Текст книги "Անցյալից"
Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 30 (всего у книги 32 страниц)
Այդ դաշնագիրը 1918-ի Բաթումի էնվերյան ծրագրից տարբերվում էր միայն նրանով, որ Ալեքսանդրապոլը եւ երկաթուղին թողնում էր Հայաստանին։ Սուրմալուի ամբողջ գավառը Թուրքիային էր անցնում։ Սեւրի դաշնագիրը Հայաստանին վերաբերված մասերում ոչնչացված էր հայտարարվում։ Երկրի ներքին պաշտպանության համար Հայաստանին թույլատրվում էր պահել մի զորք՝ բաղկացած 1500 հոգուց, 8 թնդանոթներով եւ 24 գնդացիրներով։ Մնացած բոլոր զենքերն ու ռազմամթերքները հանձնվում էին Թուրքիային385385
Խուսափելու համար տարընթերցումներից՝ որպես Հավելված ներկա հատորին՝ ներկայացվում է այդ տխրահռչակ դաշնագիրն ըստ «Հայաստանը միջազգային դիվանագիտության…» ժողովածուի։
[Закрыть]։
Բայց այսքանը հերիք չէր։ Կար ավելի պժգալին։ Դաշնակցությունը ծախում էր իր ամենամեծ սրբությունը՝ իր մորը։ Երրորդ հոդվածն ասում էր. «Ինչպես որ թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի վիճակագրություններ եւ հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կը վավերացվի, թե Օսմանյան սահմանին մեջ հայ մեծամասնություն ունեցող որեւէ հողամաս չկա»։ Այս շնական (ցինիկ) հայտարարությամբ ժխտվում էր նույնիսկ այն հարցը, որ ծնող մայր էր հանդիսացել Դաշնակցության համար։ Ինքն իր մասին Դաշնակցությունն այս հոդվածով վկայում էր, որ երեսուն տարի շարունակ սուտ է ասել, խաբել է, թե կա հայ մեծամասնություն օսմանյան սահմանների մեջ։ Հազար անգամ երջանիկ կլիներ հայ ժողովուրդը, եթե այս հայտարարությունը Դաշնակցությունն աներ գեթ այն մասսայական կոտորածներից հետո, որոնց պատրաստողն ու փութացնողը հախուռն ու սպանիչ ֆիդայական մտածողությունն էր։ Այժմ ի՜նչ օգուտ։ Նա չէր վերադարձնի միլիոնավոր կորուստների եւ ո՛չ մի մասը եւ միայն փրկում էր Դաշնակցության միանգամայն անպետք կաշին…
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ
Ա
Բայց կարելի՞ էր Հայաստանն ազատել այն թոկից, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատրաստել էր նրա վիզը գցելու եւ նրան խեղդամահ անելու համար։ Այո՛, կարելի էր, բայց դրա համար հարկավոր էր չլինել ո՛չ Վրացյան եւ ո՛չ էլ Խատիսյան։ Ճիշտ է՝ հայ պատվիրակությունը փակված էր Ալեքսանդրապոլի միջնաբերդում, ճիշտ է՝ թուրքերի առջեւ բաց էր ճանապարհը մինչեւ Երեւան։ Բայց ճի՞շտ է եւ այն, որ հայ ժողովուրդն այդ միջոցին անօգնական էր միանգամայն։ Ո՛չ, այս ճիշտ չէր։
Դեռ Ալեքսանդրապոլի թշվառ բանակցությունները չէին սկսել, երբ նոյեմբերի 20-ին Հայաստանի հյուսիս-արեւելյան ծայրում, Երեւանի ճանապարհին եւ Երեւանից էլ ոչ հեռու, այն է՝ Դիլիջանում, հայտարարվեց Սարգիս Կասյանի նախագահությամբ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ահա այս հանգամանքն էր, որ ցույց էր տալիս, թե Հայաստանն անօգնական չէր։ Դիլիջանի խորհրդայնացումը մտցնում էր Հայաստանի սահմանների մեջ Ռուսաստանի զինվորական ուժը։ Դարձյալ, ուրեմն, Ռուսաստանն էր, որ գալիս էր Հայաստանի դուռը ծեծելու եւ իր ուժեղ օգնությունն առաջարկելու։ Հասկացող գլուխ էր պետք այդ խոշոր երեւույթն ըմբռնելու եւ օգտագործելու386386
Ընդգծումը մերն է – Մ.Հ.։
[Закрыть] համար։ Հարկավոր էր անմիջապես զարգացնել եւ համայնացնել Դիլիջանի խորհրդայնացումը, նրա ձեռքը տալ ամբողջ պետությունը՝ թուրքական պատերազմի հետ, եւ թույլ տալ, որ նոր իշխանությունն ինքը վերջացնի գործերն ու հարցերը՝ ինչպես կարող է։ Այս մի արտակարգ մտավոր կարողություն չէր պահանջում Հայաստանի կրիտիկական այդ օրերին։
Ամեն ինչ մոռանում է դաշնակցականը մի կտոր իշխանություն ձեռքում պահելու համար։ Մի 8-10 օրվա թշվառ վարչապետության համար էր, որ Վրացյանը անասելի աղետ էր բերում հայ ժողովրդի գլխին։ Իր իշխանությունը փոխանակ Կասյանին հանձնելու ու այդպես անհետանալու, նա հանձնում էր Դրոյին, որպեսզի Ալեքսանդրապոլի դաշնագրի խայտառակությունը մինչեւ վերջին ումպը միայն եւ միմիայն Դաշնակցությունը վայելի։ Եթե այդքան քառակուսի էր ինտելիգենտ դաշնակցականի գլուխը, ի՞նչ պիտի լիներ ֆիդային, որի համար գերագույն իմաստությունը մաուզեր «կայծելն» էր։ Փոխանակ Ալեքսանդրապոլի պատվիրակությանը հայտնելու, թե նրա լիազորությունները վերջացած են, քանի որ պետական ռեժիմը եւ իշխանությունը փոխված են Հայաստանում, նա վերջին րոպեին հրաման էր տալիս ստորագրել անառակ պայմանագիրը… Այսպես է եղել հայ ժողովրդի ճակատագիրը ֆիդայականության ձեռքում։
