Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 24

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 24 (всего у книги 32 страниц)

Шрифт:
- 100% +
Գ

Դեռ Կովկասյան ճակատի վրա կանգնած էր ռուսական խոշոր եւ հաղթական բանակը, ուստիեւ կարգը համեմատաբար դեռ կայուն էր։ Բայց ահա պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Ամենից առաջ սա կուսակցական մի խոշոր պարտություն էր նաեւ վրաց մենշեւիկների համար։ Չխեիձեն եւ Ծերեթելին, հազիվ ճողոպրելով, Վրաստան փախան, որ եւ այսպիսով դարձավ վերջնականապես պարտված կուսակցության ապաստարանը։ Զուր չէր, որ վրաց մենշեւիկները հեղափոխության սկզբից իրենց ձեռքն էին առել հեգեմոնիան բոլոր կովկասյան ազգությունների վրա։ Այժմ նրանք, հիմնվելով հենց այդ հեգեմոնիայի վրա, իրենց կուսակցական շահերը փաթաթում էին Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչության շլնքին եւ նրան կտրում բոլշեւիկյան Ռուսաստանից։ Այս տեսակ մի անարդար բան333333
  Անշուշտ, այստեղ Լեոն ինքն է անարդար վարվում, երբ անարդար է համարում վրացիների եւ ադրբեջանցիների անկախության ձգտումը, իրենց ազգային կյանքը հեղափոխությունների կրակների մեջ վառվող ու փլուզման ընթացքում հայտնված Ռուսաստանին հանձնելուց հրաժարումը։ Ուղիղ հակառակը, դա՛ է մարդկային առաջին բնական պահանջը՝ լինել Ազատ եւ Անկախ։ Լեոյի այսպիսի մոտեցումը բացատրելի է այն բանով, որ այս գործի գրության ընթացքում նա արդեն ականատես եւ տեղյակ էր ոչ միայն ցեղասպանությանն ու Արեւմտյան Հայաստանի մինչեւ վերջ հայաթափմանը, այլեւ Ռուսահայաստանի հսկայական տարածքների կորստին, նոր կոտորածներին, ուստի ողբերգականորեն սրված էին նրա զգացողությունները եւ հոգեբանորեն հասկանալի։ Եվ մեծ հաշվով՝ սա մոտեցում է ետին թվով։


[Закрыть]
վրաց մենշեւիկները չէին կարող անել, եթե միացած չլինեին «Մուսավաթի» հետ։ Այս կազմակերպությունը, իբրեւ երիտթուրքերի կուսակցության մի կովկասյան բաժանմունք, բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ չէր միայն, այլ առհասարակ Ռուսաստանի. չէին ուզում, որ ռուսները մնան Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում։ Ուստի մուսավաթականները միանգամայն համաձայն էին, որ Անդրկովկասը չճանաչի բոլշեւիկական Ռուսաստանին։ Վրաց հասարակության եւ մենշեւիկության մեջ էլ շատ զարգացած էր անջատողական գաղափարը, ուստի վիրա-թուրքական համաձայնությունը շատ կետերում բխում էր երկու ազգերի հասկացած շահերից։

Այլ էր հայ ժողովրդի դրությունը։ Նա շատ լավ ըմբռնում էր, որ իր համար ամենաիրականը ռուսական օրիենտացիան է, եւ որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող գտնել հանգստություն իր պատմական հայրենիքում։ Հենց այդ պատճառով էլ վրացիներն ու թուրքերն ատում էին հայերին, բացարձակ մեղադրում էին, թե նրանք են եղել, որ բերել են ռուսներին Անդրկովկաս, նվաճել են տվել։ Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած եւ թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ։ Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշեւիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեեւ մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշեւիկյան սոցիալիզմը բոլշեւիկյան սոցիալիզմից։

Երեք ազգությունները իբր թե միացան։ Կարծում էին, թե միացում է նշանակում երեքով մի սենյակի մեջ նստելը։ Հարցը սենյակի մեջ չէր, այլ նրա մեջ, որ երեք ազգությունների ղեկավարող կուսակցությունները ազգայնական էին մինչեւ ոսկորների ծուծը եւ ոչինչ մոռանալ, ոչինչ իրենց զիջել չէին կարող։ Միացման ամենամեծ թշնամիները հենց նրանք էին, որոնք նստել էին իրար կողք եւ ասում էին, թե միացել են։ Եվ ահա նոյեմբերին հայտարարվեց Անդրկովկասի կառավարության նոր կազմակերպություն։ Այս դեռ պաշտոնական եւ վերջնական անջատումը չէր Ռուսաստանից։ Դրությունը ձեւակերպվեց այնպես, թե նոր վարչությունը կլինի ժամանակավոր եւ կկրի տեղական հանգամանք, մինչեւ որ կհավաքվի համառուսական Սահմանադիր ժողովը։ Նոր կազմակերպվող իշխանության կենտրոնական մարմին դառնում էր Սեյմը, որ բաղկացած էր Սահմանադիր ժողովի համար Անդրկովկասից եւ Կովկասյան բանակից ընտրված անդամներից, որոնց թիվն ավելացվում է որոշ սկզբունքով, ըստ կուսակցական ցուցակների։ Այս կենտրոնական մարմինն էլ ընտրում է գործադիր իշխանություն, որ կվայելի ամբողջ ազգաբնակչության վստահությունը։ Սակայն այս կարգը չի պահպանվում։

Մինչեւ Սեյմի գումարումը, մի հասարակ հրամանով գոյություն է ստանում «Անդրկովկասյան կոմիսարիատը», որի մեջ բացարձակապես տիրապետող դերը պատկանում էր վրացիներին եւ գլխավորապես մենշեւիկներին։ Կառավարության նախագահի, արտաքին եւ ներքին գործերի (ապա նաեւ պատերազմական) մինիստրների պաշտոնները վրացիների ձեռքում էր։ Թուրքերը ստանում էին փոստ-հեռագրական եւ ճանապարհների հաղորդակցության մինիստրությունները, իսկ հայերին, որոնք ներկայացած էին լոկ դաշնակցականներով, տրվում էին գոյություն չունեցող ֆինանսների եւ հասարակական խնամատարության մինիստրությունները։ Հայ սոցիալ-դեմոկրատիայի մեկ ներկայացուցիչ էլ պորտֆել ուներ այդ կառավարության մեջ, բայց իբրեւ ընդհանուր ռուսական սոցիալ-դեմոկրատիայի անդամ եւ ոչ թե իբրեւ հատկապես հայերի կողմից ընտրված։

Պաշտոնների այս դասավորումը, իհարկե, առանձին նշանակություն չէր ստանա, եթե մենք գտնվեինք մի միջավայրում, ուր իսկապես եւ անկեղծորեն մարդիկ հավաքված լինեին ինտերնացիոնալ գաղափարներով։ Բայց Կովկասի երկնքի տակ այդպիսի միջավայր դեռ չկար. գազանային նացիոնալիզմն էր թաքնված բոլոր անվանումների եւ էտիկետների տակ։ Եվ երբ այսպես էր, փոխարկելով պաշտոնների բաժանումը սովորական պարզ լեզվի, ստացվում էր այն իրականությունը, որ իրեն հայ ազգի ամբողջությունը համարող Դաշնակցությունը կրում էր մի նոր չարաչար պարտություն՝ ստանձնելով երրորդական դեր կովկասյան նոր իրականության մեջ։ Այսպիսով հայ ժողովուրդը կորցնում էր իր ունեցած դիրքն ու նշանակությունը։

Իսկ որքա՞ն ճիշտ էր, թե Անդրկովկասը շարունակում էր մնալ Ռուսաստանի մի անբաժան մասը։ Այստեղ միայն բառերի խաղ կար եւ ոչ թե ճշմարտություն։ Ռուսաստան ասելով հասկացվում էր ամեն տեսակ Ռուսաստան, բայց ոչ երբեք բոլշեւիկյան։ Եվ որովհետեւ հոկտեմբերից հետո միմիայն բոլշեւիզմն էր Ռուսաստանի իրական տերը, ուստի դուրս էր գալիս, որ Անդրկովկասը 1917թ. նոյեմբերից արդեն իրապես անջատված էր Ռուսաստանից եւ իր գործերը կարգադրում էր ինքնագլուխ։ Առաջին քայլը, որ արվեց այս ուղղությամբ եւ որ ուղղակի ոճրագործություն էր հայ եւ վրացի ժողովուրդների, բայց մանավանդ առաջինի վերաբերմամբ, այն էր, որ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց մերկացնել կովկասյան ռազմաճակատը՝ հայտարարելով զորացրում եւ զենքի տակ պահելով միայն ազգային զորաբաժինները։ Սա նշանակում էր, որ երկրից հեռացվում էր ռուսական խոշոր եւ դեռ շատ ուժեղ բանակը։ Ճիշտ է, նրա մեջ արդեն սկսել էր բույն դնել քայքայումը, բայց Անդրկովկասյան կոմիսարիատը փոխարեն ամեն կերպ աշխատելու, որ այդ ուժը չքանդվի, չլքի այն երկիրը, որ դեռ նոր միայն հայտարարվել էր Ռուսաստանի անբաժան մաս, սկսեց ճամփու դնել նրան։

Ամեն ինչ չափազանց պարզվեց։ Թուրքերը սկսեցին հարձակումներ գործել ռուս գյուղերի վրա, քանդեցին, ավերեցին դրանք, կոտորեցին մարդկանց։ Ռուս գաղթական ազգաբնակչությունից շատ քիչ բան մնաց երկրում. մնացածները փախան Ռուսաստան։ Կատարվում էր, ուրեմն, «սրբում-մաքրում»։ Այդ նույն ժամանակ սկսված էր ռուսական մեծ բանակի տանջալից եւ արյունոտ նահանջը Արաքսի ափերից մինչեւ Հյուսիսային Կովկաս։ Բոլոր թուրքաբնակ վայրերում (Շարուր, Բորչալու, Թիֆլիսից մինչեւ Դերբենդ եւ էլ հեռու) զորամասերը պիտի պատերազմով ճանապարհ բաց անեին իրենց համար՝ շատ տեղերում նվաճելով յուրաքանչյուր քայլ տարածությունը։ Թուրքերն ուզում էին զինաթափ անել զինվորներին, խլել նրանց ամբողջ ռազմամթերքը։ Այս հողի վրա էր, որ տեղի ունեցավ Շամխորի մեծ աղետը, որ, ինչպես պատմել է ինձ մի շատ ազդեցիկ ինտելիգենտ թուրք, պատրաստել էին Գանձակի թուրք կալվածատերերը, եւ որին մասնակցեցին նույնիսկ Գանձակի գիմնազիայի թուրք աշակերտները։

Շամխորում դարանի մեջ ընկնողը մի խոշոր զորամաս էր՝ բաղկացած մոտ 3 հազար հոգուց։ Կոտորածից գրեթե ոչ ոք չազատվեց։ Թուրքական հարվածների տակ ընկան նույնիսկ ռուս սպաների կանայք եւ երեխաները։ Դավադրության մեջ մուսավաթ-մենշեւիկյան գործակցություն էր նկատվել։ Քննություն պիտի կատարվեր։ Տալիս էին Նոյ Ռամիշվիլիի անունը։ Եվ երբ լրագրերում փորձ եղավ արդարանալու նրանով, որ ռուսական զորքերի մաս-մաս ուղարկման կարգը տրված է եղել երեք ազգային խորհուրդների համաձայնությամբ, հայոց Ազգային Խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, թե ինքը ոչ միայն որեւէ համաձայնություն չի տվել, այլեւ Անդրկովկասից ռուսական զորքերի հեռանալը համարում է դժբախտություն։

Շուտով սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները։ Կրկնվում էին 1905-1906 թվականների անցքերը. տեղ-տեղ հայ-թուրքական համագումարների կոմեդիան էր երեւան գալիս՝ իբրեւ թե հաշտություն կայացնելու համար, բայց միաժամանակ այսինչ կամ այնինչ երկաթուղային կայարանում անմեղ մարդկանց իջեցնում էին գնացքներից եւ մորթում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին կամ թուրքեր։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքական ռազմաճակատի վրա՝ Երզնկա-Մուշ-Վան ուղղությամբ մնում էին հայ զորքերը։ Թուրքիայի հետ կռվողներն, այսպիսով, հայերն էին։ Անդրկովկասյան թուրքերը, միշտ ղեկավարված օսմանյան շտաբի սպաներով, խփում էին հայերին թիկունքից՝ դժվարացնելով ռազմաճակատը պաշարեղենով եւ ռազմամթերքով ապահովելու հնարավորությունը։ Այս կողմից կարեւորություն էին ստանում մանավանդ Բորչալու եւ Շարուր գավառների թուրքաբնակ այն մասերը, որոնցով անցնում է երկաթուղին։

Գաղտնի կազմակերպության ձեռքով ղեկավարվող թուրքերը հարձակումներ էին գործում գնացքների վրա։ Դաշնակցականներն էլ զբաղված էին «մաքրման-սրբման» գործով։ Սուրմալուի գավառի թուրք ազգաբնակչության մի նշանավոր մասը փախցված էր իր բնակության տեղերից։ Շատ գյուղեր Երեւանի եւ այլ գավառներում քանդված ու ավերված էին. հայ ֆիդայիները անօգուտ եւ անհարկավոր գազանություններ էին կատարում եւ այնտեղ, ուր թուրք տարրը, շատ փոքրաթիվ լինելով, չէր կարող ոչ մի վնաս հասցնել հայերին։ Վրդովեցուցիչ էր մասնավորապես Վարդանլու փոքրիկ գյուղի կոտորածը Փամբակի Մեծ Ղարաքիլիսա գյուղի մոտ։

Եվ ահա, այսպիսի փոխհարաբերությունների մեջ գտնվող ազգայնական կազմակերպություններն էին, որ Թիֆլիսի փոխարքայական պալատում նիստեր էին անում երկիրը համերաշխ միաբանությամբ կառավարելու համար։ 1918-ի հունվարին հավաքվեց Անդրկովկասյան Սեյմը։ Այնտեղ հայերի կողմից միմիայն դաշնակցականներն էին բազմած։ Ուրիշ որեւէ կազմակերպություն ներկայացուցիչ չուներ։ Մինչդեռ թուրք ազգաբնակչությունը, բացի մուսավաթականներից, ուներ մի քանի այլ անուններ կրող կազմակերպություններից պատգամավորներ, օրինակ՝ սոցիալ-դեմոկրատներ, անկախ սոցիալիստներ եւ այլն։ Վրացական կազմակերպություններն էլ՝ սոցիալ-ֆեդերալիստ, նացիոնալ-դեմոկրատ եւ այլն, նույնպես ներկայացված էին Սեյմում։ Եվ Դաշնակցությունն էլ, իհարկե, իրավունք էր ստանում հոխորտալու, թե ինքը կազմում է հայ ազգի ամբողջությունը, թե իրենից դուրս հայություն չկա։ Սա մի հիվանդոտ, խեղված դրություն էր։

Դ

Այսպիսի պայմանների մեջ էր երկիրը 1918թ. սկզբին, երբ թուրքական զորքերի հրամանատարության կողմից առաջարկություն եղավ հաշտության բանակցություններ սկսել։ Դրանից առաջ, դեկտեմբերին կնքվել էր զինադադար, որի պայմաններով երկու բանակների միջեւ բաժանման գիծ էր որոշված եւ արգելված էր, որ կողմերն անցնեն այդ գիծը, մինչեւ զինադադարի համար որոշված ժամանակամիջոցի վերջը։ Պետք է ասել, որ թեեւ Կովկասյան բանակի հրամանատարությունը մնում էր իր բոլոր օժանդակիչ հիմնարկությունների հետ միասին, բայց իրապես այդ մի հրամանատարություն էր՝ առանց բանակի եւ հեղինակության, եւ ներկայացնում էր անկարողության ծայր աստիճանը։ Ահագին տարածություններ ընդգրկող ռազմաճակատը պահպանելու համար մնացել էին մի քանի գզգզված եւ սաստիկ մաշված հայկական գնդեր, որոնցից յուրաքանչյուրը հազիվ ուներ 200-400 մարդ։ Գիտեին, իհարկե, որ այս մի շատ ողորմելի ուժ է, բայց ինչպե՞ս ձեռքից տալ ամբողջ Թուրքահայաստանը։ Եվ Ազգային Խորհուրդը որոշեց զուտ հայկական զինվորական այնպիսի կազմակերպություն ստեղծել, որ բավական լինի ոչ միայն Էրզրումը, այլեւ Երզնկան թուրքերին ետ չդարձնելու համար։ Եվ սկսվեց մի գործունեություն, որ սաստիկ հիշեցնում էր Կռիլովի «Գորտ եւ ցուլ» առակը։

Ամենից առաջ հայտարարվեց, թե ճակատի պաշտպանությունը հնարավոր է հենց այն պատռճառով, որ հակառակորդ կողմը՝ օսմանյան բանակն էլ քայքայված է։ Այս մասին ամենահանգստացուցիչ լուրեր ճակատից բերել էր Արշակ Ջամալյանը, մի մարդ, որ իր կյանքի մեջ համարյա բոլոր մասնագիտությունների վարպետ էր իրեն ցույց տվել։ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, որ իր մի քանի աշակերտների հետ կամավոր էր գնացել. եւ այս բանը բավական եղավ, որ նա դառնա պատերազմական հարցերի բոլորովին լավատեղյակ մասնագետ։ Իբրեւ այդպիսին նա եղել էր անդամ այն մասնաժողովի, որ գնացել էր Երզնկայի ճակատը՝ զինադադարի պայմանագիրը ստորագրելու համար։ Վերադառնալով՝ նա սկսել էր «փչել» դաշնակցականին հարազատ ջերմեռանդությամբ։

«Բաժանարար գծի երկարությամբ, – ասել էր նա, – յոթ վերստ լայնություն ունեցող տարածության վրա մերոնք չեն հանդիպել թուրք ասկյարների։ Բոլորը փախել են սովից ու տկլորությունից։ Խմբապետ Սեբաստացի Մուրադն իր 400 հայդուկներով մտել է Երզնկայի խրամատների մեջ, քաջաբար պաշտպանվում է եւ ասել է, թե մի թիզ հող չի տա թուրքին, եթե իրեն օգնություն հասցնեն»։ Այս առիթով Ջամալյանը դասախոսություններ կարդաց, մեկը հատկապես կանանց համար, որոնք, այնուամենայնիվ, անտարբերությամբ վերաբերվեցին նրա կոչերին, թեեւ մի դաշնակցական տիկին հանեց իր ոսկե ժամացույցը եւ նվիրեց «ազգի փրկության» գործին։ Պատերազմական եկամուտներով ավելի եւս հղփացած եւ ճարպակալած հայ բուրժուազիան չէր, իհարկե, որ կգնար Էրզրումի պարիսպները պաշտպանելու։

Ազգային Խորհուրդն էլ ծավալեց մի կրակոտ, ռազմատենչ պրոպագանդա։ Կոչեր հրապարակվեցին, խորհրդակցություններ գումարվեցին, զորաժողով հայտարարվեց։ Առաջ քաշվեց ժողովրդական հերոս Անդրանիկը, որին տրված էր գեներալ-մայորի աստիճան։ Նրան հանձնարարված էր կազմակերպել գեթ մի 2 հազարանոց զորաբաժին եւ գնալ Էրզրումը պաշտպանելու։ Անդրանիկն էլ մի պերճախոս կոչ հրապարակեց, խնդրեց, որ հայ ժողովուրդը կա՛մ իրենից ետ վերցնի իրեն տված «ժողովրդական հերոս» տիտղոսը, կա՛մ այնքան զինվոր տա, որ ինքը կարողանա կատարել ժողովրդական հերոսի իր պարտավորությունն այս ծանր հանգամանքների մեջ։ Ազդված այդ հորդորից, բայց առավելապես ուրիշներին հորդորելու համար՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը «Հորիզոնի» մեջ ասաց Անդրանիկին, թե նրա տրամադրության տակ է դնում իր տան երեխաներին։ Առհասարակ, լրագրության ասպարեզում գործը շատ փայլուն կերպարանքով էր ներկայանում։ Ամեն կողմից թռչում էին հեռագրեր, որոնցով բազմաթիվ ընկերակցություններ, կազմակերպություններ, խմբեր իրենց դնում էին Ազգային Խորհրդի տրամադրության տակ։ Մանավանդ շատ բան սպասելի էր թուրքահայերից, որոնք տաք-տաք ժողովներ էին անում Թիֆլիսում իրենց հայրենիքի պաշտպանության գործը լրջորեն հիմնավորելու համար։

Մինչ սա այսպես էր, թուրք հրամանատար Վեհիբ-փաշան, տեսնելով, որ իր առջեւ գրեթե ոչ ոք չկար կանգնած, խախտեց դեկտեմբերյան զինադադարով որոշված գիծը եւ, քշելով Մուրադին Երզնկայից, առաջ անցավ դեպի Էրզրում՝ կովկասյան հրամանատարությանը հայտնելով, թե այդպես պիտի առաջ գնա, մինչեւ որ հանդիպի ռուսական զորքերին։ Ոչինչ չկարողանալով դուրս հանել այս արշավանքի դեմ՝ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց օգտվել նույն Վեհիբ-փաշայի առաջարկությունից եւ վերջնական հաշտության բանակցություններ սկսել։ Համաձայնություն կայացավ, որ օսմանյան եւ անդրկովկասյան լիազորներն իրար հանդիպեն Տրապիզոն քաղաքում։ Այնքան անտեղյակ էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որ կարծել էր, թե ռուսական զորքը դեռ բոլորովին չէր թողել Տրապիզոնը, եւ թուրքերն էլ դեռ բոլորովին չեն տիրացել նրան. այնպես որ, կարելի էր այն հարմար տեղ համարել բանակցություններ վարելու համար։

Սեյմն ընտրեց իր անդամներից պատգամավորներ ըստ ազգությունների՝ վրացի, թուրք, հայ. մշակեց եւ վավերացրեց հաշտության առաջնակարգ սկզբունքները։ Դրանք իսկապես երկու կետից էին բաղկացած. առաջին՝ վերականգնում այն պետական սահմանների, որոնք գոյություն ունեին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1914թ. պատերազմի հայտարարման րոպեին, եւ երկրորդ՝ պատվիրակությունը ձեռք է բերում ինքնորոշման իրավունք Արեւելյան Անատոլիայի համար, մասնավորապես, ավտոնոմիա Թուրքահայաստանի համար՝ թուրքական պետականության շրջանակների մեջ։ Այս որոշումը կայացվել էր միաձայն, հետեւապես պետք էր սպասել, որ ամբողջ պատվիրակությունը միահամուռ կպաշտպաներ այն։

Փետրվարի երկրորդ կեսն էր։ Մի օր ինձ մոտ եկան Հ. Քաջազնունին եւ Ս. Մամիկոնյանը, որոնք Ազգային Խորհրդի կողմից ինձ հայտնեցին, թե ես նշանակված եմ հայ պատվիրակների խորհրդական՝ Հայոց հարցի վերաբերյալ տեղեկություններ տալու համար, եւ խնդրեցին պատրաստվել՝ մի քանի օրից հետո ճանապարհվելու համար։ Ես հրաժարվեցի՝ ասելով, որ հիվանդ եմ, ծովային ճամփորդություն տանել չեմ կարող։ Բայց ոչ մի կերպ ազատվել չկարողացա։ Գնացի նախագահ Ահարոնյանին եւ մյուս անդամներին էլ խնդրեցի, բայց դարձյալ իզուր։ Ամենքը գտնում էին, որ իմ գնալը շատ անհրաժեշտ է. այնպես որ, եթե հիվանդությունս սաստկանա էլ, դարձյալ այդպիսի մի զոհ իմ կողմից շատ չի լինի Հայոց հարցի համար։ Հավատացած էին, թե թուրքերը պիտի նստեն, երկար ու բարակ մեզ հետ «մսլհաթ անեն» Բեռլինի 61-րդ հոդվածի մասին, եւ ուզում էին այնպես անել, որ մի լավատեղյակ մարդ ղեկավարի հայ պատվիրակներին այդ խոսակցության մեջ։ Այնքան բաներ պատահելուց հետո անգամ՝ մենք դեռ չէինք բուժվել մեր քաղաքական դժբախտ ռոմանտիզմից…

Ազատվելու ճար ու հնար չմնաց, որքան աշխատեցի։ Շատ դժգոհ, ուղղակի վրդովված դրության մեջ նշանակված օրը գնացի Ազգային Խորհրդի նիստին՝ հրահանգներ առնելու համար։ Բայց այդ ի՞նչ նիստ էր։ Կուսակցություններն սկսեցին իրար հետ ընդհարվել, առաջացավ շփոթ, աղմուկ, իրար վրա բղավում էին, նախագահը ստիպված եղավ նիստը փակել։ Առաջին անգամն էի տեսնում մեր այդ ազգային բարձրագույն հաստատությունը գործի նստած, եւ նա ինձ վրա թողնում էր անասելի ողորմելի տպավորություն։ Միակ լավ բանը, որ թվում էր՝ ազատում էր ինձ Տրապիզոն գնալու տխուր անհրաժեշտությունից, այն էր, որ նիստի վերջին լուր բերին, որ Բաթումից ստացվել է մի աղավաղված ռադիո՝ Կարախանի334334
  Կարախան (Կարախանյան) Լեւոն Միքայելի (1889-1937) – Մենշեւիկ, 1917-ից՝ բոլշեւիկ. Պետրոգրադի խորհրդի անդամ, Բրեստ-Լիտովսկում ռուսական պատվիրակության անդամ-քարտուղար, 1918-1920թթ. Ռուսաստանի փոխարտգործնախարար, 1921-1927թթ. Ռուսաստանի դեսպան Լեհաստանում եւ Չինաստանում, 1927-1934թթ.՝ ԽՍՀՄ փոխարտգործնախարար, 1934-1937թթ. ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում. ետ է կանչվել եւ գնդակահարվել է։


[Закрыть]
ստորագրությամբ, որ հայտնում էր, թե Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է հաշտության դաշնագիր Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի ու նրա դաշնակիցների միջեւ, եւ հաշտության պայմանագրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիան ետ է ստանում 1878 թվին իր կորցրած Բաթումի, Արդահանի եւ Կարսի սանջակները։

Բանակցություններն այլեւս ավելորդ էին։ Վեհիբ-փաշան հեռագրով պահանջեց մաքրել Բաթումը, Արդահանը եւ Կարսը։ Բայց մի երկու օրից հետո դրությունը պարզվեց։ Անդրկովկասյան կոմիսարիատը ոչ միայն չէր ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, այլեւ բողոքում էր նրա այն հոդվածի դեմ, որ վերաբերվում էր երեք սանջակներին, իբրեւ մի բռնի օտարացման դեմ, որ կատարվել է առանց կովկասյան ազգերի համաձայնության։ Ուստի եւ որոշվեց անմիջական բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի հետ՝ հաշտության պայմաններ մշակելու համար։ Թուրքիան համաձայն էր, բայց ոչ թե Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը վերաքննելու եւ փոփոխելու, այլ պարզապես բարեկամության եւ դրացիության պայմաններ մշակելու համար։ Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ։ Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ։ Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ։

Ինչեւիցե։ Թիֆլիսը ես թողնում էի ծանր ու մռայլ մտածումների մեջ։ Հաց չկար, հանգստություն չկար, կարծես այդ մի խաղաղ քաղաք չէր, այլ պատերազմական դաշտ, ուր օր ու գիշեր միալար հրացանաձգություն էր տեղի ունենում, որը երբեմն ընդունում էր կատաղի կերպարանք։ Կայարանում կանգնած էր հատուկ գնացք պատվիրակության համար։ Շքեղ սալոն-վագոն եւ սեղանատուն՝ սա պատվիրակների համար էր, մնացածը պիտի տեղավորվեին սովորական վագոններում։ Ես տեղ գտա մի վագոնի մեջ, որի վառարանը կոտրված էր, իսկ ցուրտը զգալի էր ինձ համար։ Գնացքը դեռ մի կայարան նոր անցած՝ մեզ հացի կանչեցին։ Շատո՜նց էր, որ չէինք տեսել այսպիսի բաներ՝ սպիտակ հաց, շվեյցարական պանիր, հնդկահավ։ Փոխարքայական պալատի պաշարներից էին, բայց չկարծեք, թե ամեն օր այդպիսի բաներ էին ուտեցնում մեզ։

Սեղանատանը ծանոթացանք պատվիրակության հետ։ Նա բավական ստվարաթիվ էր, որքան հիշում եմ՝ մոտ 45-50 հոգի, հաշվելով այդ թվի մեջ ամենքին, մինչեւ գրագիրներն ու ծառաները։ Պատվիրակության գլուխն էր ներքին գործերի կոմիսար Չխենկելին։ Վրացիներն ամենաբազմամարդ տարրն էին պատվիրակության մեջ։ Իսկական պատվիրակները չորս հոգի էին՝ երկու սոցիալ-դեմոկրատ, մի սոցիալիստ-ֆեդերալիստ եւ մի նացիոնալ-դեմոկրատ։ Ամեն ֆրակցիա ուներ իր խորհրդականները, բացի դրանից՝ կային հնագետներ, պատմագետներ, որոնք բերել էին իրենց հետ մեծ քանակությամբ գրքեր՝ ապացուցելու համար, որ Բաթումից մինչեւ Օլթի վրացական հողեր են եղել մի ժամանակ։ Թուրք պատվիրակների թիվը հինգն էր՝ երկու մուսավաթական եւ երեք սոցիալիստ զանազան գունավորումների։ Նրանք էլ ունեին իրենց խորհրդականները, եւ նրանց մեջ էր «Մուսավաթի» հիմնադիր եւ հայտնի պանթուրքիստ Ռասուլզադեն335335
  Մեհմեդէմին Ռասուլզադե (1884-1955) – Ադրբեջանցի սոցիալ-դեմոկրատ, գրող, դրամատուրգ, 18 տարեկանում հիմնել է Մուսուլման երիտասարդների կազմակերպությունը, համագործակցել է Ստալինի եւ Ազիզբեկովի հետ, մասնակցել իրանական հեղափոխությանը, որի պարտությունից հետո անցել է Թուրքիա՝ հեռակա դառնալով պանիսլամիստական-պանթուրքիստական-սոցիալիստական «Մուսավաթ» կուսակցության գաղափարախոսն ու հիմնադիրը, 1913-ին վերադարձել է Բաքու։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ձերբակալվել է, Ստալինի միջնորդությամբ ազատվել, տեղափոխվել Մոսկվա եւ ընդունվել աշխատանքի Ազգերի ժողկոմատում։ 1922-ին անցել է Ֆինլանդիա, Թուրքիա, ապա՝ Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա եւ կրկին Թուրքիա։ 1954-ին Անկարայում հրատարակել է «Հուշեր Ստալինի հետ զրույցներից» գիրքը։


[Закрыть]
։ Հայ պատվիրակները երկու հոգի էին, երկուսն էլ դաշնակցական՝ Հովհաննես Քաջազնունի եւ Ալեքսանդր Խատիսյան։ Նրանց խորհրդականն էր Ռուբեն-փաշան, որ, սակայն, շուտ վերադարձավ Տրապիզոնից։ Կար բացի ինձնից եւ մի այլ հայ խորհրդական, բայց ֆինանսական գործերով՝ Մենտոր Բունիաթյան։ Հիշատակեմ, որ մեզ հետ էր նաեւ կովկասյան շտաբի պետ գեներալ Լեւանդովսկին, եւ նրա հետ՝ մի խումբ սպաներ։

Երեկոյան Չխենկելին մեզ ամենքիս ժողովեց սեղանատանը՝ գործունեության ծրագիրը մշակելու համար։ Ժողովից հետո, թեյի վրա խոսակցություն սկսվեց քաղաքական բովանդակությամբ, որ պտտվում էր Թուրքիայի շուրջը։ Մեր Խատիսյանը, հավատարիմ իր համակերպվող բնավորությանը, արդեն ավանսներ էր տալիս, թե Դաշնակցությունը պիտի փոխի իր օրիենտացիան։ Այլեւս ո՛չ արեւմտյան, ո՛չ էլ հյուսիսային պիտի լինի հայերի օրիենտացիան, այլ արեւելյան։ Այս հայտարարությունն արժանանում էր թուրք պատվիրակների բարձրաձայն հավանություններին։ Ինձ հետաքրքրողը Խատիսյանը չէր։ Բոլոր ժողովվածների մեջ մեծ հետաքրքրություն ինձ համար ներկայացնում էին մեր թուրք ընկերակիցները։ Բացարձակ կերպով նրանք հայտարարում էին, որ Անդրկովկասի կենսական շահը պահանջում է, որ ռուս տիրապետողներ այլեւս չլինեն այնտեղ։ Բոլոր ազգերը պիտի միանան՝ կանգնեցնելու համար հյուսիսից եկող ամեն մի արշավանք։

Մեր պատվիրակությանը վիճակված էր մի ամսից ավել ապրել Տրապիզոնում։ Այդ բավական ժամանակ էր, որպեսզի ես կարողանայի ավելի մոտիկից ծանոթանալ մեր թուրք ընկերակիցների հետ, մանավանդ որ նրանք հենց սկզբից սկսեցին վերաբերվել ինձ մի առանձին համակրանքով՝ իբրեւ մի մարդու, որ միմիայն «քիթաբ ադամի» է (գրքի մարդ) կամ «թարիխջի» (պատմաբան)։ Մեր մերձեցմանը նպաստում էր այն հանգամանքը, որ ես բավական լավ խոսում էի թուրքերեն եւ բացի դրանից՝ պատվիրակներից մեկը՝ Խալիլ-բեկ Խասմամեդովը, գանձակեցի էր, ուրեմն համարյա թե ինձ հայրենակից։ Եվ մենք նստում էինք ու խոսում շատ ու շատ բաների մասին։ Օրինակ, մի օր ես խնդրեցի Ռասուլզադեին, որ ինձ բացատրի պանթուրքիզմի էությունը, ձգտումները։ Եվ նա ինձ ամենայն բարեխղճությամբ մի ամբողջ դասախոսություն կարդաց, թե ինչպես է տարածվել այդ շարժումը, թե ինչ միացնող դեր է կատարել օսմանյան գրականությունը լեզվով իրարից հեռացած թուրք ցեղերի մեջ։ Իսկ շարժման քաղաքական նպատակն է՝ մի թուրքական կայսրություն՝ Զմյուռնիայից մինչեւ Միջին Ասիա։ Չափազանց հետաքրքրական էին իմ խոսակցությունները նաեւ Խալիլ-բեկ Խասմամեդովի հետ։ Նա ինքն էր որոնում հարմար ժամ «Լեո-էֆենդիի» (այսպես էին ինձ անվանում բոլոր թուրք պատվիրակները) հետ բացեիբաց, սրտանց խոսելու համար։

«Մուսավաթի» ազդեցիկ եւ հեղինակավոր ներկայացուցիչներից մեկն էր նա եւ ամենայն անկեղծությամբ պատմում էր, որ Դաշնակցության քաղաքականությունը մեզ՝ հայերիս կատարյալ կործանում պիտի բերի։ Դաշնակցականները, ասում էր նա, Երեւանի շրջանում 20-25 թուրք գյուղեր են քանդել։ Եվ գիտե՞ք ինչ բան է մի հատ քանդված մուսուլմանական գյուղը։ Այն իսկույն ցավագին արձագանք է տալիս այստեղ՝ Թուրքիայում, հուզում է ժողովրդին, որ եւ պահանջում է իր կառավարությունից վրեժխնդրություն, իր եղբայրակիցների ազատություն։ Այսպիսով ստեղծվում է ամեն տեղ մի շատ վատ տրամադրություն հայերի նկատմամբ։ Այս շատ վտանգավոր է, թող մտածեն ձեր առաջնորդները։ «Սիզա կըրալլար, Լեո-էֆենդի, բախ, գեյիրամ, բու բիր գյուն դըր» (ձեզ կկոտորեն, Լեո-էֆենդի, տես, ասում եմ, այս մի օր է336336
  Այսինքն՝ «այս օրը վկա»։


[Закрыть]

Որքա՜ն օգուտներ մենք կլինեինք շահած, եթե փոխանակ իրար դեմ մաուզերներ մեկնելու, իրար կողքի նստեինք, խոսեինք, իրար հասկանայինք։ Երեսուն տարի մենք միայն մի լեզու գիտեինք՝ «կայծե՛նք» (Ակնունիի սիրած բառը)։ Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում, մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում՝ թուրք ցեղերի զարթնումը։ Պե՞տք է ավելացնել, որ Խասմամեդովի բոլոր խոսքերը ես պատմում էի մեր դաշնակցական երկու պատվիրակներին եւ մանավանդ հռչակավոր Ռուբեն-փաշային։ Եվ պե՞տք է արդյոք ավելացնեմ, որ ոչ փաշաները լռությամբ էին ինձ պատասխանում, իսկ փաշան՝ արհամարհական ժպիտով…


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации