կենում մեծ խմբով գնում էին Էջմիածին, հարկադրում էին կաթողիկոսին եւ միաբաններին, որ նրանք հագնեն իրենց ամենահարուստ զգեստները եւ զանազան հանդիսավոր արարողություններ կատարեն, օրինակ` պատարագ, պսակ, կնունք, ձեռնադրություն, իսկ նրանք նստում էին փափուկ փռոցների վրա եւ թամաշա էին անում դրանց` իբրեւ թատերական ներկայացումներ։

Այսպիսի օրեր Արարատյան Մայր աթոռը շատ էր տեսել։ Բայց որ նա փոխարկվեր մի Quai d’Orsay-ի258258
  Ֆրանսերեն՝ արտգործնախարարություն։


[Закрыть]
, մի Foreigne Office-ի259259
  Անգլերեն՝ օտարերկրյա ծառայություն, գործակալություն։


[Закрыть]
, ուր պուանկարեները, իզվոլսկիները, գրեյները, սազոնովներն են զեկուցում բերողները եւ վեհափառ, սրբազան, հայր-սուրբ, գուցե եւ` տիրացու դիպլոմատներից են հրահանգվում, այդպիսի բան երբեք չէր տեսել։ Գեւորգ Ե-ի մասին ասում էին, թե նա բախտավոր մարդ է գեթ այն կողմից, որ նրան հաջողվել էր դնել Հայոց հարցն ամբողջովին եւ հասնել բավարար լուծման։ Բախտավո՜ր։ Այսօր հայոց կաթողիկոսն, անկասկած, շատ պինդ է ըմբռնել, որ լուսնի տակ բախտ ու բախտավորություն չկա։ Մնալ առանց ժողովրդի, տեսնել մի ամայացած Թուրքահայաստան… Բա՞խտ է սա, թե հավիտենական անեծք։ Հայ հոգեւորական անեծք։ Հայ հոգեւորական դիպլոմատիան260260
  Այս մասին Լեոն առավել մանրամասնորեն եւ հիմնավոր գրեց «Խոջայական կապիտալում» (Ե., 1934թ.), որտեղ այս երեւույթն անվանեց «կղերական դիվանագիտություն»։ Նույնը Վահան Տերյանը 1914թ. կարդացած իր նշանավոր զեկուցման մեջ («Հայ գրականության գալիք օրը», Ե., 1989թ., էջ 288-350), անվանել է «սեմինարիզմ»։


[Закрыть]
իր դարավոր միամտության մեջ դեռ այսքան զարհուրելիորեն չէր խորտակվել։

Ես վերեւում ասացի, որ հայ ժողովրդի հնագույն դժբախտությունն այն է եղել, որ նրա դիվանագիտական գործերը գտնվելիս են եղել հոգեւորականության ձեռքում։ Տեսեք Էջմիածնի գլխավոր դիվանագիտական ղեկավարին այս նամակի մեջ։ Առաջին օրինակ` Թավրիզի ռուսական հյուպատոսը, ոչ իհարկե առանց թվական հիմքերի, հաստատում էր, թե հայերը Թուրքիայում մեծամասնություն չեն կազմում, թե Վանում անգամ նրանց թիվը 16 տոկոսից ավել չէ։ Վիճակագրությունը կա՛մ պետք էր հերքել, կա՛մ ընդունել։ Մեսրոպ եպիսկոպոսն այնպես էր հասկանում դրությունը, որ եթե հյուպատոս Միլլերն այդպես է ասում, պատճառն այն է, որ նա «հայատյաց» է։ Եվ առաջարկում է աշխատել, որ նրա տրամադրությունը փոխվի, իսկ այդ կարելի է նրան համոզելով եւ խնդրելով։ Խնդրանքի վրա հոգեւորական դիպլոմատիան այնքան մեծ հույսեր ուներ, որ կարծում էր, թե խնդրելով թվանշաններն անգամ կկորցնեն իրենց բովանդակությունը եւ միանգամայն «հայասիրական» կերպարանք կառնեն։

Երկրորդ օրինակ` Կ.Պոլսի պատրիարքը եւ Էջմիածնի դիպլոմատները հաստատ վճռած են, որ Հայոց հարցի լուծման մեջ ոչ մի մասնակցություն չունենա թուրք կառավարությունը. այսինքն` որ Եվրոպան հրամայի, իսկ թուրքը ձեռքը կրծքին դրած անմռունչ կատարի այդ հրամանը։ Հնարավո՞ր էր այդ։ Էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն էր նա, որ այդպես պիտի վարվեին նրա հետ։ Թուրք կառավարությունը եթե կատաղում էր հայերի վրա էլ, Հայոց հարցի վրա էլ, պատճառը հենց օտար միջամտությունն էր։ Ամեն մի միջամտությունից թուրքը սարսափում էր, որովհետեւ ամեն մի միջամտություն նշանակում էր նրանից մի չաղ կտոր պոկել։ Ճիշտ է, Թուրքիային հարկադրեցին չմասնակցել դեսպանական թարգմանների խորհրդակցության մեջ, բայց այդպիսի վիրավորանքները հե՞շտ են մոռացվում։ Ջեմալ-փաշան261261
  Ջեմալ-փաշա Ահմեդ (1872-1922) – Երիտթուրքական եռապետության անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել Մեծ եղեռնի իրականացման գործում։ 1919-ին Կ.Պոլսի ռազմական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահվան։ Թիֆլիսում սպանվել է Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի կողմից։


