Текст книги "Անցյալից"
Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 25 (всего у книги 32 страниц)
Ե
Հրաշալի արեւոտ եւ հանդարտիկ մի օր էր, երբ մենք դուրս եկանք Բաթումից։ Առավոտյան մեր գնացքի առջեւ շար ընկավ մի վաշտ զորք։ Երիտասարդ վրացի սպաներից էր այն բաղկացած, որոնք դեն էին դրել իրենց սրերը եւ վերցրել էին հրացաններ՝ հասարակ զինվորների դեր կատարելու համար։ Սա ցույց էր տալիս, որ վրացական զորամասերն էլ քայքայման դրության մեջ էին։ Եվ սակայն միայն Բաթումը՝ Սեւ ծովի հարավային ափի այդ ահեղ բերդն ու հոյակապ նավահանգիստը, պաշտպանելու համար որքա՜ն զորքեր են հարկավոր։ Ահա նրա ահարկու մարտկոցները սարի լանջերից իրենց թնդանոթների բերանները դեպի ծովն են ուղղել, բայց թվում են կախարդված, մեռած, ամայի… Եվ այսպիսի՜ ինքնապաշտպանողական միջոցների վրա էին դրել իրենց հույսը վրաց մենշեւիկները, երբ շտապում էին ամեն գնով իրագործել Ռուսաստանից անջատվելու իրենց տենչանքը։ Բաթումը մի չափազանց մեծ ամրություն էր, եւ այն կարող էին պաշտպանել մի մեծ պետության ուժերը։ Հարկավոր էր ոչ միայն ցամաքային, այլեւ ծովային պաշտպանություն, մինչդեռ նրա մեծ եւ առաջնակարգ նավահանգստում մի հատ պատերազմական փոքրիկ նավ կար, այն էլ պիտի մեզ տաներ Տրապիզոն։
Այդ նավը ռումինական էր եւ կրում էր Ռումինիայի թագավոր Կարլի անունը, որ թեեւ այժմ ջնջված էր, որովհետեւ նավը գտնվում էր բոլշեւիկների ձեռքին, բայց եւ այնպես, նավազները շարունակում էին այն անվանել «Կարլուշկա»։ Կեսօրին մոտ մեր իրերը տեղափոխեցինք այդ «Կարլուշկայի» մեծ դահլիճը։ Մեզ հետ նույն նավը տեղափոխվեց եւ երիտասարդ սպաների վաշտը, որ պիտի դառնար մեր պաշտպանությունը բանակցությունների ընթացքում։ Շուտով «Կարլուշկան» հնչեցրեց իր հուշկապարիկը եւ սկսեց գրեթե աննկատ սահել իր փոթորիկներով այնքան հռչակված Եվքսինյան Պոնտոսի՝ մեր բախտից՝ անշարժ, հայելանման ալիքների վրայով։ Մենք ամենքս դուրս էինք թափվել տախտակամածի երեսը եւ վայելում էինք հազվագյուտ եղանակը։ Սքանչացած էի ես մանավանդ, որ կյանքիս մեջ առաջին անգամն էի ծովային ճանապարհորդություն կատարում։
Մեր «Կարլուշկան» բոլորովին էլ պատերազմի համար չի եղել շինված։ Այդ մի սովորական տախտակե ճանապարհորդական նավ էր. միայն ներկա պատերազմի ժամանակ նրա տախտակամածի վրա՝ առջեւում եւ ետեւում ամրացրել էին երկու մեծ թնդանոթ, անունը դրել էին «օժանդակ հածանավ» եւ մտցրել Սեւ ծովի ռուսական նավատորմի մեջ։ Նավազների մի մասը՝ փոքրաթիվը, ռումինացի էր, մեծագույն մասը՝ ռուս, ամենքն, ինչպես ասացի, բոլշեւիկներ։ Հասկանալի է, թե որպիսի հետաքրքրությամբ եւ, ինչո՞ւ թաքցնել, երկյուղով էինք մենք նայում նրանց։ Դեռ բոլորովին նոր էր այս տարրի տիրապետությունը, դեռ Ռուսաստանում անհնարին կատաղությամբ քաղաքացիական պատերազմ էր բոլորված, եւ մեզ միշտ այն էին պատմել լրագրերը, թե գազաններ են բոլշեւիկները եւ ոչ թե մարդիկ։ Եվ ահա այդ «գազանների» մեջ էինք մենք, նրանց կատարյալ իշխանության տակ, ինչ ուզեն՝ կարող են անել մեզ հետ, հենց վերցնել եւ «Կարլուշկան» տանել Սեւաստոպոլ ու մեզ հանձնել հեղափոխական տրիբունալին՝ իբրեւ հակահեղափոխականների…
Այսպիսի ակնարկներ կիսաշշուկով լսվում էին մեր մեջ։ Բայց զարմանալի բան… «Գազանները» չեն հարձակվում մեզ վրա, նավային ծառայությունը տանում են օրինակելի կարգապահությամբ, մեծ թե փոքր ճանաչում են իրենց պարտավորությունները. եւ ոչ միայն այդ՝ այլեւ հիանալի խոսքընկերներ են։ Ահա մեկը, շատ լավ զարգացած մի մարդ, երեւի ծովային սպա հին ռեժիմի ժամանակ, ծովային կյանքից պատմություններ է անում, եւ ի՜նչ՝ երկրագնդի շուրջը մի քանի անգամ պտտված մարդ է… Մեկ Սինգապուրն է, մեկ՝ Մալայան արշիպելագը, մեկ՝ Մադերան, մեկ՝ Նյու Յորքը… Որտեղից որտեղ… Եվ պատմում է որքա՜ն լավ, ուղղակի տաղանդավոր կերպով։ Ահա մի ուրիշը՝ հասարակներից՝ խոխոլի արտասանությամբ, նստում է իմ եւ Խատիսյանի միջեւ։ Շատ երիտասարդ չէ, ծովային մի գայլ, որի կապույտ աչքերը կարող են հինգ վերստի վրա որոշել, թե այն ծուխը, որ երեւում է՝ «Համիդիե» հածանավի ծուխն է եւ ոչ թե մի ուրիշ նավի։ Խատիսյանը խոսեցնում է նրան ուրիշ բաների մասին, եւ ես լսում եմ լարված ուշադրությամբ։
Նա հավատարիմ է իր զինվորական դաստիարակությանը, կռվողի ու երկիր պաշտպանողի գիտակցությունն անաղարտ է նրա մեջ։ Սիրում է նա սեւծովյան նավատորմն իբրեւ իր սեփական ընտանիքը, պատմում է դեպքեր, թե ինչպես այդ նավատորմը քաջաբար պայքարում էր թուրք-գերմանական ծովային ուժերի դեմ, խոսում է հաշտության, Ռուսաստանի շահերի մասին։ Ուղիղ դատողություններ, ժողովրդական առողջ տրամաբանություն… Բայց հենց որ հարցը գալիս է տապալված ռեժիմին, ծովային գայլը կերպարանափոխվում է։ Այստեղ ո՛չ մի զիջում, ո՛չ մի մեղմություն… Նա տեսնում է իր առջեւ մարդկանց մի սարսափելի դասակարգ՝ շահագործողներին, որոնց նա ատում է անհունորեն։ Ոչի՛նչ զիջում այդ շահագործողներին։ Եվ նրա կապույտ աչքերի մեջ վառվում է մի բոց, որի մեջ, թվում է՝ մի վայրկյանում պիտի մոխրանա ամբողջ աշխարհի շահագործող մարդկությունը։ Վա՜յ ձեզ, շահագործողներ, ուր էլ լինեք դուք…
Երեկոյան հասանք Տրապիզոն, բայց ափ չիջանք ոչ միայն այդ օրը, այլեւ հետեւյալ մի քանի օրերը։ Թուրքական պատվիրակությունը դեռ չէր եկել Կ.Պոլսից, եւ մենք մնացինք «Կարլուշկայի» մեջ՝ սպասելու նրան։ Ծովափը ահագին տարածության վրա ներկայացնում էր մի մեծ բանակի հապճեպ, խուճապային փախուստի հետքերը։ Հարյուրավոր, հազարավոր սայլեր, սայլակներ, բեռնակիր ավտոմոբիլներ եւ ուրիշ տեսակ-տեսակ իրեր թափթփված էին սոսկալի անկարգության մեջ։ Պետք է նկատել, որ Տրապիզոնը վերցվելուց հետո Նիկոլայ Բ-ի հրամանով պաշտոնապես կցված էր Ռուսաստանին, եւ այդ պատճառով ռուսաց պատերազմական գանձարանը, չսպասելով պատերազմի վերջին, ահագին ձեռնարկումներ էր սկսել այդ նավահանգիստը լավացնելու, մեծացնելու, ամրացնելու, հաղորդակցության համար ճանապարհներով ճոխացնելու համար։
Երկաթուղի էր շինվում Բաթումից մինչեւ Տրապիզոն, եւ այս վերջինի ծովափում դարսված էին ռելսերի ամբողջ լեռներ։ Իսկ թե որքան պաշար, ռազմամթերք եւ հարյուր ու մի տեսակ հանդերձանքներ կային մթերված քաղաքի մեջ, այդ երեւակայել անգամ չէր կարելի։ Երբ ռուսական բանակը, թողնելով ամեն ինչ, հեռանում է հապճեպով, քաղաքում մնում է մի վրացական գունդ, որին հանձնվում է այդ անհուն հարստությունների պաշտպանությունը։ Սակայն գունդը հայտնում է, թե գնում է Վրաստանի սահմանները պաշտպանելու եւ հեռանում է Տրապիզոնից։ Եվ որովհետեւ այդտեղ սկսում էր գլուխ բարձրացնել անիշխանությունը, ուստի մնացած ռուսները (քաղաքային վարչություն, հեղափոխական կազմակերպություններ) իրենք գնում են որոնելու թուրքական զորքեր եւ, գտնելով մի գունդ՝ հեռու տեղում, բերում եւ քաղաքը հանձնում են նրան։ Իսկ ռուսաց պատերազմական գույքի պահպանության համար մնում է գեներալ Կուլասովսկին՝ մի քանի սպաների եւ այլ ծառայողների հետ։ Կովկասյան գլխավոր հրամանատարությունը ուրիշ ճար չգտնելով եւ գոնե թղթի ձեւականությունը փրկելու համար, հրամայում է նրան ամբողջ գույքն առանձին ցուցակներով հանձնել թուրք զինվորական իշխանությանը՝ իբրեւ ի պահ…
Մեր «Կարլուշկայի» գալը փրկություն էր ամենից առաջ հենց այդ ռուս զինվորական եւ քաղաքացիական պաշտոնյաների համար։ Նրանք շտապեցին գալ մեզ մոտ եւ անվերջ ու անսահման գանգատներ բերել։ Գեներալ Կուլասովսկին ասում էր, թե ինքը պարզապես իրեն զգում է իբրեւ պատվավոր գերի թուրք զինվորականների ձեռքին, որոնց կեղծ, առերես քաղաքավարական ձեւերի տակ թաքնված է արհամարհանք եւ ատելություն։ Ինչո՞ւ զարմանալ։ Մի երկիր, որ դեռ երեկ ջախջախված էր, իր մեծ մասը կորցրած, այսօր հրաշքով, առանց մի կաթիլ արյուն թափելու՝ դարձել էր հաղթող, տիրացել էր անհաշիվ հարստությունների եւ իր ձեռքում ուներ երեկվա հաղթողներից մի քանիսին՝ անօգնական ու անպաշտպան դրության մեջ։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել նա…
Տրապիզոնում այսպես գերի մնացած ռուս զինվորներից մեկը թիֆլիսեցի էր եւ շատ լավ ճանաչում էր Խատիսյանին։ Նա շատ մեծ զարմանք հայտնեց, որ մի հայ, թեկուզ նույնիսկ խաղաղարար պատվիրակության անդամի դիրքով, համարձակություն ունի մտնելու Թուրքիա։ Այդ զարմանքը կատարյալ սարսափի փոխվեց, երբ նա իմացավ, որ բացի Խատիսյանից չորս ուրիշ հայեր էլ կան պատվիրակության մեջ։
– Աստված իմ, – ասում էր նա՝ ձեռքերը իրար խփելով, – բայց թուրքի մոտ հայի անուն տալ անգամ չի կարելի։ Կատաղությունն անչափ է, անսահման է հայերի դեմ… Եվ դուք պիտի նրանց հետ խոսեք իբրեւ հայե՞ր, հայերի մասի՞ն…
Այ քեզ բան… իսկ մեզ ուղարկել են այստեղ Հայաստանի ավտոնոմիա պահանջելու համար… Կատարյալ խեղկատակներ են եղել այս անդրկովկասյան նոր պետության դիվանագետները։
Եվ Հայոց հա՞րցն է միայն, որի մասին չի կարելի խոսել։ Իսկ որքա՜ն ստորացում ամբողջ պատվիրակության համար։ Օրեր են անցնում, թուրք պատվիրակությունը չկա ու չկա, իսկ մեր «Կարլուշկայի» մեջ արդեն սով է սկսվում։ Ո՛չ ափ ենք իջնում, ո՛չ հետ ենք գնում։ Ափ իջնողները միայն մեր թուրք ընկերակիցներն են։ Գնում են, ամբողջ օրը մնում, երեկոյան վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես Ավետյաց երկրից։ Ավետյաց երկիր Տրապիզո՜նը, այն էլ ինտելիգենտ մարդկանց համար, այդ կեղտոտ ու հոտած արեւելյան քաղաքն իր սոսկալի նեղ, ծուռումուռ փողոցներով, մանր, ցածրիկ, տգեղ տներով։ Եղած մեծ ու գեղեցիկ շինություններն էլ հույներին էին պատկանում։ Ի՞նչ համեմատություն նույնիսկ Բաքվի հետ, ուր թուրքերն այնքան հոյակապ տներ ունեն։
Ասացե՛ք, ծիծաղ չէ՞ր, ծաղր չէ՞ր մեր առաքելությունը… Ամեն օր թուրքական զորամասերը երաժշտությամբ անցնում էին Տրապիզոնի միջով դեպի Բաթումի կողմը՝ այն գրավելու համար։ Էլ ի՞նչ էր մնում մեր բանակցությունների համար։ Ոչ ոք չգիտեր։ Ոչ ոք չէր հասկանում, որ ամեն բանի մեջ ուժն է վճռողը։ Իսկ անդրկովկասյան մեծախոս պետությունը չուներ ոչ մի ուժ եւ չէր կարող վախեցնել նույնիսկ ամենավախկոտին։ Բայցեւայնպես, մենք գնում էինք, խոսելու էինք գնում. ինչ կբարեհաճեին անել թուրքերը, մենք էլ նայած դրան՝ թե որ կարողանայինք մի բան անել… Մեզ շատ խղճում էին «Կարլուշկայի» բոլշեւիկ նավազները։ Շատ անգամ նրանք նավի քթի մեծ թնդանոթի կողքին կանգնած՝ հանաքով ասում էին. «Հապա թե «Կարլուշկան» մի քանի անգամ թքի քաղաքի վրա. այդպես չեն անի»։ Բայց եթե «Կարլուշկան» «թքեր», – մենք սա հետո իմացանք, – իսկույն կրակ պիտի բաց անեին լեռան լանջերի վրա ռուսների ձեռքով դրված մեծ թնդանոթները, եւ այն ժամանակ մեր «Կարլուշկայից» հետք անգամ չէր մնա…
Բայց մեզ, վերջապես, խղճաց Րաուֆ-բեյը՝ օսմանյան պատվիրակության նախագահը, որ իր հետեւորդներվ ժամանեց Կ.Պոլսից եւ իսկույն բանակցություններ սկսեց Չխենկելիի հետ. համաձայնություն կայացավ, որ մեր պատվիրակությունն անհապաղ ափ իջնի, սակայն առանց մեր զինվորական պահակի։ Իրիկնապահ էր, երբ մենք հրաժեշտ տվինք մի քանի օրվա մեր բնակությամբ արդեն մեզ հարազատ դարձած «Կարլուշկային» եւ մանավանդ մեր երիտասարդ եւ սիրելի սպա-զինվորներին ու նստեցինք մակույկների մեջ։ Երբ ափ ելանք, մեզ դիմավորեցին մի խումբ թուրք պաշտոնյաներ, եւ նրանցից մեկը ողջույնի մի քանի խոսք ասաց գերմաներեն լեզվով։ Նվագեց զինվորական երաժշտությունը, փողոցի զանազան կողմերում ուղղակի հողի վրա ածած նավթն այրեցին – ահա եւ ասիական «չրաղվան»337337
Թուրքերեն՝ չըրաղա – նավթի լապտեր, այստեղ՝ հրավառություն։
[Закрыть]։ Կառքերով մեզ սկսեցին ծովափից փոխադրել մեզ համար պատրաստված տունը, ուր մեզ սպասում էին թեյը, ապա եւ՝ ընթրիքը, որ մանավանդ շատ ի դեպ էր՝ «Կարլուշկայի» վրա մեր քաշած սովից հետո։
Մենք իմացանք, որ ամբողջ այդ օրը Տրապիզոնի մեջ մունետիկները բարձր ձայնով ավետել են, թե սուլթանի զորքերը հետ են վերցրել Էրզրումը, եւ այդ առիթով ուրախություններ են կատարվել։ Հասկանալի է, թե որքան տխրություն պիտի պատճառեր այդ լուրը մեր պատվիրակությանը։ Պետք է ասեմ, որ վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի եւ հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա։ Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրենց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից։ Բայց Էրզրումի անկումն այն առաջին մեծ հարվածն էր, որ գալիս էր ցնցելու այդ հավատը. մի բան, որ հետո ավելի եւս զարգանալով՝ պիտի վերին աստիճանի խախուտ դարձներ հայ-վրացական զինակցության հնարավորությունները։
Էրզրումի անկում… Չափազանց մեծ բառեր գործածեցի ես. մինչդեռ դեպքը շատ փոքր է եղել, բայց ուռցվել է տասնապատիկ։ Էրզրումը պատերազմով չէր վերցված։ Անդրանիկը ավտոմոբիլի մեջ կանգնած՝ հանել է թուրը եւ ասել, որ ամենքը գնան իր ետեւից, բայց ոչ ոք չի գնացել։ Սկսվել է նահանջը, եւ թուրքերն առանց դժվարության մտել են հռչակավոր բերդի մեջ։ Այսպես մեզ պատմեցին Կովկաս վերադառնալուց հետո։
Զ
Մեզ հատկացված էր Թեոֆիլակտիս հարուստ հույնի տունը, որ եվրոպական մի գեղեցիկ շինություն էր՝ հին հունական տան բաժանումներով։ Առաջին հարկում սեղանատունն էր եւ ընդարձակ «ատրիումը», երկրորդ հարկը հատկացված էր բուն պատվիրակներին, երրորդում ապրում էինք մենք՝ հասարակներս։ Հասարակ լինելը, սակայն, այս անգամ այնքան էլ մեծ մեղք չէր։ Մեր բարձրության առջեւ փռված էր ամբողջ Տրապիզոնը։ Ամեն րոպե մեզ էր նայում հայոց ամայացած եկեղեցու լուռ գմբեթը՝ հիշեցնելով, որ այստեղ մի ժամանակ հայ ազգաբնակչություն է եղել։ Մենք համարվում էինք Տրապիզոն քաղաքի հյուրեր, կերակրվում էինք նրա հաշվին, եւ մեր այս տունը բավական խնամքով էր շրջապատված։ Մուտքի մոտ միշտ կանգած էին երկու պահապան զինվորներ եւ պատրաստի կառքեր՝ պատվիրակների տրամադրության տակ։ Սկսվեցին կոնֆերանսի աշխատանքները. սկզբում այցելություններ եւ փոխայցելություններ, հետո՝ նիստերը, որոնք մեզ մոտ չէին տեղի ունենում, այլ թուրքական պատվիրակության տանը՝ Րաուֆ-բեյի նախագահությամբ։
Իսկ արտաքին պայմանները գնալով ավելի եւ ավելի աննպաստ էին դառնում մեր պատվիրակության համար։ Ամենից առաջ հենց այն, որ մեր «Կարլուշկան», մնալով անփող եւ անպարեն, գնացել էր Բաթում իր ստանալիքը պահանջելու։ Բայց այստեղ բոլոր բոլշեւիկներին ձերբակալել էին եւ ուղարկել Ռուսաստան, նավն էլ մտցրել էին Անդրկովկասյան «նավատորմիղի» մեջ, որ բաղկացած էր, որքան հիշում եմ, մի քանի հատ փոքր նավերից։ Սակայն հեռացնելով ռուս նավազներին՝ Բաթումի իշխանությունները միամտություն էին ունեցել թողնելու ռումինացի նավազներին։ Եվ ահա նրանք մի քանի ժամանակից հետո սարքում են բոլոր հանգամանքներն այնպես, որ դուրս են գալիս Բաթումից եւ «Կարլուշկային» փախցնում տանում են Ռումինիա։
Մեզ համար հարցն իհարկե այդ դեպքերը չէին, այլ այն, որ մենք մնացինք աշխարհից կտրված, գերիներ՝ թուրքերի ձեռքին։ Այս դրությունը տեւեց մոտ երկու շաբաթ, որի ընթացքում մենք մեզ զգում էինք անտանելի դրության մեջ։ Ճիշտ է, հաղորդակցություն մի կերպ պահպանվում էր մոտորանավակներով եւ հատուկենտ մարդիկ գնում էլ էին, գալիս էլ, բայց գլխավորն այն էր, որ մենք ռադիոհեռագիր չունեինք եւ չէինք կարողանում ո՛չ լուր ուղարկել, ո՛չ ստանալ։
Այս միջոցին էր, որ առավոտյան իմացանք, թե Ռասուլզադեն, որ գնացել էր Թիֆլիս, գիշերը նավակով ճանապարհ է ընկել Բաթումից եւ եկել Տրապիզոն։ Առավոտյան թեյին չտեսանք նրան, գալուն պես գնացել էր Վեհիբ-փաշայի մոտ, որ նոր էր եկել Տրապիզոն։ Չխենկելին մեզ հայտնեց, որ Ռասուլզադեն տեղեկություններ է բերել Բաքվում տեղի ունեցած խոշոր դեպքերի մասին եւ մանրամասն զեկուցում կտա մեր ընդհանուր ժողովին՝ ճաշից առաջ։ Բայց մինչեւ այդ էլ մենք բավական բան իմացանք այն դեպքերի մասին, որոնք կատարվել էին Բաքվում, մարտի 30-ին։ Մեծ կսկիծով իմացանք, որ սպանվել է Լեւոն Աթաբեկյանը եւ այլ ցավալի մանրամասնություններ։ Թուրք պատվիրակները շատ տխուր էին եւ դառնացած։ Ռասուլզադեն թեեւ Բաքվում չէր եղել, բայց նրա զեկուցումը մանրամասն էր, թեեւ ինչպես հետո պարզվեց ամենքիս համար՝ շատ էլ միակողմանի։
Միանգամայն անտանելի էր զեկուցման ունկնդիր հայերիս դրությունը։ Մինչ ամեն օր խոսք ու զրույցը համերաշխության եւ եղբայրության մասին էր, դարձյալ ահա, այս արյունոտ մղձավանջը։ Մենք ամբողջ սրտով ցանկանում էինք, որ երկու դաշնակցական պատվիրակները հերքեին զեկուցողի խոսքերը, ապացուցեին, որ Դաշնակցությունն անմասն է կամ գոնե շատ քիչ մաս ունի այդ արյունոտ անցքերի մեջ։ Բայց գրեթե լուռ մնացին նրանք, եթե չհաշվենք Քաջազնունու մի քանի թույլ նկատողությունները։ Եվ ի՜նչ կարող էին ասել, երբ ոչինչ չգիտեին։ Հետո ինչ հանգամանք ուզում է թող պարզվի, ինչ գույն ուզում են թող ստանան դեպքերը։ Ի՞նչ օգուտ։ Բանն այն է, որ արդեն տրամադրությունն ստեղծվել է, որ ամենքը գիտեն, թե Բաքվում հայերը կոտորել են թուրքերին։ Ճաշի ժամանակ մուսավաթական Հաջինսկին338338
Հետագայում մուսավաթական Մեհթիբեկ Հաջինսկին անկախ Ադրբեջանի պետական վերահսկողության նախարարն էր։
[Закрыть], որ նստած էր իմ դիմաց, ասաց դառնությամբ. «Ես վեց երեխա ունեմ Բաքվում, թող ամենքն էլ կոտորված լինեն, բայց Բաքվի մեջ մի հատ հայ էլ չի մնա»։ Կարող եմ ասել, որ այստեղ՝ Տրապիզոնում էր, որ վճռվեց Բաքվի հայերի սեպտեմբերյան ահռելի կոտորածը…
«Այս ի՞նչ դժբախտություն է, – մտածում էի ես մենակ մնալով, – ի՞նչ զարհուրելի դժբախտություն է, որ հայ ժողովուրդն ունի միայն մի հատիկ ներկայացուցիչ, եւ այդ այն կուսակցությունն է, որ արյան քաղաքականությունից ձեռք չի վերցնում եւ միեւնույն ժամանակ հաշտության ու բարեկամության բանակցությունների միակ ներկայացուցիչն է։ Նրան չեն հավատում, նրանից խորշում են ամենքը, բայց նա անողոք է հայ ժողովրդի միակ ներկայացուցիչը մնալու մենաշնորհի մեջ։ Ի՜նչ դժբախտություն։ Մի՞թե չկան հայ ժողովրդի մեջ ուրիշ տարրեր, որոնք դուրս գան, բարձրաձայն հայտարարեն, թե կա այդ ժողովրդի մեջ եւ ուրիշ տեսակ մտածողություն, թե արյունն ու թշնամությունը պաշտամունք չեն հայ ժողովրդի համար։ Չկա՞ն այդպիսի տարրեր։ Երեւի չկան, որ դուրս չեն գալիս»։
Այո, այո, հուսահատական էր…
Վերջապես, «Կարլուշկայի» փոխարեն Տրապիզոնի նավահանգիստ եկավ հատկապես մեզ համար մի ուրիշ նավ, որ պատերազմական ոչ մի հանգամանք չուներ. գեղեցիկ ճանապարհորդական շոգենավ էր, որ իր «Նիկոլայ Բ» անունը դեն էր շպրտել եւ կոչվում էր «Վեչե»։ Բայց նա հենց առաջին գիշերը բռնեց մի մեծ գերմանական ռադիո՝ լիքը հաղթական ինքնագովություններով։ Գերմանացիներն առաջ էին խաղացել անգլիական ճակատի վրա ու ճեղքել այն, եւ ահա այս առաջին քայլի փառաբանություններն էր գերմանական ռադիոն տարածում ամբողջ աշխարհի վրա. «Անգլիական դիվիզիաները փախչում են մեր առջեւ, մեր նորագույն թնդանոթը 70 կիլոմետրի վրա ռմբակոծում է Փարիզը»։
Այս հաղթությունը մեծ տոնախմբության առիթ էր դարձել Կ.Պոլսում։ Տրապիզոնն էլ իրենն էր անում. փողոցով անցնող թուրք զորաբաժինների երգերի մեջ բարձրաձայն շեշտվում էր «ալեման-օսմանի» եղբայրությունը։ Մեր պատվիրակությունը կուչ էր եկել. զգում էր ծանրացած մթնոլորտի ճնշումը։ Իսկ մեր թուրք ընկերակիցները փայլում էին ուրախությունից, շարունակ կանգ էին առնում Թուրքիայի մեծ քարտեզի առաջ։ Այստեղ ամեն ինչ վերստանում էր իր նախկին դրությունը։ Անգլիական մի բանակ կար Պաղեստինի կողմերում, բայց նրա վրա ուշադրություն դարձնող չկար, ոչ ոք այդ կողմից վտանգի չէր սպասում։ Մնում էր Բաղդադի ճակատը։ Այն էլ, ինչպես պատմում էին մեր այդ ընկերակիցները՝ թուրք զինվորականների ասածները կրկնելով, շուտով կվերացվեր, եւ անգլիացիները կշպրտվեին Հնդկական օվկիանոս։
Ահա այսպիսի պայմանների մեջ էին ընթանում Տրապիզոնի կոնֆերանսի աշխատանքները։ Մենք՝ կովկասցիներս, անճար, թուրքերը՝ ուժեղ, հաղթական, գոռոզ։ Ի՞նչ կարող էր դուրս գալ ուժերի այս տեսակ փոխհարաբերություններից, բացի ծիծաղելի եւ խղճուկ դրությունից։ Ամենագլխավոր պահանջն էր՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, հանձնել Թուրքիային Բաթումը, Արդահանն ու Կարսը՝ իրենց գավառներով։ Մեր պատվիրակությունն «իմաստուն» մի հնար գտավ. չտալ ամբողջը, այլ միայն մի որոշ մասերը, մի խոսքով՝ սակարկության մեջ մտնել։ Շատ լավ։ Միջոցը գտնված է, բայց ի՞նչ տալ եւ ի՞նչ պահել։ Սկսեցին երկար դատել, կշռել։ Վրացիների համար շատ պարզ էր խնդիրը՝ պետք էր տալ Կարսը եւ պահել Բաթումը։ Թուրքերն339339
Խոսքը կովկասյան պատվիրակության անդամ ադրբեջանական թուրքերի մասին է։
[Закрыть] էլ միացան այդ առաջարկությանը։
Երկար տատանումներից հետո միեւնույն միտքն ընդունեց եւ հայ պատվիրակներից Քաջազնունին։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությանը, ինչպե՞ս պաշտպանել Երեւանի նահանգը եւ մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը՝ երկաթուղին, որ բավական երկար տեղ քերում է Արփաչայի ափը եւ այսպիսով կընկներ թուրքերի ոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի, այլ [նույնիսկ] ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառումները, որոնց պաշտպանողը ես էի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, որ եթե կարելի է սակարկություններ անել, պետք է ընդունվի դրա համար այն սկզբունքը, որ Թուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ երկրամասերը։ Բաթումը եւ Կարսը որոշվում էր չզիջել։ Այս ցուցումների հիման վրա հաստատուն սահմանագիծ որոշելը հանձնվեց երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողովի, որի մեջ մտնում էինք՝ ես, վրացի երիտասարդ պատմագետ Ինղորավան եւ շտաբի մի ռուս սպա, որ լավ տեղյակ էր տեղագրությանը։
Սկսեցինք աշխատել։ Բայց առաջին իսկ քայլերից դժվարություններ հարուցում էր վրացական տենդենցիան՝ որքան կարելի է շատ բան տալ Կարսի շրջանից՝ Արդահանի եւ Բաթումի շրջաններում զիջողություն քիչ անելու համար։ Նկատեք, որ այդ բոլոր հողերը պատկանում էին ընդհանուր Անդրկովկասին։ Բայց եւ այնպես, «իմ ու քո» – ի խիստ հարցեր էին բարձրանում։ Այսպե՞ս պիտի երեք ազգերն ընդհանուր ուժերով երկիր պաշտպանեին։ Ես չէի ծածկում իմ զարմանքն ու դիմադրում էի չափազանց անդեմ մանր-մունր ազգայնական սակարկություններին։ Այս մասին, իհարկե, իմաց տրվեց Չխենկելիին, որն ինձանից բացատրություն պահանջեց եւ ստացավ սպառիչ մանրամասնություններով։ Կազմվեց հողաբաժանության ծրագիրը եւ հանձնվեց թուրք պատվիրակությանը։ Այս առիթով Կ.Պոլսից հրահանգ խնդրվեց։ Մինչեւ գալը՝ մեր պատվիրակությունն իր ձեռքն առավ ամենաթշվառը եւ ամենաաղետալին բոլոր հարցերից՝ Հայոց հարցը։
Առաջ նա քննվեց մեր ընդհանուր ժողովում։ Զեկուցողն էր Խատիսյանը։ Նա տվեց հարցի համառոտ պատմությունը, մանրամասնություններ պատմեց 1915-ի կոտորածներից եւ հատկապես Տրապիզոնի մեջ պատահածներից։ Պետք է ասել, որ հայ պատվիրակները շատ տեղեկություններ էին ստացել այդ սարսափների մասին հույն ականատեսներից։ Եվ ահա Խատիսյանը մի առ մի պատմելով դեպքերը՝ մատով ցույց էր տալիս այն սարը, որի ետեւը քշվեցին հազարավոր տղամարդիկ եւ կանայք եւ կոտորվեցին։ Ցույց էր տալիս եւ նավահանգստի այն տեղը, ուր տարան երեխաներով լիքը մակույկներ եւ ամենքին ածեցին ծովը։ Ի վերջո, զեկուցողը հայտնեց, թե հայերի ցանկությունն է ստանալ իրենց հայրենիքում մի անկյուն, ուր կարող կլինեն ապրել ինքնավար կյանքով, բայց թուրքաց կառավարության հովանու տակ։
Խատիսյանը տվեց եւ այդ անկյունի անունը։ Դաշնակցությունն այժմ բոլորովին համեստացել էր, նրա ուզած Հայաստանն այլեւս ծովից ծով չէր, այլ պարփակվում էր Վանա լճի շուրջը։
Այն, ինչ ես տեսա այդ զեկուցումից հետո, երբեք չի անհետանա իմ հիշողությունից։ Դժբա՜խտ հայ ժողովուրդ… Ո՞ւմ առաջ էր դրված նրա կրած սարսափների դատը։ Ովքե՞ր պիտի փրկության դուռ բաց անեին նրա համար։ Մուսավաթականնե՞րը պիտի վրդովվեին, նրանք, ովքեր պատրաստ էին ամեն րոպե կրկնել միեւնույնը հայերի գլխին։ Իսկ վրացի նացիոնալիստնե՞րը։ Ահա ամենից առաջ բերանը բաց է անում Գվազավան340340
Վրաստանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, անկախական, հակառուս։
[Закрыть] եւ ասում է. «Այդ բոլորը հուզիչ է, բայց մենք ի՞նչ գործ ունենք այդ բոլորի հետ։ Մեզ համար մեծ բան կլինի եւ Բաթումի ազատելը, եթե կարողանանք։ Իսկ եթե Հայոց հարց բարձրացնենք, տանուլ կտանք եւ Բաթումը»։ Ես մի բառ անգամ չկարողացա արտասանել, եւ եթե մի զգացմունք կար այդ րոպեին իմ մեջ, այն էր, որ ես անիծում էի իմ ծննդյան օրը, անիծում էի ինձ որպես հայի, որ նստած էր այստեղ։ Ա՛հ, որքա՛ն եւ որքա՛ն էր մեզ ստորացնում Դաշնակցությունը։
Այնուամենայնիվ, որոշվեց դնել Հայոց հարցը։ Այսպես էր վճռել Սեյմը։ Բայց երբ կոնֆերանսի պաշտոնական նիստի մեջ մեր պատվիրակության կողմից խոսք եղավ այդ հարցը քննելու մասին, թուրք պատվիրակները սաստիկ դժգոհություն հայտնեցին եւ արգելեցին այդ մասին որեւէ խոսք ասել, քանի որ այդ իրենց ներքին գործն էր։ Իմանալ կարեւոր է, որ թուրքերն այլեւս նահապետական ձեւով չէին վարում իրենց գործերը։ Մի ժամանակ նրանք լռում էին, երբ նրանց մեղադրում էին, թե այս կամ այն կոտորածն են կատարել։ Այժմ նրանք չէին լռում, իրենք էլ էին մեղադրում, իրենց զոհի դրության մեջ ցույց տալիս։ Սեբաստացի Մուրադն իր խմբով Երզնկայում մի քանի տասնյակ թուրք եւ քուրդ էր կոտորել եւ փոխարենը չարաչար տուժել էր՝ իր նահանջի ժամանակ կորցնելով այն ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ հեռացել էր Երզնկայից։ Վեհիբ-փաշան աշխարհ էր դղրդացրել Մուրադի գազանություններով՝ ամեն տեղ հեռագրեր ուղարկելով եւ նկարագրելով մանրամասնություններ, որոնք ինքնըստինքյան սարսափելի էին իբրեւ կոտորածի մանրամասնություններ։ Այսպես էր, որ թուրք ազգաբնակչությունն այնքան գրգռված էր հայերի դեմ, որ չէր ուզում անգամ լսել նրանց անունը։ Եվ կգտնվե՞ր որեւիցե մեկը, թեկուզ շատ բարձրաստիճան թուրք, որ համարձակվեր այսպիսի միջավայրում խոսք անել Հայոց հարցի մասին…
Այդ թշվառ հարցը վիժեց։ Եվ եթե միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը մի անգամ էլ անարգվեց, այս դարձյալ եւ դարձյալ Դաշնակցության մանկամիտ քաղաքականության պատճառով։
Բայց վիժողը միայն մեր հարցը չէր։ Կ.Պոլսից մեր հողային սակարկություններին պատասխան տրվեց մի վերջնագրով, որով պահանջվում էր ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Բաթումի, Արդահանի եւ Կարսի մասին հարց չէր կարող լինել, քանի որ այդ տեղերը զիջել է Թուրքիային Ռուսաստանը, որի մի մասն է կազմում Կովկասն այսօր էլ։ Իսկ եթե Անդրկովկասն ուզում է առհասարակ դաշնադրական պայմանավորումների մեջ մտնել Թուրքիայի հետ, այն ժամանակ նա պիտի հայտարարի իրեն անկախ պետություն եւ հետո միայն բանակցություններ սկսի։ Ի՞նչ կարելի էր անել։ Մեր թուրք ընկերակիցներն անպայման պահանջում էին ընդունել թուրքական առաջարկը։ Վրացիները, սկսած Չխենկելիից, աշխատանք էին գործադրում թուրքերի հետ անջատ համաձայնություն կայացնել Բաթումը չտալու համար։
Մեր աչքի առջեւ նրանք ինչ-որ իրարանցման մեջ էին, մարդիկ էին ուղարկում տեսակցությունների, անկյուններում շարունակ տեղի էր ունենում փսփսոց մեր թուրք պատվիրակների համար։ Չխենկելիի աջ բազուկն այդ գործունեության մեջ հայտնի նացիոնալիստ եւ օտարակեր Վեշապելին էր, որ ծածկել էր թուրքական ֆես եւ դես ու դեն էր վազվզում։ Բանից դուրս եկավ, որ Չխենկելիի ջանքերի գլխավոր կետն այն էր, որ թուրքերը չշարունակեն իրենց արշավանքներն ու պատերազմական գործողությունները Բաթումի դեմ։ Պայմանները մեզ հայտնի չէին, բայց հետո պարզ հայտնի դարձավ, որ այդ մենշեւիկի քաղաքականությունն էր՝ ձեռք բերել թուրքական բարեկամություն ի հաշիվ հայերի…
Երկարորեն քննելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի այն հոդվածը, որ վերաբերվում էր Բաթումին, Արդահանին եւ Կարսին, ես եկա այն եզրակացության, որ այդ հոդվածով թուրքերը անվերապահորեն տեր չէին դառնում այդ շրջաններին։ Դեռ պահանջվում էր տեղական ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությունը (ռեֆերենդում), որոշելու համար, թե ում է նա ուզում հպատակվել։ Այս դրությունն ինքնըստինքյան նախ որոշում էր, որ Թուրքիան չպիտի իսկույն մտցնի իր զորքերն այդ շրջանների մեջ, որպեսզի ապահովված լինի ընդհանուր ձայնատվության ազատությունը։ Եթե կարելի լինի այս հիմունքի վրա համաձայնություն կայացնել թուրք կառավարության հետ՝ հանել այնտեղից հայկական եւ վրացական զորքերը եւ չեզոք պահպանություն կազմել հենց իրենից՝ ազգաբնակչությունից, այն ժամանակ ընդհանուր ձայնատվությունը, կատարված ազատ պայմանների մեջ, կտա այն հետեւանքները, որոնց մենք ձգտում էինք հասնել մեր հողային զիջումներով, այն է՝ թուրքաբնակ մասերը կանցնեին Թուրքիային, հայաբնակ եւ վրացաբնակ մասերը՝ Անդրկովկասին։ Ամենագլխավոր կետն այն է, որ Թուրքիան իր ստորագրած դաշնագրով բոլորովին իրավունք չի ստացել իր զորքերով իսկույն գրավելու Կարսի, Արդահանի եւ Բաթումի շրջանները։
Այս իմաստով ես մի զեկուցում կարդացի մեր ընդհանուր ժողովում։ Ամենքն ինձ հակառակ խոսեցին եւ մանավանդ մեր թուրք ընկերակիցները, որոնք փրփուրը բերաններին ապացուցում էին, թե Թուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել իր ստացած երկրամասերը, թե չպետք է առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով։ Այս, իհարկե, պատասախան չէր, այլ, ինչպես ասում են թուրքահայերը, «փոլիթիք»։ Էլի բանը գալիս հանգում էր այն վախճանին, որ ուժեղը Թուրքիան է, ուրեմն եւ նրան են պատկանում բոլոր իրավունքները։ Բայց այս դեպքում չպետք էր էլ դաշնադրող կողմի հովեր առնել, այլ պետք էր սպասել, թե ինչ կբարեհաճի տալ մեզ այդ ուժեղ Թուրքիան։ Հիշատակում եմ այս մանրամասնություններն այն պատճառով, որ այս ժողովից հետո Չխենկելին դարձավ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունման համոզված կողմնակից, թեեւ ոչ իմ բերած հիմնավորումներով։ Հեռագրով հաղորդելով թուրքական ուլտիմատումը Անդրկովկասյան կոմիսարիատին՝ Չխենկելին ստիպողաբար հանձնարարում էր նրան իր համոզումը, որ ընդունվի Բրեստի դաշնագիրը։
Բայց Սեյմի վրա նորից բռնացավ մենշեւիկական կուսակցական հաշիվը։ Կարո՞ղ էր մի Ծերեթելի, որ ամենակարողն էր Սեյմում, գեթ մի րոպե ընդունել, որ իր կատաղի թշնամի բոլշեւիկները արժանի են այնքան ուշադրության, որ նրանց ստորագրած պայմանը ստորագրեն նաեւ իրենք՝ մենշեւիկները։ Սեյմը որոշում է մերժել Թուրքիայի ուլտիմատումը եւ հեռագրով հրամայում է պատվիրակությանը՝ վերառադնալ Թիֆլիս։ Առավոտ էր, որ պատվիրակության քարտուղար Միքայել Թումանյանը եկավ մեզ հայտնելու, որ պատրաստվենք ճանապարհ ընկնելու։ Երեխաների պես թռչկոտում էինք ուրախություննից։ Մի ամսվա կոշմարը վերանում էր։ Այդ կոշմարը մեզ խեղդում էր նախեւառաջ իբրեւ հայերի։ Վախենում էինք դուրս գալ տանից։ Հետո խեղդում էր մեզ Տրապիզոնի իրականությունը։ Մի օր ես ու Բունիաթյանը կառքով գնացինք տեսնելու Սոուք-Սու անունով ամառանոցը, որ իսկապես մի հրաշալի անկյուն է՝ սքանչելի ամառային շինություններով, որոնք հույներին էին պատկանում341341
Թերեւս պետք է լինի՝ «պատկանել էին»։
[Закрыть]։ Ճանապարհին մենք տեսանք ռուսական քայքայված բանակի ցավալի մնացորդները։ Մի քանի տասնյակ թնդանոթներ եւ ձիերի երամակներ, որոնք վայրենացածի պես թափառում էին շրջակայքում եւ արածում նոր դուրս եկած կանաչների մեջ։ Ասում էին, թե մենակ այդ լքված ձիերի թիվը հասնում էր 25 հազարի…
Այս բոլոր տպավորությունները, հուշերը, ապրումները, քաղաքի հոտած փողոցներն իրենց անթիվ շներով, քաղաքակիրթ աշխարհի բացակայությունը մեզ վազեվազ տանում էին ծովափ։ Շուտո՜վ այստեղից, շուտո՜վ… Զգում էի, որ սեւ ու մութ օրեր են հավաքվում մեր գլխին. զգում էի, որ այս անհրապույր ասիական քաղաքը եւ բազմաթիվ սրա նմանները հավաքվում են մեզ վրա արշավելու։ Այս էր պատճառը, որ այդ օրը, վերջացնելով իմ օրագիրը, որ վարում էի Տրապիզոն գալու օրից, ես շատ խոշոր գրով ավելացրի բիբլիական հուզիչ բացականչությունը. «Դուստր ժողովրդեան իմոյ, քուրձ զգեցեր, մոխիր տարածեա… Զի յանկարծակի եկեսցէ թշուառութիւն ի վերայ մեր»։
Որպիսի՛ հրճվանքով բարձրացա ես «Վեչե» շոգենավի տախտակամածը։ Տանն եմ։ Պատրաստ էի գրկել ռուս նավազներից ամեն մեկին իբրեւ հարազատ եղբոր։ Իսկ մեր նավապե՞տը։ Հաղթանդամ մի մարդ, արեւառ դեմքով, որ պարծենում էր, թե երեսուն տարվա ընթացքում հազիվ վեց ամիս կլինի ցամաքի վրա քնած։ Ճաշեցինք նավի շքեղ սեղանատանը, մութին շարժվեցինք։ Քնեցի, ինչպես ասում են, մորթվածի նման։ Բաթում պիտի հասնեինք գիշերով։ Բայց առավոտ է, իսկ մեր նավը դեռ գնում է։ Հարցնում ենք պատճառը։ Պատասխանում են, թե գիշերը անկարելի է եղել ռադիոյի միջոցով խոսել Բաթումի հետ, ուստի նավապետը հասկացել է, որ թուրքերն, ուրեմն, մտել են Բաթում, եւ մենք այժմ գնում ենք Փոթի… Սա միանգամայն ճիշտ էր։ Երբ հասանք Փոթի, ծովափը լիքն էր փախստականներով։ Բաթումը վերցվել էր գրեթե առանց կռվի։ Փոքրաթիվ վրացական զորքը դիմադրություն չէր ցույց տվել եւ մեծ մասամբ գերի էր ընկել։
Ռիոնի ջերմոտ ափերում արդեն շատ տաք էր։ Եվ հազարավոր փախստականներ՝ մի գիշերվա մեջ թշվառացածներ, թափթփված էին արեւի տակ… Պատերազմ… Զզվելի անուն, մարդկության անեծք… Ո՞վ է եղել այն առաջինը, որ դարձել է այս ահռելի պաշտամունքի քուրմը… Ամեն ինչ կփոխվի աշխարհի երեսին. շո՞ւտ պիտի արդյոք փոխվի եւ այս հրեշը, այս խաղաղ ու թշվառ բազմություններն իր ատամների տակ ծվատողը։
Նորից արտակարգ գնացքով էինք գնում։ Վրաստանի օրհնյալ երկինքն է մեզ վրա՝ այն, որ երեսուն տարուց ի վեր հայրենի հարազատություն է դարձել ինձ համար։
Սամտրեդի կայարանում ենք։ Ժողովրդական մեծ հավաքումներ կան։ Դատում, խոսում են մեծ անցքի՝ Բաթումի գրավման մասին։ Այս աղետը վաղուց հասունացած էր, ամեն մեկն էր զգում դրա անխուսափելիությունը։ Մի առաջնակարգ բերդ չէր կարելի մի բուռն մարդկանցով պաշտպանել։ Բայց արի ու տես, որ վրացի գյուղացիները չիբուխին զոռ են անում եւ նրա ծխի հետ նորանոր հայտնություններ հանում իրենց փորից։ «Բաթումը, – ասում են, – չէր ընկնի, Չխենկելին է այն տվել թուրքերն՝ մեծ կաշառք ստանալով»։ Չիբուխի ծուխը կաշառքի չափն էլ հանեց գյուղական փորերից, կարծեմ՝ 30 թե 40 հազար մանեթ342342
Կովկասցիները նույնիսկ խորհրդային ժամանակներում շարունակում էին ռուսական ռուբլուն «մանեթ» ասել։
[Закрыть]…
Մյուս օրը, վաղ առավոտյան Թիֆլիսի կայարանում էինք։ Նորությունների մի մեծ փունջ էր մեզ սպասում լրագրերի էջերից։ Սեյմը պատերազմ էր հայտարարել Թուրքիային եւ մի կոչով դիմել Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչությանը։ Մահմեդական ֆրակցիան հայտարարել էր, թե մուսուլման ազգաբնակչությունը, կրոնակցական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարած պատերազմին մասնակցելուց։ Ծերեթելին դիմել էր ֆրակցիային եւ շպրտել նրա դեմքին «դավաճաններ» անունը։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.