Բայց վերջապես, ահա նա ընկավ, ջարդ ու փշուր եղավ ու այլեւս չի կանգնի։ Հայ ժողովուրդն արյուն է լացում իր պաղած երկնքի տակ։ Նա լցրել է Փամբակի լեռնադաշտերը, Լոռու խորաձորերը, բարձրացել է Սեւանի բքամոլ մեջքը։ Եվ ահա հյուսիսից, ձյուները պատռելով, քաղցն ու ծարավը մոռացած ռուս զինվորն է շտապում նրան՝ այդ նորից եւ նորից տառապանքի մատնված ժողովրդի ծվենները պատսպարելու եւ պաշտպանելու համար։ Որքան թույլ էր տալիս մենշեւիկյան Վրաստանի կասկածամտությունը, որքան կարելի էր անտես անել Ժողովրդական կուսակցության ինձ շրջապատող թոնթորոցները, ես ասում էի իմ խմբագրած թերթի մեջ, թե հայ ժողովրդի փրկությունը այդ է միայն, թե ուրիշ փրկություն չկա նրա համար։ Վրաց լրագրերն արդեն խոսում էին հայկական «դավաճանության» մասին, իսկ ես պատասխանում էի, թե ամեն մի ժողովրդի սրբազան իրավունքն է պահպանել իր ֆիզիկական գոյությունն այնպես, ինչպես ի՛նքն է լավ համարում, եւ թե ո՛չ ոքի իրավունք չի տրված պահանջել նրանից այն, ինչ ինքը ընդունելի չի համարում իր կենսական շահերի տեսակետից387387
Սա բացարձակ ճշմարտություն է. նախընթաց շարադրանքում մենք տեսանք թուրքերի հետ սեպարատ պայմանավորվածության գնացած վրացիների գրեթե նույն խոսքերը. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։ Այստեղ դավաճանություն չկա, ընհակառակը՝ հակառակն է դավաճանություն, երբ ելակետ չի ընտրվում սեփական շահը, այն զոհաբերվում է հանուն քաղաքականության մեջ անգո արժեքների։
[Закрыть]։
Խորհրդային կարգն առաջին իսկ քայլից բերում էր այն նոր հանգամանքը, որ հայ ժողովուրդն այլեւս մեկուսացած չէր՝ անտարբերության մատնված, կեղեքվող ու գիշատվող մի ազգագրական միավոր, այլ ձեռք էր բերում եւ՛ համակրանք, եւ՛ եղբայրական վերաբերմունք ուրիշ խորհրդային հանրապետությունների կողմից։ Այս արդեն այն մուրածո համակրանքը չէր, որ մենք հարյուր հազարավոր կոտորածների գնով ստանում էինք բուրժուական Եվրոպայից, երբ մեզ համակրում էին իբրեւ մի դժբախտ եւ թշվառացած ժողովրդի։ Այս համակրանքը բոլորովին ուրիշ էր՝ համակրանք դեպի աշխատող, կենսունակ մի ժողովուրդ, իրավահավասար եւ իրավատեր՝ իր բախտը դարբնելու ընդհանուր գործակցությամբ եւ փոխադարձ աջակցությամբ։ Ի՜նչ դյութական փոխակերպություն։ Խորհրդային Հայաստանը ջերմապես եւ եղբայրաբար ողջունվում էր Ադրբեջանի կողմից, այն Ադրբեջանի, որ մուսավաթական ռեժիմի տակ հայության ամենաոխերիմ, արյունարբու թշնամին էր։
Բայց խորհրդային կարգերը մենք՝ Թիֆլիսում ապրողներս, դեռ չէինք տեսել։ Նրա մասին սարսափներ էին պատմում, եւ ոչ միայն բերանացի, կեկելական ոճով, այլ մանավանդ լրագրերի մեջ՝ ռադիոհեռագրերի եւ արտասահմանյան թղթակցությունների ձեւով։ Այնպես էինք մենք իմանում, որ բոլշեւիկները ոչ միայն ուրիշներին են կոտորում, այլեւ իրար։ Քանի անգամ լրագրերը մեռցրին Լենինին։ Հիշում եմ, մի օր էլ լուր եկավ Լունաչարսկու մահվան մասին, եւ հանգուցյալ Գեորգի Թումանովը տպեց նրա մահախոսականը «Слово» – ի մեջ։ Այսօր, սակայն, ինքը՝ Թումանովն արդեն փտել է հողի տակ, մինչդեռ Լունաչարսկին ճանապարհորդում է Կովկասում։ Սուտն ու ճիշտը տուտ-տտի էին տվել, ո՜վ էր ջոկողն ու հասկացողը։ Սարսափներ էին պատմում, ինչ թաքցնեմ, նաեւ Երեւանից։ «Слово» – ն, որ բավականաչափ դաշնակցականություն անող մի լրագիր էր, երկու անգամ Երեւանից այնքան տխուր տեղեկություններ հաղորդեց բոլշեւիկների կատարած խժդժությունների մասին, որ երկու անգամն էլ կինս արտասվելով ներս մտավ, որ իմանա, թե այս ինչ բան է, եւ ինչ կլինի մեր երկու աղջիկների դրությունը Երեւանում։ Ես հազիվ-հազ հանգստացրի նրան ասելով, որ չպետք է հավատալ «Слово»–ին388388
Երեւանում կատարվող բոլշեւիկյան դաժան հաշվեհարդարների մասին վկայությունները շատ են։ Հաշվեհարդարներից ամենաանմարդկայինը հայ սպաների աքսորն էր դեպի հյուսիս, որոնց մի զգալի մասը հենց ճանապարհին ոչնչացվեց։ Պակաս եղերական չէր նաեւ այն, որ բոլշեւիկների իշխանավարման հենց առաջին օրերից Երեւանի բանտը լցվեց հայ մտավորականներով ու ֆիդայիներով։ Նրանց մի մասին հնարավոր եղավ ազատել փետրվարյան վիճահարույց ապստամբության շնորհիվ, իսկ մյուս մասին հայ բոլշեւիկները հասցրին գնդակահարել կամ կացնահարելով սպանել հենց բանտում։
[Закрыть]։
Բայց ահա եկավ 1921թ. փետրվարը, եւ մի օր լսեցինք, թե, հրես, բոլշեւիկները գալիս են Թիֆլիսի վրա, եւ նրանց մի մասն էլ լոռեցիք են։ Վա՛հ, այս ինչ բան էր։ Ես արդեն պատմել եմ, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ նեղն ընկած դաշնակցականները Լոռու հայկական մասը, սկսած Քոլագերան կայարանից, երեք ամիս ժամանակով տվել էին մենշեւիկներին, իսկ սրանք վերցրել եւ միացրել էին Վրաստանին։ Այս բանը որպես թե հենց հայ ժողովրդի ցանկությամբ էր կատարվել։ Վրաց կառավարության անդամները շրջում էին գյուղերում, հայերից համախոսական էին ստանում Սահմանադիր Ժողովի անունով, թե իրենք ուզում են եւ խնդրում են լինել Վրաստանի հպատակ։ Եվ երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը մենշեւիկներից պահանջեց կատարել դաշնակցականների հետ կնքած պայմանագիրը, մենշեւիկները պատասխանեցին մերժումով։ Հիմա Լոռին ցույց էր տալիս, թե ինքն այնքան էլ հեշտ կլլվելի կտոր չէ։ Նա ապստամբել էր եւ դուրս վռնդել մենշեւիկյան զորքերը…
Նոր հայ-վրացական պատերազմ… ի՜նչ ոռնոց մենշեւիկյան եւ նացիոնալիստական վրաց մամուլի մեջ։ «Այս անգամ մենք հայերին չենք խնայի, պետք է լուծենք եւ Թիֆլիսի հարցը»։ Եվ նորից Թիֆլիսի հայությունը կուչ եկավ, շունչ չէր կարողանում քաշել։ Գնալով-գնալով շատանում էր այն մարդկանց թիվը, որոնք կարծում էին, թե հնարավոր է հայերի կոտորածը Թիֆլիսում։ Եվ ես անձամբ հավատում էի այդ հնարավորությանը, որովհետեւ ազգայնական կրքերի գրգռումը հասել էր անհնարին չափերի։ Սոցիալիստ մենշեւիկների եւ շովինիստ ազգամոլների մեջ այլեւս ոչ մի տարբերություն չէր մնացել հայատյացության հարցում։ Երկուսն էլ շտապում էին օր առաջ [հայերին] դատարկել Թիֆլիսից։ Ես այժմ էլ չեմ կարողանում պահել զզվանքս, երբ հիշում եմ, թե ինչպես մի օր ընկա միլիցիական կոմիսարի մի արբած օգնականի ճանկը եւ որքան հայհոյվեցի ու անարգվեցի սոսկ այն պատճառով, որ հայ էի։
Ինձ նա ձերբակալեց մի ամենաաննշան պատրվակով եւ, տանելով «ուչաստոկ», ամենքի եւ նույնիսկ կոմիսարի ներկայությամբ ամեն տեսակ անարգանք ու հայհոյանք թափեց վրաս՝ ասելով, որ բոլոր հայերս դուրս գանք կորչենք այս քաղաքից, ի՞նչ ենք նստել, ինչու չենք ձեռք վերցնում իրենցից։ Ի վերջո նա ինձ ծաղրել սկսեց իբրեւ հայ գրողի։ Զարհուրելի էր։ Ես շատ էի լսել ու կարդացել ոստիկանական վայրենությունների մասին, բայց այս արբած վայրենությունը եզակի էր389389
Հետաքրքիր է՝ ի՞նչ բառեր կօգտագործեր Լեոն, եթե ապրեր 2008թ. Երեւանում։
[Закрыть]։ Նա ցույց էր տալիս, որ մենշեւիկների ռեժմն էլ, հիմնված համատարած կաշառակերության, վաճառվածության ու «դերժիմորդայության»390390
Ռուսերեն՝ «ոստիկանական վայրենություն»։
[Закрыть] վրա, փտած էր, քայքայուն։ Եվ այս բոլորն ինձ բերում էր այն համոզման, որ անհնարին չէ այս տեսակ մթնոլորտի մեջ նաեւ հայկական կոտորածը։
Բայց մի օր այս ջարդարար տրամադրությունը փոխվեց արմատապես։ Պատերազմն արդեն եկել հասել էր Թիֆլիսին, ու մի օր չէ մի օր ռադիոհեռագիր կախեցին փողոցներում, թե Երեւանի մեջ հեղափոխություն է, բոլշեւիկները վռնդվել են, եւ կազմվել է նոր, խառը կառավարություն, որի գլուխն է դարձյալ Ալեքսանդրապոլի հաշտության հերոս Սիմոն Վրացյանը։ Միայն այս անունը բավարար էր, որ մենք հասկանայինք, թե այս ձեռնարկության գլխավոր դիրիժորն էլ Դաշնակցությունն էր։ Ամեն ինչ տվել էր նա հայ ժողովրդին, մնում էր չարիքների հրեշավորագույնը՝ քաղաքացիական պատերազմը, եւ նա կանգ չէր առնում նույնիսկ այս սարսափի առաջ։ Մինչեւ այժմ թուրքերն էին կոտորում հայերին, այժմ հայերը պիտի իրար կոտորեին, որպեսզի Վրացյանը նորից իր ձեռքն առնի այն թշվառ իշխանությունը։
Բոլոր հասկացող հայերը ողբում էին հայ ժողովրդի այս նոր դժբախտությունը, բայց ձայն հանել չէին կարող մենշեւիկյան Վրաստանում, որովհետեւ սա իր փրկությունը որոնում էր Վրացյանի արկածախնդրության մեջ եւ ուրախացած հեռագրում էր Երեւան. «Խփեցե՛ք թիկունքից»։ Սակայն այս ակնկալությունը միանգամայն զուր էր։ Խփել որեւիցե մեկին, թեկուզ հենց թիկունքից, Վրացյանը չէր կարող, նրա ամբողջ քաջագործությունն այն էր եղել, որ դավադրորեն խրել էր դանակը իր հարազատ մոր՝ հայ ժողովրդի կրծքի մեջ։ Եվ տեսնելով, որ Երեւանի ապստամբությունից օգուտ չկա, դառնացած Նոյ Ժորդանիան իր ամբողջ մաղձը թափեց հայ ժողովրդի վրա Հիմնադիր Ժողովում արտասանած մի ճառի մեջ, որ հավիտենական նախատինք կլինի մի սոցիալիստ պարագլխի համար։ Հայհոյելով հայերին՝ Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահը, իհարկե, ոչինչ չէր փրկում։ Բոլշեւիկյան թնդանոթներն արդեն ծեծում էին Թիֆլիսի դռները, ու թեեւ Նոյ Ժորդանիան մի այլ ճառի մեջ հավատացնում էր Հիմնադիր Ժողովին, թե Թիֆլիսն անառիկ է, թե դա Վերդենն391391
Լեոյի երգիծանքն ակնհայտ է. ֆրանսիական Վերդենում (հայտնի է «վերդենյան մսաղաց» արտահայտությունը), ընդամենը 15կմ տարածքով ճակատի վրա, 1916-ի փետրվարից մինչեւ դեկտեմբեր տեղի ունեցավ անձնուրաց պաշտպանություն. երկուստեք զոհերը գերազանցեցին 700 հազարը։
[Закрыть] է, որի մեջ բոլշեւիզմը կգտնի իր գերեզմանը, բայց այդ խոսքերի վրայով երկու օր չանցած՝ կես գիշերին, մենշեւիկյան բանակը լքեց Վրաստանի մայրաքաղաքը։
Հիշում եմ այդ ձյունառատ փետրվարյան առավոտը։ Տիրում էր խոր լռություն, որ չարագուշակ էր թվում շատերին։ Այդ այն ժամանակամիջոցն էր, երբ քաղաքում ո՛չ մենշեւիկյան ուժ կար, ո՛չ բոլշեւիկյան. կարող էր գլուխ բարձրացնել անիշխանությունը, մատնել քաղաքը ավարի։ Ահագին մեծամասնությունը հավատացած էր (եւ հավատացրել էին մենշեւիկները), թե, միեւնույն է, անիշխանություն եթե չլինի էլ, բոլշեւիկյան զինվորները քաղաք մտնելուն պես պիտի սկսեն կոտորել ու թալանել։ Տարածվել էր անասելի երկյուղ։ Պատուհանիս առջեւ կանգնած՝ ես տեսնում էի մարդկանց շարաններ, որոնք շտապում էին ազատել իրենց ստացվածքը։ Ամեն մեկը կա՛մ ձեռքում կրում էր մեծամեծ կապոցներ, կա՛մ մշակների շալակին էր դրել ամբողջ բեռներ։ Ամենքը գնում էին դեպի վերեւ, դեպի այն աղքատ թաղը, որ տարածված է Ս.Դավիթի սարի ստորոտում։ Մի բան գիտեն ամենքը՝ բոլշեւիկները չեն ձեռք տալիս աղքատներին։ Ուստի ունեւորը շտապում էր իր ինչքը ծածկել աղքատի տանը եւ այդպիսով ազատել։ Շտապ էին, գնում էին հեւիհեւ, որպեսզի ժամանակ չկորցնեն։ Եվ այսպես՝ ամբողջ օրը…
Իսկ կեսօրից հետո Կարմիր բանակն արդեն Թիֆլիսում էր։ Եվ ի՜նչ։ Փոխանակ կոտորածի եւ կողոպուտի՝ բազմամարդ փողոցներ, միտինգներ, զվարթություն եւ ուրախություն։ Շատերը արտասվում էին խանդաղատանքից։ «Ռուս զորքը վերադարձավ», – ասում էին նրանք՝ շրջապատելով զինվորներին, լսելով նրանց պարզ, գյուղացիական խոսակցությունը։ Այս ճիշտ էր. ռուս զորքն էր վերադարձել, ռուս գյուղացին, մուժիկը՝ դարձյալ հրացանը բռնած։ Բայց այս նախկին զորքը չէր՝ ցարականը, կոպիտ, լուռ, անհաղորդակից։ Այժմ ռուս զինվորը խոսում էր, դատողություններ էր անում այնպես, որ նրան լսում էիր մեծ հաճությամբ։ Դաստիարակվել էր ռուս մուժիկը, հոգեպես կերպարանափոխվել էր, եւ այս որքա՜ն կարճ միջոցում… Ի՜նչ ձեռք է եղել այն ձեռքը, որ այսպես վերակազմել է ժողովրդական զանգվածներին, գիտակցություն դրել նրանց մեջ։
Պատերազմի պաշտամունքով չեն ապրում նրանք, այլ իրենց համարում են խաղաղ ու արդյունավորող կյանքի պահապաններ, շահագործվող բազմությունների զինվորներ, որոնք բերել են իսկապես նոր կարգեր, նոր կյանք, նոր գաղափարներ։ Միանգամից հասկանալի է դառնում ամբողջ հիմքն այն ահավոր ու ահռելի տակնուվրայության, որ կատարվեց ու վերջացավ Ռուսաստանում այս երեք տարիների ընթացքում։ Նոր ռեժիմ է. այդ նոր ռեժիմի մեջ ապրել եւ լա՛վ ապրել կարելի է, բայց միայն մի անողոք պայմանով… իմանալ՝ որ հինը պետք է քանդվի մինչեւ հիմքի վերջին քարը, որ նրանից ոչինչ չպիտի մնա։ Նոր սերունդ է այս, բերել է իր աշխատանքը, իր գաղափարները, իր շինարարությունը։ Խոսքը միայն սրանցն է։ Ով չի հաշտվում այս քանդումի հետ, ով չի հաշտվում այս վերաշինումի հետ, որ պիտի կատարվի նոր հիմքերի վրա, նրա առջեւ խելոքության մի հատ ճանապարհ կա՝ գնալ, հեռանալ ու՛ր որ ուզում է, ինչպես ուզում է… Այսպես է իրականության երկաթե օրենքը, եւ ի՞նչ դուրս կգա նրան ճակատ խփելուց, եթե ոչ գլուխ պատռելը։
Զարմանալի օրեր էին։ Կենդանություն, եռուզեռ, թեթեւություն եք զգում կրծքի տակ, հեշտացել է շնչառությունը հենց միայն այն պատճառով, որ վերացել ու չքացել է այն նացիոնալիստական դժոխքը, որի մեջ տապակվում էինք մենք։ Այլեւս այլազգի մարդիկ իրար գազանի պես չէին մտիկ տալիս՝ իրար հոշոտելու պատրաստ։ Մարդկանց մեջ փոխադարձ վստահություն, հավատ են ծնվում։ Եվ միայն այսքանը ի՜նչ մեծ նվաճում էր։ Կհասկանա միայն նա, ով տոչորվել է գազանային նացիոնալիզմի դժոխքի մեջ։
Ով ինչպես, բայց մենք՝ հայ գրողներս, զգում էինք, որ իսկապես նոր օր է բացվել մեզ համար։ Երբ Վրաստանը խորհրդայնացավ, Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ժամանակավոր ներկայացուցիչ էր Թիֆլիսում Սուրեն Երզնկյանը, որը եւ այդ կարեւոր ժամանակամիջոցին շատ եռանդուն գործունեություն էր ծավալում։ Նրա լիազոր ներկայացուցիչն էր Արամայիս Երզնկյանը, ով աշխատում էր նույնպես մեծ եռանդով, անդուլ ու անդադար։ Երզնկյանների առաջին հոգսը եղավ հավաքել եւ կազմակերպել հայ գրականությունը, արվեստը, գիտությունը, պատրաստել նրանց համար տեղ ու կայան ստեղծագործող աշխատանքի համար։ Վերակենդանանում էր հայ գրողների ընկերությունը՝ մեր անմոռանալի Հովհաննես Թումանյանի նախագահությամբ։ Հիշում եմ մեր առաջին բազմամարդ եւ աշխույժ ընդհանուր ժողովն այժմյան Շահումյանի գրադարանի դահլիճում։
Եկավ Արամայիս Երզնկյանը եւ, ողջունելով մեծ հավաքումն, ասաց, որ բերել է մեզ ավետելու նոր սկզբունքներ։ Խորհրդային կարգը, որ նոր է հաստատվում Վրաստանի մեջ, իր հովանավորության տակ է առնում գրականությունը, արվեստը, գիտությունը։ Մեզանից պահանջվում է միայն աշխատանք։ Աշխատեցեք եւ ապրուստի մասին մի մտածեք, դուք կստանաք ձեր աշխատանքի վարձը պետությունից։ Հովհաննես Թումանյանը մի քանի խոսքով գրողների զգացմունքի թարգման հանդիսացավ՝ ասելով, որ՝ այո՛, ճիշտ է, որ հայ գրողներն առաջին անգամն են լսում այդպիսի սկզբունքներ։ Դրանք նոր են, բարերար եւ դուրս կբերեն հայոց գրականությունն այն աննախանձելի դրությունից, որի մեջ նա գտնվում էր մինչեւ այսօր։
Սկսվեցին եռուն, կազմակերպչական աշխատանքներ։ Մենք հաճախակի ժողովներ էինք անում, միանում էինք հայ երաժիշտների, նկարիչների եւ դերասանների հետ։ Մեզ խոստացել էին տալ հայոց ժողովարանի ամառային շինությունը, եւ մենք ճիշտ որ, կազմակերպեցինք այնտեղ առաջին երեկույթը, ուր հայ կոմունիստների կարկառուն դեմքերից մեկը՝ Պողոս Մակինցյանը392392
Պողոս Մակինցյան (1884-1938) – Գրաքննադատ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, դիվանագետ, ռուսական ՉէԿա-ի աշխատակից, Խորհրդային Հայաստանի ՆԳ եւ լուսավորության ժողկոմ, 1922-ի բոլշեւիկյան խայտառակ ուղղագրության գաղափարախոս եւ համահեղինակ։
[Закрыть], խոսեց գրականության մասին, ասաց, որ հայ գրողները մինչեւ այժմ եղել են հայ բուրժուաների ծաղրածուները, նրանց զվարճացնողները, այսուհետեւ պիտի դառնան անկախ եւ պատվավոր աշխատողներ, եւ նրանց կատարած գործը պետական գործ պիտի լինի։ Սակայն ժողովարանի շինության մեջ հաստատվել մեզ չհաջողվեց, եւ նույն Մակինցյանի՝ հայ գրականության այդ տաղանդավոր ներկայացուցչի անխոնջ ջանքերով էր, որ ստեղծվեց եւ կազմակերպվեց այժմյան Հայարտունը, ուր մի հարկի տակ միանում էին գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը եւ թատրոնը։ 1921 թվականը մեր Հայ գրողների ընկերության ամենաեռուն շրջաններից մեկն էր։ Մենք շարունակ ժողովներ էինք անում, կազմակերպչական հարցեր էինք ծեծում, նոր կանոնադրություն էինք մշակում եւ պատերազմական կոմունայի բոլոր արտոնություններն էինք վայելում։
Չեմ կարող չհիշատակել այստեղ մի մասնավոր, բայց շատ բնորոշ դեպք, որ ցույց է տալիս խորհրդային ռեժիմի վերաբերմունքը առհասարակ դեպի մտավոր գործունեությունը։ Դեռ նոր-նոր էր Թիֆլիսը կարմիր դարձել, իրիկնապահին մոտ ես գնում էի Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովին, երբ բնակարանիս մուտքի մոտ հանդիպեցի երկու կարմիրբանակայինի, որոնք հայտնեցին, թե եկել են իրենց համար սենյակ վերցնելու։ Ես խնդրեցի նրանց ներս մտնել եւ տեսնել սենյակները, ու ինքս գնացի ժողովի։ Գիշերը վերադառնալիս ես համոզված էի, թե կգտնեմ երկու զինվորներին իմ բնակարանում։ Բայց եկա՝ ոչ ոք չկար։ Բանից դուրս եկավ, որ զինվորները, տեսնելով նախ իմ գրադարանը, որ գրավում է իմ փոքրիկ բնակարանի մեջ մի ամբողջ սենյակ, ապա մտնելով իմ սենյակը եւ տեսնելով սեղանիս վրա դարսված գրքերն ու թղթերը, հարցնում են փոքր աղջկանիցս, թե՝ հայրդ գրո՞ղ է, եւ ստանալով դրական պատասխան, գնում են՝ ասելով, թե չեն ուզում ինձ անհանգստացնել…
Բ
Բայց մինչ Թիֆլիսում նոր ժամանակի վաղ-վլվլուկներն էին ծավալվում, Հայաստանում բոլորված էր ազգամիջյան393393
Այս բառն ունի նաեւ «ներազգային» իմաստը, որը հանձնարարելի չէ, թեեւ Լեոն կիրառել է։
[Закрыть] եղբայրասպան պատերազմը։ Համառ կռիվներ էին տեղի ունենում Երեւանի հյուսիսային կողմերում. միեւնույն ժողովրդի երկու հատվածները, իրար դեմ լցված անսահման կատաղությամբ, պատրաստվում էին իրար ոչնչացնել։ Կարմիր բանակի մասերը Վրաստանից ուղղվեցին դեպի այդ ընտանեկան պատերազմի դաշտը։ Ի՞նչ էր կատարվում Երեւանի մեջ՝ հաստատապես ոչ ոք չգիտեր։ Թիֆլիսի հայկական շրջանակներում այն կարծիքն էր տիրում, թե Վրացյանն ու իր ընկերները չգիտեն, որ Վրաստանն արդեն գլխովին խորհրդայնացել է, որ մենշեւիկները փախել են արտասահման, ուստի եւ շարունակում են կռվել՝ հույսերը դրած մենշեւիկների օգնության վրա։ Այդ պատճառով որոշվեց մի պատվիրակություն ուղարկել Երեւան՝ հաստատ տեղեկություններ հաղորդելու եւ համոզելու համար, թե դիմադրությունն այլեւս ապարդյուն է։ Բայց պատվիրակության փոխարեն կարելի համարվեց ուղարկել միայն Հովհաննես Թումանյանին, որ եւ անհապաղ ճանապարհ ընկավ։ Վերադարձավ նա բավական ուշ, Վրացյանի արկածախնդրության վերջ դրվելուց հետո, եւ մի օր Հայարտան դահլիճում հանգամանորեն եւ փաստալից մի զեկուցում արավ նրա անդամների առջեւ։
Բանից դուրս եկավ, որ փետրվարյան ապստամբությունը Դաշնակցության ինքնասպանության վերջին գործողությունն էր եղել։ Դեռ նոր սարսափելի կերպով ջարդ ու փշուր եղած Քյազիմ Կարաբեքիր-փաշայից՝ դաշնակցական անխելք տղաները ձեռնարկել էին պատերազմելու արդեն Կարաբեքիրից շատ [ավելի] հզոր Ռուսաստանի դեմ։ Կապովի գժի մի գործ։ Հովհաննես Թումանյանին Վրացյանն ընդունել էր իբրեւ թշնամու եւ տնային բանտարկության էր ենթարկել՝ ասելով, թե նա վհատություն է մտցնում Հայաստանի փրկության կոմիտեի զորքերի մեջ։ «Հայաստանի փրկության կոմիտե»՝ այսպես էր իրեն հորջորջում Վրացյանի այս նոր կառավարությունը։ Ինչպե՞ս էր նա ուզում փրկել Հայաստանը։ Հովհաննես Թումանյանը բերել էր իր հետ Փրկության կոմիտեի օրգան «Անկախ Հայաստանի» մի քանի համարներ եւ երկար ընթերցումներ արավ նրանից։ Ընթերցումներ, որոնք ապշեցուցիչ տպավորություն թողին լսողների վրա։
Վատ թղթամոլի նման ամեն ինչ, նույնիսկ պատիվ տանուլ տված դաշնակցականները փոխանակ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրից հետո գետինը մտնելու եւ անհայտանալու՝ հույսները հիմա դրել էին Կարաբեքիրի վրա եւ ուզում էին նրա հետ միանալ ու նրա հետ միասին կռվել Ռուսաստանի դեմ։ Ա՜յս եղանակով պիտի կատարվեր Հայաստանի ազատությունը։ Դաշնակցությունը մեղայական էր կարդում Թուրքիայի առաջ, դատապարտում ու նզովում էր իր ամբողջ անցյալը, իր պապերին ու սրբերին, իր հազարավոր նահատակներին։ «Մենք երեսուն տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմանցիությունը, – գրում էր «Անկախ Հայաստանը», – մինչդեռ մեր իսկական թշնամին ռուսն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ»։
Հիշողությանս մեջ չի մնացել այդ հոդվածների ամբողջ բովանդակությունը։ Տալիս եմ հիմնական միտքը։ Հիշում եմ՝ մենք չէինք հավատում մեր ականջներին, այնքան զզվելի էին այդ մեղայականների լպիրշ դարձվածքները, այնքան ստոր էր այդ քծնող գետնաքարշությունը։ Երեսուն տարի ապրել իբրեւ հեղափոխական կուսակցություն եւ գալ հասնել այսքան նողկալի ցածության… Մարդու հավատը չէր գալիս, այնքան կոպիտ-շնական էր այս տեսարանը։ Եվ ի՜նչ։ Այս միայն լրագրական տեսություն չէր, այս մի թեորիա չմնաց, այլ, ինչպես իմացանք հետագա հաղորդագրություններից եւ տպված նամակներից, Վրացյանը այդպիսի մի ցնորամիտ առաջարկություն արել էր օսմանցիներին։ Բայց Կարաբեքիրը Վրացյան չէր, նա լավ գիտեր իր երկրի շահերը։ Դաշնակցական շեֆն էր, որ չէր կարողանում ըմբռնել, թե չկա այլեւս մեկը, եւ չի կարող լինել մեկը, որ հավատ ընծայի իրեն եւ իր կուսակցությանը։ Չէր ըմբռնում եւ այն մանավանդ, որ եթե Թուրքիան ազատվել էր վերջնական խորտակումից, այդ միայն շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի օգնության էր, օգնություն, որին կարոտ էր Թուրքիան ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հետո էլ, երկար ժամանակով։ Էլ ի՞նչը պիտի հարկադրեր, որ Թուրքիան հակառակ գնար իր այդ բարերարին։ Դաշնակցության սե՞րը։ Ո՜հ, բայց այստեղ այլեւս ինչպես պահես ծիծաղդ, դառն հեգնական ծիծաղդ…
Թեեւ պատերազմն արդեն ամսից ավելի էր տիրում, բայց պարզ էր, որ Վրացյանի եւ ընկերների դրությունը հուսահատական էր, ուստի եւ հուսահատական էին նրանց ընդունած միջոցները։ Ինչպես հուսահատական էր օսմանցիներին դիմելը, հուսահատական էին եւ ժողովրդին մոլորեցնելու, խաբելու ճիգերը։ Այն ժամանակ, երբ Վրաստանում այլեւս մի հատ դիմադրող մենշեւիկ չէր մնացել, Երեւանում հեռագրեր էին թխվում, թե մենշեւիկները հաղթություններ են տանում, թե նրանց հետ բոլշեւիկների դեմ կռվում են Անտանտի նավերը՝ ռմբակոծելով Սեւ ծովի ափերը։ Միաժամանակ դժբախտ ժողովրդին հուսահատական վճռականություն հաղորդելու համար հավատացնում էին, թե ռուս զինվորներն իրենց հետ ունեն եւ կացիններ եւ այդ կացիններով կոտորում են ժողովրդին, թե Թիֆլիսում այս կերպով ջարդել են 15 հազար մարդ, եւ ամբողջ Բեհբուդյան փողոցն այլեւս գոյություն չունի։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այս կացնի սարսափն այնքան մեծ է եղել, որ Աշտարակի կողմից մի քանի հարյուր ընտանիքներ փախել գնացել են, որ Արաքսն անցնեն եւ թուրքերի մոտ ապահովություն գտնեն։
Եվ հասկանալի է, որ երբ Կարմիր բանակի առաջխաղացումներն անկարելի է լինում կանգնեցնել, ամբողջ Երեւանը եւ նրա շրջակա գյուղերը պոկվում են տեղից եւ փախչում Վրացյանի եւ նրա զորքի ետեւից դեպի Զանգեզուր։ Փախչողների ընդհանուր թիվը, ինպես ասում են, հասնում էր 30-35 հազարի։ Մնացած փոքրաթիվ ժողովուրդը տեսավ Կարմիր բանակի մուտքը Երեւան. տեսավ, որ նա կացիններ394394
Կացնահարման սարսափն անհիմն չէր. ըստ վկայությունների՝ կասյանական Հայաստանում հենց կացնահարման միջոցին էին դիմել հայ բոլշեւիկները՝ ադրբեջանցի մսագործների ձեռքով մանավանդ Երեւանի բանտում արգելափակված դաշնակցական գործիչներին, մտավորականներին եւ սպաներին ոչնչացնելու համար։ Իսկ փետրվարյան ապստամբության ճնշումից հետո իրենք՝ բոլշեւիկները, դատապարտեցին Խորհրդային Հայաստանի՝ 1920թ. դեկտեմբերից մինչեւ 1921թ. փետրվար իշխած հայ բոլշեւիկների (մանավանդ Կասյանի եւ Ավիսի) վայրենի քաղաքականությունը։
[Закрыть] չունի, ոչ ոքի չի սպանում, ոչ ոքից բան չի խլում։ Եվ հանգստություն ու վստահություն տիրեց կիսով չափ ամայացած երկրում։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այդ բանի մեջ մեծ դեր կատարել է Կարմիր բանակի կոմիսար Օրջոնիկիձեն։ Նա դատապարտել է հայ կոմունիստների չափազանցությունները, որոնք դժգոհություն էին պատճառել ժողովրդին, եւ բաց է արել իր մի ճառի մեջ խորհրդային ռեժիմի իսկական պատկերը, որ բոլորովին չի ձգտում խլել ժողովրդից նրա ազգային ինքնուրույնությունը, այլ, ընդհակառակը, լայն հնարավորություն է տալիս զարգացնելու իր մշակութային արժեքները։
Դաշնակցական արկածախնդրությունը հիմա էլ կառչում էր Զանգեզուրի սարերից, որպեսզի այնտեղից պատերազմական գործողություններ սկսի խորհրդային Երեւանի դեմ։ Վրացյանի հույսն այժմ Քյազիմ Կարաբեքիր-փաշայի վրայից թռել էր իրենց [կողմից] չափազանց փառաբանված, բայց վերջը հենց իր՝ Դաշնակցության կողմից դատապարտված «Սյունյաց սպարապետ» Նժդեհի վրա։ Բայց Երեւանում կազմակերպվեց խորհրդային նոր կառավարություն, որի գլուխ անցավ Մոսկվայից նոր եկած եւ կոմունիստական գործիչների շարքերում անուն հանած Ալեքսանդր Մյասնիկյանը, որ մինչեւ այդ հայտնի էր իբրեւ շատ եռանդուն գրական գործիչ՝ Ալ. Մարտունի կեղծանվան տակ։ Նոր խորհրդային կառավարությունը սկսեց մի ուժեղ եւ եռուն գործունեություն, որի նպատակն էր ազատել քարուքանդ երկիրը քաղաքացիական պատերազմի վերջին հետքերից եւ վերականգնել շինարար ու խաղաղ կյանքի ընթացքը։
Առաջին կետին հասնելու համար արշավանք սկսվեց Զանգեզուրի վրա, եւ Նժդեհի զորքերը, անդադար ետ մղվելով, սեղմվեցին Արաքս գետին եւ անցան պարսկական հողը։ Վրացյանն իր ընկերներով շարունակեց իրեն համարել «հայոց կառավարություն» եւ այդ բարձրահնչյուն, բայց միանգամայն անշքացած տիտղոսով նստել Թավրիզում. լավ որ՝ իր հետ Երեւանից փախցրել էր ժողովրդին պատկանող պետական հարստությունները։ ճիշտ միեւնույնն արել էին եւ Վրաստանի մենշեւիկները, եւ Նոյ Ժորդանիայի կառավարությունն էլ ապաստան էր գտել Փարիզի մեջ։
Զանգեզուրը միացվեց Խորհրդային Հայաստանին։ Առանց այն էլ մի լեռնային աղքատ երկիր՝ այն քարուքանդ էր եղել չորս տարիներից ի վեր՝ կտրված լինելով աշխարհից եւ շարունակական կռիվների ասպարեզ դարձած, [այն] այժմ կարող էր միայն ծանր հոգսեր պատճառել Հայաստանի կառավարությանը։ Հարկավոր էին իսկապես հսկայական ջանքեր սովի եւ ավերումների հայրենիք դարձած մի այնպիսի երկրում, ինչպիսին ամբողջ Հայաստանն էր, բնականոն կյանքի նոր ծիլեր տնկելու համար։ Եվ այդ ջանքերին էր, որ ձեռնամուխ էր լինում Ալ. Մյասնիկյանի կառավարությունը։ Նախեւառաջ նա ընդհանուր ներում հայտարարեց, եւ դրանից օգտվելով՝ Պարսկաստան փախած տասնյակ հազարներով մարդիկ հետզհետե վերադարձան խմբերով եւ իրենց աշխատանքները վերսկսեցին։ Սովի ու աղքատության դեմ պատերազմ էր սկսվում, եւ այդ բանի մեջ Հայաստանին եղբայրական օգնություն էին հասցնում հարեւան խորհրդային հանրապետությունները (Ադրբեջան եւ Վրաստան), բայց մանավանդ Ռուսաստանը, որ թեեւ ինքն էլ սաստիկ նեղված էր մեծ սովից, բայց եւ այնպես, միջոցներ էր գտնում լիաբուռն բաժիններ հանելու իր փոքրիկ եղբորը։ Հացի, շաքարի, նավթի, կտորեղենի պաշարներ էին մտնում Հայաստան։ Ամերիկական բարեգործությունն առաջվա պես ահագին օգնություն էր հասցնում որբերի եւ այրիների երկրին։
Ուտեստի ու հագուստի հոգածության հետ եւ նրանից ոչ պակաս չափերով հոգացվում էր եւ հոգեւոր մշակույթի կարիքը։ Լուսավորության կոմիսար Աշոտ Հովհաննիսյանը սկիզբ էր դնում գրքերի, դպրոցական պիտույքների այն մեծամեծ գնումներին, որոնք խոշոր գումարներ էին կլանում, բայց փոխարենը լցնում էին Երեւանը գրքերի, գործիքների, գեղարվեստական արտադրությունների անհուն հարստություններով։ Այդ գործը մեծ եռանդով շարունակում էր նրա հաջորդը՝ Պողոս Մակինցյանը, որի մեծ ջանքերի շնորհիվ Մոսկվայից Երեւան էին փոխադրվում Լազարյան ճեմարանի հարստությունները, Էջմիածնի ձեռագրերն ու թանգարանը։ Այնպես որ, Երեւանում հետզհետե իրար ետեւից հրաշքի պես բսնում էին այնպիսի խոշոր հիմնարկություններ, որոնց մասին մինչեւ այդ մտածել անգամ չէր համարձակվել այդ դժբախտ քաղաքը՝ հանրային մեծ գրադարան, մեծ պատկերասրահ, թանգարան, պետական թատրոն՝ մշտական ներկայացումներով, համալսարան՝ բժշկական ֆակուլտետով եւ այլն, եւ այլն։
Հիշատակեմ, վերջապես, եւ ամենապատվավոր հանգամանքը. Հայաստանի կառավարությունն առաջինն էր Աշոտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, որ կենսաթոշակ էր հատկացնում հայ վաստակավոր գրողներին, գեղարվեստի գործիչներին, դերասաններին։ Կառավարության մյուս ճյուղերն էլ իրենց ձեռնահասության շրջանում կատարում են կարեւոր աշխատանքներ՝ երկրի տնտեսական կարողությունը մեծացնելու համար։ Այս կողմից նշանավոր են մանավանդ հողագործության կոմիսարիատի (կոմիսար Արամայիս Երզնկյան) ջանքերը՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Ամենամեծ ուշադրություն գրավողը ոռոգման գործն է, որ Հայաստանի համար իսկապես կյանքի եւ մահվան հարց է։ Եվ Հայաստանի խորհրդայնացման սկզբից ծայր է առել ջրանցքաշինական մի եռանդ, որի նմանը Արարատյան նահանգը գուցե չի տեսել ուրարտական շրջանից ի վեր։
1921 թվականի օգոստոսին, ասել է՝ հազիվ չորս ամիս անցած այն օրից, երբ Դաշնակցությունը վերջին անգամ թոթափեց իր ոտքերի փոշին Երեւանում եւ գնաց իր ախ ու վաշերով օտար հորիզոնները լցնելու, ես առիթ ունեցա Երեւան գնալու։ Եվ ի՜նչ նմանություն անցյալ տարվա տեսածիս՝ հենց Թիֆլիսից սկսած։ Արդեն Կովկասյան Դաշնության (ֆեդերացիայի) հիմքերն էին դրվում. հաղորդակցության ճանապարհները միացված էին, ներքին մաքսատները՝ վերացված։ Մեր երկաթուղին առաջվանը չէ այլեւս։ Անցնում ենք Սադախլոն, անցնում ենք Սանահինը, անցնում ենք Քոլագերանը, ամենքն էլ սովորական կայարաններ են եւ ոչ թե առաջվա տանջարանները։ Սահմանագլխային մղձավանջը վերացել է, ի՜նչ բախտ մանավանդ տեղային ազգաբնակչության համար։ Փոխված է նաեւ դաշտային տեսարանը Հայաստանում։
Գյուղացին այլեւս հրազենով չի գնում դաշտ՝ իր մանգաղն ու մաճը աշխատեցնելու համար։ Էջմիածնի կայարանում այլեւս թնդանոթներ չկան։ Ուլուխանլուն այլեւս թշնամի երկիր չէ։ Ամեն տեղ խաղաղ աշխատանքի հնարավորություն է տրված լիուլի։ Հայ ու թուրք իրար հանդիպում են, իրար հետ խոսում են, աշխատանք են կատարում, բայց արդեն ո՛չ սպանություն, իրար մորթելու աշխատանք։ Երկիրը յոթ տարուց ի վեր կարոտել էր շինարար աշխատանքի եւ այժմ աշխատում էր անհագ, ագահորեն։ Բայց դեռ շատ էին անցյալի արյունոտ ժառանգության մնացորդները։ Դեռ սոված ու մերկ մարդիկ շատ կային, դեռ անխնամ մնացած որբերը թափառում էին փողոցներում։ Կնքվեց Կարսի դաշնագիրը, որ վերահաստատեց Ալեքսանդրապոլի դաշնագրի սահմանները, եւ մենք զրկվեցինք նույնիսկ Անիից։
Փոքր էր Հայաստանը, այո՛, բայց ամրացվում էր, ապահովագրվում դժբախտ պատահարներից։ Առաջին ապահովությունն այն է, որ նրա սահմանների վրա նորից կանգնած է ռուս զինվորը։ Հետո գալիս է կոմունիստական կուսակցության խոշոր, ուղղակի հրաշալի գործը՝ Կովկասյան Ֆեդերացիան։ Կարելի՞ էր երեւակայել մենշեւիկի, մուսավաթականի, դաշնակցականի ժամանակ մի այսպիսի բան, որ թուրքը, հայը եւ վրացին ունենան միեւնույն տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը՝ համերաշխության եւ փոխադարձության սկզբունքների վրա դրված։ Ասիական հողի վրա դրված այս մեծ, աննախադեպ հիմնարկությունը ֆեդերատիվ կենտրոն դարձրեց Թիֆլիսը, եւ Ալեքսանդր Մյասնիկյանն այնտեղ տեղափոխվեց՝ ավելի բարձր պաշտոնով, իսկ Հայաստանի կառավարության գլուխ անցավ Ս. Սրապիոնյանը (Լուկաշին), որի ղեկավարությամբ Հայաստանի վերաշինության գործը շարունակվում է նախկին եռանդով մինչեւ այսօր։
Անդրկովկասյան [այս] դաշինքով Հայաստանը պատյանավորվում էր մի անգամ եւս, եւ այս անգամ՝ վերջնականապես։ Իր ֆեդերացիայի հետ միասին նա դարձել է անդամ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, որ բովանդակում է իր մեջ ամբողջ Ռուսաստանը։ Եվ ներկայումս նա պատիվ ունի [լինել] մեկն այն քաղաքական կազմակերպություններից, որոնք, չնայած իրենց փոքրության, անխոցելի են, քանի որ նրանց պաշտպանության համար կանգնած է 100 միլիոն ազգաբնակչություն ունեցող Ռուսաստանը։
Բայց այս արդեն այժմեություն է, չի կարող մտնել իմ հիշողությունների մեջ։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.