[Закрыть]
(սպանված Թիֆլիսում) իր հուշերի մեջ մեծ դառնությամբ է խոսում 1913 թվականի մասին, երբ Հայոց հարցն արծարծվում էր մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիան ծանր դրության մեջ էր գտնվում` ստորագրած լինելով Լոնդոնի դաշնագիրը, որը խլել էր նրա գրեթե բոլոր եվրոպական հողերը։ Եվ հիշելով ռեֆորմների այն ծրագիրը, որ մշակել էր ռուսաց դեսպանությունը, նա բացականչում է. «Կարելի՞ է մի մեծ կայսրության ազգային փոքրամասնության պաշտպանության պատրվակով անամոթաբար առաջարկել մի անկախ պետության այստեսակ մի ծրագիր»…

Այս խոսքերը ցույց էին տալիս, թե երիտթուրքերը, թեեւ տկարացած եւ պարտված, դյուրագրգիռ էին իրենց պետության իրավունքներն ու պատիվը պաշտպանելու համար։

Մենք կարծում էինք, թե կարելի է մի պետության` ուժով, ստիպողաբար հարկադրել բարեկարգվել։ Հարց է, որ եթե ինքը` Կ.Պոլսի հայոց պատրիարքը, ունենար մի անկախ Հայաստան, չէ՞ր վրդովվի եւ չէ՞ր ասի, թե այդ ո՞ր արդարությամբ է, որ իմ երկրի մեջ կարգադրություններ եք անում` առանց ինձ հարցնելու262262
  Սա չափազանց հետաքրքիր դիտարկում է, որ ցույց է տալիս, թե նույնիսկ հայ հոգեւորական միտքն էր դուրս քրիստոնեական էությունից, որի ավետարանական Ոսկե օրենքն է. «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն»։


[Закрыть]
։

Բայց մեր վեղարավոր դիպլոմատներն ասում էին, թե թուրքին չպետք է հավատ ընծայել։ Հավատ ընծայել դիվանագիտական գործերի մեջ ո՞ւմ կարելի է արդյոք` Վորոնցով-Դաշկովի՞ն, Նիկոլայի՞ն, Լլոյդ Ջորջի՞ն263263
  Դեւիդ Լլոյդ Ջորջ (1863-1945) – Անգլիայի լիբերալ վարչապետ 1916-1922-ին։ Մինչ այդ զբաղեցրել է առեւտրի, ֆինանսների, ռազմաարդյունաբերության, ռազմական նախարարի պաշտոններ։ Նրա օրոք Իռլանդիայի մի զգալի մասը ստացավ դոմինիոնի կարգավիճակ։


[Закрыть]
, թե՞ Բրիանին264264
  Արիստիդ Բրիան (1862-1932) – Ձախ հոսանքի ֆրանսիական քաղաքական գործիչ, որ 6 անգամ վարչապետ է դարձել։ 1906-ին եղել է կրոնի, ապա կրթության եւ մշակույթի նախարար, 1909-1911-ին՝ վարչապետ, 1913-ին՝ կրկին վարչապետ, 1914-1915-ին փոխվարչապետ, 1915-1917-ին՝ կրկին վարչապետ եւ արտգործնախարար, 1921-ին՝ վարչապետ, 1925-1927-ին՝ արտգործնախարար եւ վարչապետ, 1929-ին՝ վարչապետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1926)։


[Закрыть]
կամ Կլեմանսոյին, կամ նույնիսկ պոռոտախոս Վիլսոնի՞ն265265
  Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) – ԱՄՆ 38-րդ նախագահը (1913-21) դեմոկրատական կուսակցությունից։ Նա քարտեզագծեց հսկայական Արեւմտյան Հայաստան, որը, սակայն իրականություն չդարձավ դաշնակցական Հայաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրի (Հայաստանը հրաժարվեց Սեւրի դաշնագրից), Հայաստանի խորհրդայնացման եւ այլ պատճառներով։ Վիլսոնի ջանքերով Հայաստանում բացվեցին մանկատներ, ցուցաբերվեց հսկայական օժանդակություն, ինչի շնորհիվ սովամահությունից փրկվեց Արեւելյան Հայաստանը՝ իր հոծ գաղթականությամբ։ Վիլսոնի հարցում Լեոն արդարացի չէ։


[Закрыть]
։ Սրանց հավատ ենք ընծայել ավելին, քան հարկավոր էր. անսահմանորեն, երեխայի սրտաբացությամբ եւ անկեղծությամբ։ Բայց ի՞նչ է նստել մեզ այդ հավատը։ Հաշվեցեք մեր զոհերը։ Հաշվելն անգամ անհնար է։ Ո՞վ այսօր չի ասի, թե ոչ մի Քերզոն266266
  Ջորջ Նաթանիել Քերզոն (1859-1925) – Անգլիայի պահպանողական արտգործնախարար 1919-1925-ին։ «Անգլիան չունի մշտական դաշնակիցներ եւ մշտական թշնամիներ, Անգլիան ունի մշտական շահեր» արտահայտության հեղինակ։


[Закрыть]
, ոչ մի Պուանկարե լավ չէ մի Թալեաթ-փաշայից կամ Ջեմալ-փաշայից։ Եթե մենք համայնական խելք ունենայինք, այս կասեինք ոչ թե այժմ, այլ 1913-ին` մեծ աղետների նախօրյակին, որովհետեւ Հայոց հարցի պատմությունը վաղուց է այս ապացուցել մեր մեծ ջարդերի դասերով։

Մեր վեղարավոր դիպլոմատներից ծածուկ չմնաց եւ այն սոսկալի, հավիտյան ապրող ճշմարտությունը, թե Հայոց հարցը կարող է առեւտրի առարկա դառնալ մյուս պետությունների համար։ Ոչ թե կարող էր դառնալ, այլ պիտի անպատճառ դառնար, ինչպես դարձել էր Սան-Ստեֆանոյի առաջին իսկ օրերից։ Բայց Էջմիածնի, պատրիարքարանի եւ այլ վանքերի անուղղելի միամիտները հավատացած էին, թե Հայոց հարցն առեւտուր չեն շինի ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Անգլիան եւ ո՛չ Ռուսաստանը, այսպես անվանյալ, եռյակ համաձայնության պետությունները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սրանք շատ են սիրում հայերին։ Հենց միայն տեսեք, թե Ֆրանսիայում ինչ ահագին հայասիրական գրականություն է կազմվել։ Պոլ Դեշանելը267267
  Պոլ Դեշանել (1855-1922) – Նաեւ Ֆրանսիայի նախագահ, 1920-ին։


[Закрыть]
` ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը, ջերմ հայասեր է եւ ամեն մի միտինգում ճառեր է արտասանում, թե հայերը Թուրքիայում անպատճառ պիտի ազատություն ստանան։ Այո՛, այս բոլորը կա` ե՛ւ գիրք ու երգ, ե՛ւ նվագ ու ճառ, ե՛ւ զեղմունք ու խանդաղատանք… բայց այս բոլորը ոչինչ է։ Եվ հրամայողը կծծի, գրոշանոց շահն է։ Եվ նույն Պոլ Դեշանելի նախագահության ժամանակ Արիստիդ Բրիանի մինիստրությունը ծախեց Թուրքիայի հայությանն այնպիսի սրիկայությամբ, որպիսին կարելի է գտնել գուցե միմիայն մարդկային ամենաընկած շրջանների մեջ268268
  Նկատի ունի Ֆրանսիայի կողմից Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելը։


[Закрыть]
։

Թուրքիայում գտնվեց մի հատ պետական մարդ, որ փորձեց թուրք կառավարության հետ խոսել, համաձայնություն որոնել։ Դա Գաբրիել Նորատունկյանն էր` Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի մինիստրը։ Նա շատ աշխատեց, որ հայերը Եվրոպային չդիմեն։ Բայց հայտնի է, թե ամբոխային դատողությունն ինչպես է վերաբերում այդպիսի մարդկանց` «Նորատունկյանը դավաճան է, վաճառում է ազգը»։ Բռնությամբ հեռացնում էին այդ չորս հայերին, ովքեր կառավարության կողմից հրավիրված էին բանակցությունների համար։ Եվ վեղարավոր դիպլոմատները հրճվանքի մեջ էին, որ մեկուսացրին իսկական դիվանագետին, որի կարողությունները խոստովանում էին նույնիսկ եւ եվրոպացի դիվանագետները։

Կատարյալ հաղթանակը մնում էր եվրոպապաշտությանը։ Ցարական կառավարության հրատարակած «Նարնջագույն գրքի» մեջ բերված են բոլոր մանրամասնությունները։ Ես այդ ռեֆորմների վերջին ծրագրի պատմությունը չեմ գրում։

1914-ի գարնանը կոմս Վորոնցով-Դաշկովը պաշտոնական նամակով շնորհավորեց Գեւորգ կաթողիկոսին` հայտնելով, որ թուրքաց կառավարությունը հաստատել է ռեֆորմների ծրագիրը եւ նշանակել է այն երկու եվրոպացի վերատեսուչներին, ովքեր հայկական վիլայեթներում պետք է հսկեին օրենքների գործադրության վրա։ Գեւորգ կաթողիկոսն էլ, իհարկե, ռուսներին շնորհավորեց։ Ռուսական դիվանագիտությունն իրեն համարում էր խոշոր հաղթանակ տարած։

Աչքը լույս հայ ժողովրդի… 1915-ի բնաջնջման հաստատ հիմունքներն էին դրվում։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации