Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 27

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 27 (всего у книги 32 страниц)

Шрифт:
- 100% +

Գնանք Բակուրիանի լեռան գլուխը։ Այստեղ Վրաստանի հպատակ հայերն են՝ Ախալքալաքի գավառից փախստականները։ Նրանք չեն կարող մնալ օսմանցիների տիրապետության տակ, ուզում են անցնել Վրաստանի մի այլ կողմը կամ էլ՝ Հյուսիսային Կովկաս։ Անկարելի է։ Մենշեւիկների զորքը կանգնած է, թույլ չի տալիս իջնել սարից։ Հենց այդպես էլ, այդ լեռնային խոշոր բարձրության վրա կազմվում է թշվառության մի բանակ, մահվան մի ճամբար։ Հեռագրեր էին թափվում Թիֆլիս, մարդիկ էին գնում տեսնելու։ Մի պահ ամեն օր կոտորվում էր մինչեւ 600 երեխա, ապրելու համար ծնողներն իրենց աղջիներին ծախում էին պոռնկության։ Մենշեւիկների վրա ոչինչ չէր ազդում։ Ձմեռը եկավ իր դաժան ցրտերով նստելու Բակուրիանիի բարձունքների վրա։ Դարձյալ ոչինչ։ Միայն երբ օսմանցիները հեռացան Ախալքալաքի գավառից, եւ կիսով չափ ոչնչացած, տնտեսապես կործանված փախստականները վերադարձան իրենց ավերակ տները, վրաց գեներալները շտապեցին նորից Վրաստանի իշխանության տակ առնել երկիրն էլ, ազգաբնակչությունն էլ։ Մարդկային ցեղի տարեգրությունների մեջ դժվար կարելի է գտնել մենշեւիկյան այս խժդժությունների մի ուրիշ օրինակը։

Դեռ ամառ էր, դեռ արտերն էին կանգնած, բայց հայ ժողովուրդն արդեն հաց չուներ, սոված էր։ Նրա արտերը խլել էին, տունը քանդել, իրեն քշել սարերն արածելու անասունների պես։ Բաթումի դաշնագրով Թուրքիային անցած մասի հայ բնակիչները փախել էին Էջմիածին, այստեղից տեսնում էին իրենց մշակած եւ հասցրած արտերն ուրիշների ձեռքին եւ ոռնում էին քաղցից ու կատաղությունից։ Այդ միջոցին Էջմիածին էր գնում Գերմանիայի փառազարդ ներկայացուցիչը Կովկասում՝ գեներալ ֆոն Կրեյսը։ Գեւորգ կաթողիկոսն այժմ, ավա՜ղ այլեւս ո՛չ դիպլոմատիայի գլուխ, դառնում է գեներալին, ցույց է տալիս իրեն շրջապատած սոված ու մերկ բազմությունը, ցույց է տալիս նրա արտերը, որ հնձում էին օսմանցիները, եւ ինքն էլ, ասում են, լաց է լինում։ Գերմանական գեներալը նրան խորհուրդ է տալիս խնդիրք ուղարկել Վիլհելմ կայսրին։ Ուղարկում են ո՛չ միայն նրան, այլեւ Ավստրիայի կայսրին։ Իզուր սակայն։

Կարծում եք, թե միայն օտա՞րն էր քարսիրտ։ Սխալվում եք։ Թիֆլիսի փողոցները լցվել էին անտեր, փոքրիկ որբերով։ Նրանք մեռնում էին քաղցից, մեռնում էին այս մեծ քաղաքում, մարդկանց աչքի առաջ եւ փողոցներում։ Մի երեխա մեռել էր հենց շտաբի մայթի վրա։ Իմ բարեկամներից մեկն ինձ պատմել է, որ հենց այդ սեւ օրերին հայ բուրժուաներից մեկը ճոխ թեյասեղան էր սարքել իր հյուրերի համար, ինքն էլ նստած «պիրոժնիներ» էր ուտեցնում իր շնիկին…

1918-ի սուգ ու կսկիծ ամռանը հայերն էլ, վրացիների եւ ադրբջանցիների նման, պատվիրակություն էին ուղարկել Կ.Պոլիս՝ իբրեւ թե մի նոր կոնֆերանս կազմելու համար, որին պիտի մասնակցեին նաեւ Թուրքիայի դաշնակից պետությունները՝ Բուլղարիան, Ավստրիան եւ Գերմանիան։ Հայկական պատվիրակության գլուխն էր Ավետիս Ահարոնյանը։ Եվ ստացվում էր ցավալի ու հեգնական հակադրություն։ Այստեղ հայ ժողովուրդը փչանում էր արագորեն եւ գնում էր դեպի ձմեռ՝ սոված ու ավելի անողոք ջարդարար։ Իսկ այնտեղ՝ Բոսֆորի ափում, Թոքաթլիայի առաջնակարգ հյուրանոցում բնակություն էր հաստատել այդ նույն ջարդվող ու ոչնչացող ժողովրդի ներկայացուցչությունը, որ մազի չափ օգնություն չէր հասցնում, բայց դիպլոմատիա էր ներկայացնում, այսինքն՝ ընդունում եւ տալիս էր այցելություններ, զանազան դատարկ հայտարարություններ էր անում։ Դիվանագիտական տակտը պահանջում էր, որ Հայաստանի պատվիրակության նախագահը ներկայանա սուլթանին։ Եվ Ավետիս Ահարոնյանը ներկայացավ, հաճոյական խոսքեր ասաց սուլթանին, արժանացավ նրա համակրական ակնարկին… Դուք երեւակայու՞մ եք…

Հայդուկային գաղափարախոսությամբ անուն ստեղծած Ահարոնյանը թուրք սուլթանի առջեւ գլուխ խոնարհեցրած։ Ահա այս հանգամանքն է, որ ես երբեք չեմ հասկացել՝ լինելով ըստ կոչման գրող։ Երբ Տրապիզոնում մեր պատվիրակությունը Խատիսյանի նախաձեռնությամբ մի օր թեյի հրավիրեց թուրք պատվիրակությանը, ես ավելի լավ համարեցի փակված մնալ իմ սենյակում՝ ասելով ինձ հարցնողներին. «Ի՞նչ գործ ունեմ ես ձեր դիվանագիտության հետ։ Ես գրականության մարդ եմ եւ գիտեմ, թե ի՛նչ չեմ կարող անել»։ Եվ իրավ, եթե գրականությունը մի ժողովրդի խիղճն է, ի՞նչ բան են գրողները, եթե ոչ նրա՝ այդ խղճի սպասավորներ։ Տարիների ընթացքում ֆիդայական հմայքներ արծարծել գեղարվեստական գրականության միջոցով, տարիների ընթացքում սուլթանական զուլումի ամբողջ սարսափն ու զարհուրանքը ներկայացնել մի աննախընթաց լալկանությամբ եւ հետո գնալ նույն այդ զուլումի աղբյուր սուլթանին երկրպագելու…

Ես այս չէի հասկանում։ Կա՛մ գրող՝ իր սեփական հոգով ու շնչով, կա՛մ անհոգի դիպլոմատ։ Ես լեռնցի եմ եւ այսպես կարճ կտրել եմ սիրում։ Ուստի սարսափի օրերում, սարսափներով խոշտանգված, ավելի մեծ սարսափի՝ սոված ձմեռվա առջեւ կանգնած, ես մի հոդված գրեցի, որի մեջ պահանջում էի ամեն ինչ թողնել, ամեն ուրիշ հոգս ու ցավ մոռանալ, ծախել մեր ազգային բոլոր սեփականությունները մի նպատակի, միմիայն մեկի՝ հայ ժողովուրդն ապրեցնելու համար։ Եվ պահանջներիս մեջ էր, ի միջի այլոց, եւ այն, որ Կ.Պոլսից ետ կանչվի այդքան թանկ նստող եւ դիվանագիտական երեխաներից բաղկացած մեր պատվիրակությունը։ Ավետիս Ահարոնյանը վերադարձավ Կ.Պոլսից, բայց այլեւս ինձ հետ չէր խոսում։ Այնքան բարձր համարում ուներ նա իր նոր՝ գրականագետին սպանող, բայց արտաքին զիզի-պիզիներով հրապուրիչ արհեստի վրա։

Բայց ճիշտն ասած, այն ժամանակ ես չէի հասկանում, որ Ավետիս Ահարոնյանը միայն անձնական անխտրականություն351351
  Խոսքը միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է։


[Закрыть]
չէր ցույց տալիս, այլեւ կուսակցական։ Այդ Դաշնակցությունն էր, որ իր խատիսյանների քաղաքագիտական գլուխկոնծիներով ճանապարհ էր հարթում իր համար՝ պատեհականության, հարմարողականության ճանապարհը։

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ. «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ա

Հաղթողի քմահաճույքն էր ստեղծել երեք հանրապետություններ Կովկասյան մեծ լեռնաշղթայի հարավային կողմերում։ Եվ քմահաճույքի ու խժական բռնության ամենաթշվառ վիժումն էր «անկախ» կոչված Հայաստանը… Չկար ավելի մեծ հեգնանք, ավելի անողորմ ծաղր, քան այդ «անկախ» անունը։ Անկախ չէր անդրկովկասյան հանրապետություններից եւ ոչ մեկը, բայց Հայաստանի «անկախությունը» ոչ մեկին նման չէր։ Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր, որի ճակատագրի վրա ազդել կարող էր ամեն ինչ, նույնիսկ մի ապստամբ Բասարգեչար352352
  Այժմ՝ Վարդենիս։


[Закрыть]
գյուղ կամ գյուղերի մի խումբ։ 1918-ի թշվառագույն ամառն էր, որ Քաջազնունին Թիֆլիսում կազմած իր կառավարությունը տանում էր Երեւան՝ Հայաստանի մայրաքաղաք։ Թիֆլիսից ուղեւորումը մի կատարյալ ստորացում եւ արհամարհանք էր անկախ երկրի անկախ կառավարության համար։

Մի կերպ կարողացան ազատվել Թիֆլիսի կայարանի մենշեւիկ ծառայողների քմահաճույքներից, գնացին Աղստաֆա եւ այդտեղից ավտոմոբիլներով՝ Երեւան։ Այնտեղ նրան սպասում էր ավերակ երկիրը իր կոտորվող ժողովրդով։ Ոչինչ չկար, նույնիսկ տներ՝ կառավարությունը տեղավորելու համար։ Մինչդեռ Վրաստանը եւ Ադրբեջանը գտնվում էին անհամեմատ բախտավոր պայմանների մեջ։ Վրաստանն ստանում էր իբրեւ մայրաքաղաք՝ Թիֆլիսը, որ մինչեւ այդ եղել էր ամբողջ Կովկասի մայրաքաղաքը եւ կենտրոնացրել էր իր մեջ ահագին քանակությամբ պետական եւ հասարակական հիմնարկություններ, պահեստներ՝ իրենց մեծամեծ շինություններով, եւ այլն, եւ այլն։

Դրանց մեծագույն մասը պետք էր համարել ընդհանուր Կովկասյան ժառանգություն, բայց վրացի մենշեւիկները չտվին մյուս ժառանգորդներին եւ ոչ մի հատ, ինչպես ասում են, ոլորած թել։ Ավելացնենք այս բոլորի վրա եւ այն, որ հայ բուրժուազիան զարդարել էր Թիֆլիսը բազմաթիվ հոյակապ եւ մեծամեծ շինություններով։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն պակաս գեղեցիկ չէր եւ բարեզարդ, նույնիսկ գերազանցում էր Թիֆլիսին՝ իբրեւ արդյունաբերական համաշխարհային կենտրոն։ Առհասարակ Ադրբեջանը տնտեսապես ամենքից ուժեղն էր, քանի որ իր ձեռքում ունի բնական հարստություններով օժտված Արեւելյան Անդրկովկասը։

Փոխհարաբերություններն այդ երեք «անկախությունների» միջեւ չէին կարող երբեք լինել փոքրիշատե տանելի, որովհետեւ երեքի մեջ էլ տիրողը գազանային նացիոնալիզմն էր։ Հայ դաշնակցականներին արդեն ճանաչում ենք, վրացի մենշեւիկներին տեսանք այն վերաբերմունքով, որ նրանք ունեցան դեպի հայ մեռնող փախստական ժողովուրդը։ Իսկ «Մուսավաթը»՝ իբրեւ երիտթուրքերի աշակերտ, լցված էր ռազմատենչ իմպերիալիզմով ամբողջ Կովկասի վերաբերմամբ եւ մասնավոր կատաղի թշնամություն ուներ մանավանդ հայերի դեմ։ Դեռ հազիվհազ խանձարուրից դուրս եկած իբրեւ պետություն, դեռ ոչինչ շինարարական շնորհք ցույց չտված, «Մուսավաթը» հայրենասիրական երգ էր դարձնում իր զինվորների համար. «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» («Մեկ, երկու՝ Կովկասը մերը»)։

Իսկ երբ սպան հարցնում էր. «Դուշմանըմըզ քի՞մ դըր» («Թշնամիներս ո՞վ է»), ամենքը պատասխանում էին. «Էրմանի» («Հայը»)։ Թշնամությունների առիթներն էլ մշտապես անպակաս էին՝ սահմանային վեճերը։ Վրաստանը դեռ Բաթումի պայմանագրից առաջ որոշել էր, թե իր հարավային սահմանը պիտի կազմի Սեւանի լիճը, եւ սոցիալիստ Ծերեթելին, որ մի ժամանակ ռուսաց մեծ հեղափոխության գեղեցկությունն էր համարվում եւ այժմ դարձել էր վրացական մի ողորմելի շովինիստ, հենց այդպիսի մի առաջարկություն էր բերում հայերին, այն է՝ հանձնել վրացիներին Փամբակը, Դիլիջանը։ Հետո վրաց մենշեւիկները պինդ կպան ցարական ժամանակի Թիֆլիսի նահանգին եւ պահանջում էին, որ այդ նահանգն իր բոլոր սահմաններով մտնի Վրաստանի մեջ, որ նշանակում էր հափշտակել նաեւ այնպիսի զուտ հայաբնակ շրջան, որպիսին Լոռին էր։ Միեւնույն եղանակին հետեւում էր եւ Ադրբեջանը։

Վերցնելով Գանձակի նահանգը, նա համարում էր լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը իր անկողոպտելի սեփականություն, թեեւ այդտեղի հայ ազգաբնակչությունը հասնում էր 200 հազարի։ Միեւնուն ժամանակ մուսավաթական Ադրբեջանն իրենն էր համարում Հայաստանի մեջ գտնվող թուրքաբնակ շրջանները, ինչպես են, օրինակ, Զանգիբասարը353353
  Համապատասխանում է խորհրդային ժամանակի Մասիսի շրջանին։


[Закрыть]
, Վեդիբասարը354354
  Համապատասխանում է խորհրդային ժամանակի Արարատի շրջանին։


[Закрыть]
, Բասարգեչարը եւ այլն։ Այս տեղերում ադրբեջանական դրամն ու գործակալները պահում էին մշտական ապստամբական դրություն։ Այս սահմանավեճերը միայն Հայաստանի համար գոյություն ունեին, միայն նրա կյանքն էին դժոխային դարձնում։ Թե չէ՝ հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վատ չէին. մենշեւիկները նույնիսկ դաշինք էին կապել մուսավաթականների հետ Ռուսաստանի դեմ։ Նրանք յուրացրել էին քաղաքական հանգամանքներն օգտագործելու արհեստը, եւ դա նրանց հաջողվում էր շնորհիվ նպաստավոր պայմանների։ Այսպես, մենշեւիկ պատերազմական մինիստր Գեորգաձեն մեծ ճաշկերույթ տվեց օսմանյան զորքերի հրամանատար Խալիլ-փաշային, որ գնում էր Բաքուն վերցնելու, եւ իր բաժակաճառի մեջ հաջողություն մաղթեց նրա սրին։ Այսպիսի քաղաքականությունը չէր կարող դուր չգալ Ադրբեջանին, որ Թուրքիայի ստեղծածն էր եւ Թուրքիայով էր ապրում։

Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերը դարձրեց հայկական Ղարաբաղի դեմ եւ գրավեց Շուշին՝ ճանապարհին ռմբակոծելով եւ քարուքանդ անելով մի քանի գյուղ։ Հերթն այնուհետեւ պիտի գար Զանգեզուրին, իսկ դրանից հետո նաեւ, ինչպես ամենքն էին սպասում, Երեւանին։ Բայց այդ միջոցին համաշխարհային պատերազմի երկու բեմերում տեղի ունեցան խոշոր դեպքեր, որոնք եւ փրկեցին Երեւանի դժբախտ հանրապետությունը։ Նախ Բուլղարիան ջարդվեց Սալոնիկի ճակատում, եւ Թուրքիան կտրվեց Գերմանիայից, ապա գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում վերջնականապես ջախջախեց թուրքական բանակը, եւ արյունարբու սուլթանիզմը զինադադար եւ հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը։ Հայերը վերջապես կարող էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ալեքսանդրապոլը, երկաթուղին նորից հայերի ձեռքն անցան, թեեւ առանց վագոնների եւ շոգեշարժերի, որոնք վրացական կառավարության սեփականությունն էին դարձել։ Գերմանական զորքերը հեռացան Վրաստանից. Արեւելքի տերն Անտանտն էր։ Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, եւ հրամանատար գեներալ Թոմսոնը իրապես դարձավ դիկտատոր Անդրկովկասի «անկախ» հանրապետությունների մեջ։ Կ.Պոլիսը գրավեցին դաշնակից զորքերը՝ մեծ հրճվանք պատճառելով հույներին եւ հայերին։ Անգլիական մի զորաբաժին էլ Բաթումի կողմից ներս մտավ եւ գրավեց Թիֆլիսը…

Մեր երկրում երեւան էր եկել մի ուրիշ եվրոպական պետություն՝ ծովերի տեր եւ համաշխարհային վաճառական Անգլիան։ Ինչպե՞ս էր վերաբերմունքը դեպի այս նոր ուժը։ Ադրբեջանցիները, շատ հասկանալի պատճառով, ատելով ատում էին անգլիացիներին։ Այսպես էին եւ վրացիները. սրանք չափազանց շատ էին սիրել իրենց գերմանացիներին եւ մեծ ափսոսանքով էին բաժանվել նրանցից։ Նացիոնալիստական մամուլի դատողություններից պարզ երեւում էր, որ անգլիացիներն ատելի էին եւ այն պատճառով, որ նրանք հայերի բարեկամներն էին համարվում։ Այսպես էր սկզբում…

Ճի՞շտ էր, որ անգլիացիները հայերի բարեկամներն էին։

Մեզանում հոռետեսներ քիչ գտնվեցին, որոնք ասում էին, թե այդ համաշխարհային չարչիներն ամենից առաջ մեզ կսկսեն ծախել։ Այդպիսին էր, օրինակ, հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը, որ անգլիացիներին «չարչի» չէր անվանում, այլ «բուխգալտեր»355355
  Հաշվապահ, հաշվետար։


[Закрыть]
։ Բայց այսպիսի հոռետեսներին լռեցնում էին՝ ասելով. «Չէ՞ որ Անգլիան է՝ Գլադստոնի, Ջեյմս Բրայսի356356
  Ջեյմս Բրայս (1838-1922) – Վիկոնտ, լիբերալ քաղաքական գործիչ, իրավագետ, պատմաբան, գրող, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր, 1876թ. ճամփորդել է Կովկասում, բարձրացել Արարատ, եղել Էջմիածնում, նույն թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը, 1877-ին հրատարակել է «Անդրկովկաս եւ Արարատ» գիրքը, ի պաշտպանություն հայերի հանդես է եկել մամուլով, Լորդերի պալատում, հրատարակել հայերի վիճակին նվիրված «Կապույտ գրքի» առանձին հատոր։ Երեւանում Մեծ եղեռնի հուշահամալիրի պատի մեջ ամփոփված է նրա գերեզմանից բերված հող։


[Закрыть]
եւ այլ հարյուրավոր հայասերների Անգլիան։ Չէ՞ որ անգլիական մամուլն այդ օրերին հայերին անվանում էր դաշնակիցներ, եւ այդ միեւնույնը անգլիական Համայնքների պալատում կրկնել էր Ռոբերտ Սեսիլը357357
  Սեսիլ Ռոբերտ (1864-1958) – Անգլիայի վարչապետ Սոլսբերիի անվանակից-ազգակից, պատգամավոր, Ազգերի լիգայի գաղափարի ճարտարապետ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։


[Закрыть]
՝ գովեստներ ձոնելով մեր ժողովրդական հերոս Անդրանիկին»։

Այսքանը, իհարկե, բավական չէր։ Հայերի մեջ խոսում էր հին հոգեբանությունը. Թուրքահայաստանը տակնուվրա անել՝ գլխավորապես Անգլիային խոսեցնելու համար, խնդիրքներ եւ աղերսանքներ՝ ուղղված Անգլիայի պետական մարդկանց, հայասիրական ճառեր պառլամենտում, հայասիրական հարյուրավոր միտինգներ եւ այլն, եւ այլն. մի խոսքով՝ ամբողջ մի անցյալ։ «Եվրոպական ազգերի մեջ ո՞վ է, – հարցնում էինք մենք ոչ առանց գոռոզության, – որ այնքան մանրամասնորեն ուսումնասիրած լինի մեր դրությունը, որ այնքան լավ իմանա մեր դատի արդարությունը, ինչպես այս արել է Անգլիան։ «Կապույտ գրքի» այն երկար շարանը, որի մեջ արձագանք է գտել թուրքահայի ամեն մի հառաչանքը, Լինչի358358
  Լինչ Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913) – Ազգությամբ իռլանդացի ճանապարհորդ, պատմաբան, աշխարհագրագետ, հայագետ, քաղաքական գործիչ (Անգլիայի խորհրդարանի անդամ 1906-1910թթ.), զույգ ճամփորդությունների արդյունքում 1901թ. Լոնդոնում հրատարակել է «Հայաստան. ճամփորդություն եւ հետազոտություն» երկհատոր աշխատությունը՝ համեմված լուսանկարներով եւ քարտեզներով. առաջին հատորը նվիրված է Արեւելյան, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստանին։


[Закрыть]
«Հայաստանը», վերջապես հենց օրվա կենդանի մարդը՝ Նոել Բեքստոնը, որ պատերազմի ժամանակ գնաց Վան, խոսեց մեզ հետ շատ ու շատ, գրեց, համոզեց»։

Եվ մենք մոռացանք հայ ժողովրդի սոսկալի դրությունը եւ դարձյալ ռոմանտիկ երազների անձնատուր եղանք։ Բայց ահա՝ ի՛նչ բան կար։ Անգլիական զորքերը դեռ Թիֆլիսում չէին երեւացել, մի օր Հովհաննես Թումանյանի տանը թեյով մեծարում էինք Վլադիկավկազի ֆրանսիական հյուպատոս Դյուռուային, որ խիստ հայասերն էր երեւում։ Նա երկարորեն մեզ պատմում էր, թե ինչպես ֆրանսիացիները հոգս ունեն հայերի համար, աշխատում են բավարարել նրանց լավագույն կերպով, թե ինչպես նույնիսկ նրանց մեծ հերոս մարշալ Ֆոշը դաշնակիցների խորհրդակցության մեջ ոտքի է կանգնել ու այնպես խոսել Հայոց հարցի մասին եւ ասել է, թե հարցը լուծելը մեր ամենքիս սրբազան պարտքն է։ «Բայց, – ավելացրեց ֆրանսիական դիպլոմատը, – ես պետք է նախազգուշացնեմ հայերին, որ անգլիացիները մի քիչ վատ են տրամադրված նրանց դեմ, եւ պետք է աշխատել հարթել այդ պակասությունը»։

Մենք բոլորս, ի՛նչ թաքցնեմ, հավատացինք այդ մարդուն. ինչպե՞ս չհավատայինք… մազով-միրքով մարդ, եվրոպացի, այն էլ՝ Ռոբեսպիեռի եւ Դանտոնի հայրենակից։ Ինչպե՜ս այդ հանդիսավոր-ուրախական օրերին, երբ Անտանտի բոլոր կողմնակիցները հրճվանքի մեջ էին, մենք մտքով անգամ անցկացնեինք, թե մեզ հետ մի կտոր հաց կտրողը, մի բաժակից խմողը մի վատ տեսակի ստախոս է, արհեստով՝ ստախոս-դիպլոմատ։ Ի՜նչ կարող էինք մակաբերել, թե Գերմանիային ոտքի տակ տված, հաղթության գինովության ամենաբարձր աստիճանին հասած րոպեին անգամ, հազիվ ոտք դրած ասիական հողի վրա՝ սկսել են մրցել իրար հետ, իրենց շահերը դրստել…

Եկան անգլիացիները։ Ժպտում էին ամենքին, ամենքի թվում՝ եւ մեզ։ Անտանտի մեծամեծ խաբեբայությունների շրջանն էր։ Գեներալ Թոմսոնը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիայից պետք է ստացվեն այն բոլոր վնասները, որ պատճառել են սեպտեմբերյան կոտորածն ու թալանը։ Առանձին հանձնաժողով կազմվեց, որ ստուգում էր վնասների չափը եւ ամեն մի վնասվածին կտրոն էր տալիս, թե նա ունի ստանալու այսքան գումար։ Այդ կտրոնները նույնիսկ փոխարկելի էին բորսայում։ Թիֆլիսում կազմակերպվեց մի ավելի խոշոր հիմնարկություն՝ պատերազմի պատճառած բոլոր վնասները հայտնաբերելու եւ հաշվելու համար։ Թուրքահայերի համար միեւնույն գործողությունը կատարում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հատուցման ժամը հասած էր երեւում։ Սարսափահար Թուրքիան իր վիճակն իսպառ չփչացնելու եւ Եվրոպայի առջեւ գոնե մի թեթեւ համարում ձեռք բերելու համար աշխատում էր իր վրայից լվանալ 1915-ի հայկական կոտորածների սեւ բիծը։ Նա ամեն օր եւ ամեն կողմ հայտարարում էր, թե կոտորածների մեջ մեղք չունի թուրք ժողովուրդը, թե այդ ոճիրը կառավարող մարդկանց վրա է ընկնում, եւ նրանք էլ պիտի պատասխանատու լինեն։ Դատարան հաստատվեց, մի քանի հայտնի ջարդարարներ դատապրտվեցին մահվան359359
  Թուրքական իշխանության կողմից ոչ մի մահավճիռ ի կատար չածվեց, դրանք հեռակա մահապատիժներ էին։ Թուրքական դատարանի վճիռների մի մասն իրականացրին դաշնակցականները։


[Закрыть]
։

Հայերը առանձին ուշադրության առարկա դարձան մանավանդ Կիլիկիայում։ Այդտեղ էր ֆրանսիացիների կազմակերպած Արեւելյան լեգեոնը՝ բաղկացած գլխավորապես հայերից, որ շատ աչքի ընկնող բաժին էր ունեցել թուրքական բանակի ջախջախման մեջ եւ արժանացել էր գեներալ Ալեմբիի մեծ գովասանքներին։ Կիլիկիայից վտարված հայությունը նորից վերադարձել էր իր նախավայրերը։ Ֆրանսիական հրամանատար գեներալն ասում էր հայերին. «Այս ձեր երկիրն է, եւ սրա կառավարությունը ձեզ է պատկանում։ Մենք դրա համար ենք եկել այստեղ»։ Հայերի մեջ, մանավանդ Կ.Պոլսում, ընդհանուր հրճվանք էր տիրում։ 1919-ի ձմռանը անգլիական հրամանատարությունը շտապ եղանակով Փարիզ ուղարկեց Անդրկովկասի երեք հանրապետությունների պատվիրակություններ՝ հաշտության կոնֆերանսին մասնակցելու համար։ Անգլիական գլխավոր հրամանատար Միլնը, որ այդ միջոցին Թիֆլիսում էր գտնվում, ընդունելով հայկական պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանին, ասաց նրան. «Գնացեք, այնտեղ դուք ստանալիք ունեք, բայց եղեք չափավոր»։ Վճռված էր, որ բոլոր հայերի [խնդիրները], մանավանդ երեք հանրապետությունների մեջ գոյություն ունեցող սահմանավեճերը պիտի վճռվեն եւ կարգավորվեն այնտեղ՝ Փարիզում։

Քանի որ խոսքս Անտանտի մեծ խաբեբայությունների մասին է, մի քանի խոսք ասեմ Անտանտի անդամների մեկի՝ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի մասին։ Իմ նկարագրած ժամանակում չկար ամբողջ աշխարհում նրա պես ժողովրդական, հարգված մի մարդ։ Օրվա հերոսն էր իսկապես։ Հմայել էր ամենքին իբրեւ նոր աշխարհավարության առաքյալ, իբրեւ մարդկայնության, միջազգային արդարության մարգարե։ Նա էր, որ միջամտեց եվրոպական պատերազմին, Ամերիկայի անհուն տնտեսական եւ զինվորական միջոցներով կենդանացրեց Ֆրանսիային եւ Անգլիային, ոչնչացրեց Գերմանիային։ Նրա հռչակավոր «14 կետերը», որոնց մեջ բացատրված էր, թե ինչ հիմքերի վրա պիտի կառուցվի հաշտությունը, հիացրել են բոլոր թույլ եւ հաղթված ազգություններին։ Ահա րոպեի այդ «մեծ»360360
  Չակերտն այստեղ կա՛մ տուրք է խորհրդային ժամանակի ոգուն, կա՛մ ավելացվել է խորհրդային գրաքննիչ-խմբագիրների կողմից, կա՛մ Լեոյին ոչ սազական անարդարացիություն է, մանավանդ որ տեսնում ենք, թե այլ տեղերում ինչպես է նա ոչ ցցուն երախտագիտությամբ խոսում Վիլսոնի մասին։


[Закрыть]
մարդն էլ մի հատուկ հայասիրություն էր ցույց տալիս։ Ամերիկան պիտի իր խնամակալության տակ առներ Հայաստանը, եւ հատուկ մի խոշոր պաշտոնյա՝ գեներալ Հարբորտը, գնաց Հայաստանը ծայրեծայր տեսնելու եւ իր կարծիքը հայտնելու համար։ Վիլսոնի առաջարկությամբ էր նույնպես, որ Հայաստանի պաշտպանության համար Փարիզի հաշտարար կոնֆերանսի կողմից Կովկաս եկավ ամերիկյան գնդապետ Հասկելը։

Ի՞նչ իսկություն էր թաքնված այս բոլոր երեւույթների մեջ։ Այն, որ յուրաքանչյուրն այդ հաղթող պետություններից աշխարհեաշխարհ էր ընկել ո՛չ թե ուրիշներին լավություն անելու, այլ իր սեփական օգուտները գտնելու համար։ Անգլիան՝ այդ «բուխգալտերը», ինչպես միշտ, Կովկաս գալով առաջին իսկ քայլերից հաշվի առավ, թե ումից ինչ կարող է վերցնել։ Հաշիվը շատ պարզ էր. Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ միայն որբեր ու մեռնող ժողովուրդ։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը նրա համար Հայաստանից նույնիսկ շատ լավ էր։ Այս շատ նկատելի դարձավ՝ ի մեծ զարմանս «դաշնակից» հայերի։ Նույն «բուխգալտերի» համար այս նույն թշվառ Հայաստանից լավ էր նաեւ Վրաստանն իր մանգանով, Բաքվից Բաթում իր ճանապարհով։ Այս էլ նկատելի դարձավ հայերի համար, եւ պակաս զարմանք չպատճառեց նրանց։

Բ

Քաջազնունու կառավարությունը, հազիվհազ ազատվելով թուրքական կոշմարից, պիտի ըստ երեւույթին իր բոլոր ուժերը կենտրոնացներ մյուս՝ ավելի ահռելի կոշմարի՝ սոված ձմեռվա դեմ կռվելու համար։ Այս նպատակով նա մի քանի քայլեր արավ, եւ դրանցից մեկն էր հայկական բուրժուազիայի վրա կռթնելը։ Կառավարությունը ստացավ կոալիցիոն կերպարանք. մի քանի պորտֆելներ ստացան Ժողովրդական կուսակցության անդամները։ Սակայն, սրանք էլ միանգամայն ապիկար հանդիսացան եւ չկարողացան ստեղծագործական փոքրիշատե նշանակալի թափ արտաբերել։ Պատճառը միայն անձնական անկարողությունը չէր։ Դաշնակցական պետությունն արդեն հինգ ամսվա գոյություն ուներ, եւ արդեն շատ պարզ էր, որ նա կարող էր լինել միայն վատուժ, անպտուղ, թշվառ։ Նրա կազմակերպությունն էր այդպես։ Նույնիսկ թեւակոխելով «անկախության» բարձունքները՝ Դաշնակցությունը չէր կարողանում ազատագրվել իր հին մեղքից՝ ֆիդայականությունից։

Ընդհակառակը, հենց այս ֆիդայականությունն էլ նա բերում դնում էր իր կազմակերպած պետության գլուխ։ Հայաստանը, լավ թե վատ, բանակ ուներ, սպաներ եւ գեներալներ ուներ։ Բայց զինվորական բարձր հրամանատարությունը դաշնակցականները հանձնել էին իրենց խմբապետներին, որոնց ենթարկվում էին բանակի ողորմելի գեներալները։ Հայ-վրացական սահմանագլխում գտնվող զորքերի հրամանատարն էր խմբապետ Դրոն, որի ռազմագիտական տաղանդների հետ, դժբախտաբար, ես ծանոթություն չունեմ։ 1918-ի վերջերում շատ սուր կերպարանք ընդունեց սահմանային վեճը հայերի եւ վրացիների միջեւ Լոռիում։ Երկու կողմերն էլ մեղավոր էին. վրացիները գուցե ավելի շատ, որովհետեւ ռազմատենչ նացիոնալիզմը նրանց մեջ չափազանց առաջ էր գնացել շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք ամենքից շատ ունեին զենք, ռազմամթերք եւ պատերազմական հանդերձանքներ, որ մնացել էին ռուսներից եւ մասամբ էլ ձեռք բերվել հեռացած գերմանացիներից։ Սակայն վեճը շատ հեշտ կարելի էր լուծել բանակցություններով։

Դրոն այդպես չուզեց։ Պատերա՜զմ… Էլ ո՞ր օրվա համար էր ֆիդային։ Պատերազմ մի այնպիսի ժամանակ, երբ սովն էր աջ ու ձախ հնձում, մի կատարյալ ոճիր էր հանդեպ այդ մեռնող ժողովրդի։ Եվ նրան ոչ ոք չէր ուզում։ Չէր ուզում հենց ինքը՝ դաշնակցական կառավարությունը, որ արգելել էր Դրոյին անցնել սահմանը։ Մի քանի օրվա ձգձգումներից հետո Դրոն, պատճառ բերելով, որ վրացական զորքերը վրդովեցուցիչ բռնություններ են կատարում Լոռու մի քանի հայաբնակ գյուղերում, թույլտվություն խնդրեց պատերազմական գործողություններ սկսելու։ Այդ թույլտվությունը նրան չտրվեց։ Այն ժամանակ նա հեռագրեց՝ թեեւ չեք թույլատրում, բայց ես անցնում եմ սահմանը։ Դաշնակցական կառավարությունն ի՞նչ կարող էր անել իր ամենակարող խմբապետին, եթե ոչ հնազանդվել նրան, իսկ Ժողովրդական կուսակցության անդամներն էլ համակերպվեցին այդ հնազանդությանը՝ իրենց ողորմելի պորտֆելները պահպանելու համար…

Եվ այսպես պայթեց հայ-վրացական պատերազմը։ Եթե երբեւիցե հայ պատմագրությունը պիտի հավաքի, դասավորի եւ արձանագրի այն բոլոր թշվառությունները, որոնք թափվեցին կովկասահայ ժողովրդի գլխին 1918-ի ապրիլից սկսած, ուսումնասիրողը շատ պիտի ապշի՝ տեսնելով այդ սարսափների ծովի վերջում այս ոճրագործությունը՝ մի պատերազմ, անհասկանալի, ամոթաբեր ու վայրենի բոլոր տեսակետներից, բացի հախուռն եւ սանձակտուր ֆիդայականությունից… Անգլիական հրամանատարությունն իհարկե կարող էր հենց առաջին րոպեից կանգնել կռվողների մեջտեղը եւ թույլ չտալ, որ արյունահեղություն լինի։ Բայց չարավ այս, որովհետեւ այսպիսի մի քայլ կհակասեր անգլիական ավանդական քաղաքականությանը։ Թշնամություն հայերի եւ վրացիների մեջ, այդ, ընդհակառակը, լավ էր։ Աշխարհի բոլոր կողմերում անգլիական տիրապետությունը հաստատված է «Բաժանեա զի տիրեսցես» սկզբունքի վրա։ Իրար բզկտող կողմեր, եւ ինքը մեջտեղ՝ իբրեւ իրավարար եւ հաշտեցնող. այս դերի մեջ էր նա առաջին անգամ իրեն ցույց տալիս՝ Անդրկովկասը իր զորքերով գրավելուց հետո…

Պատերազմը կարճ տեւեց։ Դրոն, ապստամբեցնելով Վրաստանի հպատակ հայությունը, առաջացավ Շուլավերից էլ դեպի հյուսիս, բայց ետ քշվեց361361
  ավանաբար, ոչ թե «քշվեց», այլ՝ «քաշվեց». այս պատերազմի մանրամասն ժամանակագրությունը, զանազան հարաբերությունները տե՛ս Վ.Վիրաբյան, 1918թ. վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը եւ կուսակցությունները, Ե., 2003։


[Закрыть]
այդ տեղից մինչեւ Սադախլո։ Աննկարագրելի է այն կատաղությունը, որ պոռթկաց հայերի դեմ Վրաստանում ամենուրեք։ Հիմա էլ վրացական զորքն էր, ադրբեջանականի նման, իր երգերի մեջ թշնամի հայտարարում հայերին։ Ամեն տեղից մարտական խմբեր էին գնում կռվելու այս նոր թշնամու դեմ։ Եվ այդ այն ժամանակ, երբ Երեւանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները։ Խե՜ղճ ժողովուրդ, զոհ էր սեփական տան անկարգության…

Ես չգիտեմ եւ երբեք էլ չեմ հետաքրքրվել իմանալու, թե ինչ երեւելի քաջագործություններ էին ցույց տալիս հայերը կամ վրացիները այդ տխուր պատերազմի դաշտում։ Բայց որ մենշեւիկները անհնարին չափերի հասցրին իրենց ազգամոլական «քաջագործությունները» Թիֆլիսի փողոցներում անմեղ հայերի վրա գործադրված բռնություններով՝ այդ մի ամբողջ պատմություն է, վշտալի ու վայրենի, որ ցույց էր տալիս, թե ինչերի է ընդունակ կույր ազգային կատաղությունը։ Ինձ հարկ չկա զբաղվելու այդ մենշեւիկյան սարսափների նկարագրությամբ. վաղամեռիկ Արշակ Զոհրաբյանն արել է այդ իր հռչակավոր բաց նամակի մեջ, որ տպվեց Թիֆլիսի բոլոր լրագրերում եւ ուղղված էր Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահ մարքսիստ Նոյ Ժորդանիային։ Խե՜ղճ մարդ։ Իր համարձակ եւ արդար խոսքի զոհը դարձավ։ Նրան վռնդեցին Վրաստանից. նա գնաց Հայաստան եւ մեռավ բծավոր տիֆից։

Անգլիական հրամանատարությունը մատը մատին չխփեց մենշեւիկյան սարսափները արգելելու համար՝ հարգելով Վրաստանի «անկախությունը»։

Բայց, վերջապես, դադարեցրին այս կոշմարային պատերազմը։ Դրոն գնաց հանգչելու պարտության դափնիների վրա, Թիֆլիսում հաշտության բանակցություններ սկսվեցին՝ Անգլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ362362
  Դրոյի սկսած պատերազմից ցանկալի արդյունքը մինչեւ վերջ չստանալը պարտություն չէր, հակառակը՝ դրանով մասամբ սահմանափակվեցին վրաց իշխանության նկրտումները. այս տեսանկյունից՝ այն նույնիսկ հաղթանակ էր։ Քիչ անց Լեոն ինքն է արձանագրում. «Եղածն էլ մեծ բան էր»։ Ուստի հակված ենք կարծելու, որ կա՛մ գրաքննչական միջամտություն կա այս հատվածում, կա՛մ գրաշարվածքի սխալ (որ ավելի հավանական է. կարող էր «պարտություն» բառի փոխարեն «պատմություն» բառն օգտագործված լինել)։


[Закрыть]
։ Վիճելի սահմանների հարցը պարզ ու որոշ կերպով չլուծվեց։ Ստեղծվեց երկու երկրների հարաբերություններն ավելի եւս դժվարացնող, ավելի եւս բարդացնող մի դրություն։ Այդ Լոռու չեզոք գոտին էր, որ դառնում էր միջազգային շանտաժի եւ սպեկուլյացիայի մի օջախ՝ ծանր պայմաններ ստեղծելով տեղացի աշխատավոր ժողովրդի համար։ Հայերն առաջարկում էին վեճը լուծել ազգագրական սկզբունքով, այսինքն՝ ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությամբ, դրեցին նաեւ Ախալքալաքի գավառի հարցը։ Բայց դաշնակիցների ներկայացուցիչները մերժեցին այդ առաջարկը եւ պաշտպանեցին վրացական ծրագիրը՝ չեզոք գոտիների եւ խառը վարչությունների մասին։

Ինչեւէ։ Եղածն էլ մեծ բան էր։ 1919-ի ձմռանը բծավոր տիֆի թագավորությունն էր, եւ առհասարակ շատ ծանր էր թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Կովկասի համար։ Բայց այն առավելապես դաժան ու անգութ էր Հայաստանում՝ հիմնավորված սովի պայմաններում։ Երեւանի փողոցները զարհուրելի տեսարաններ էին ներկայացնում։ Փախստականները թափված էին բաց երկնքի տակ եւ ջարդվում էին անխնա։ Դռների առջեւ ամեն րոպե լսվում էր օրհասական ճիչը՝ «Հա՜ց»։ Մերկ ու անոթի ամբոխը հափշտակում էր սատկած ձիերի եւ շների դիակները։ Տիֆը, վարակի օջախներ դարձնելով փողոցները, մտնում էր եւ կուշտերի տներն ու հնձում էր աջ ու ձախ։ Կարծես այդ թշվառ ժողովրդի վերջն էր եկել։ Եվ իսկապես նրանից գրեթե ոչինչ չէր ազատվի, եթե այդ ահռելի ժամանակներին օգնության չհասներ Հյուսիսային Ամերիկան363363
  Խոսքն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։


[Закрыть]
։ Մասնավոր բարեսիրական նախաձեռնությամբ մեծ քանակությամբ շորեր, ուտելիք եւ հաց հավաքելով՝ բերին Երեւան եւ սկսեցին կերակրել սովամահ ազգաբնակչությունը։ Դաշնակցական կառավարությունը, որ ոչինչ չէր արել եւ չէր կարող անել ժողովրդի համար, այսպիսով փրկված էր։ Ժողովուրդը թե՛ այդ հեռավոր օգնությամբ եւ թե՛ իր սեփական ջանքերով սկսեց դանդաղորեն դուրս գալ մահվան գրկից, փոքր առ փոքր կազդուրվել։

Հեղափոխության սկզբից Թիֆլիսում կազմակերպվել էին մի շարք հայրենակցական միություններ, որոնցից մի քանիսին վիճակվում էր խաղալ քաղաքական դեր։ Այդպիսիներից մեկն էր Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին, եւ որի վարչության նախագահ ընտրվել էի ես։ Մենք աշխատում էինք կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից եւ իրենց ճակատագրին թողնված։ Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ զինված գնալիս է եղել Եվլախ կայարանը՝ Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատել էին նրան եւ զինաթափ արել։ Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին։ Այս դրությունը միտք էր ծնեցնում զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ եւ նրան հանձնել հայկական Ղարաբաղի պաշտպանությունը։ Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի։

Այսպիսի վճիռ արդեն կայացրած է եղել Անդրկովկասի կոմիսարիատը, բայց որովհետեւ Գանձակի եւ Եվլախի ճանապարհները կտրված էին, որոշումը մնացել էր անկատար։ Մեր հայրենակցական միությունը հանձն առավ կազմակերպել այդ գործն այնպես, որ զենքն ու պատերազմական ծանրոցները Շուշի փոխադրվեն Նոր Բայազետի գավառի վրայով, ուսկից հաղորդակցություն կա Խաչեն գավառի հետ. եւ այնտեղից Շուշի։ Գործը հաձնվեց զինվորականներին, բայց իրականացումն այնպես հեշտ չեղավ, ինչպես ենթադրվում էր։ Նոր Բայազետի գավառում մեր քարավանը տեղական թուրքերի հետ ընդհարում է ունենում եւ, չկարողանալով ուղեւորվել դեպի Խաչեն, ստիպված է լինում ավելի երկար ճանապարհ բռնել՝ Դարալագյազի վրայով Զանգեզուր՝ այնտեղից էլ Շուշի գնալու համար։ Սակայն հազիվ չորս ամսվա ընթացքում քարավանը դուրս է գալիս Գորիս։ Այդտեղ էլ մնում են բոլոր զենքերն ու մթերքները եւ տեղական պետքերի վրա գործածվում։ Անդրանիկն այդ նյութերով է կազմակերպում Զանգեզուրի զինվորությունը։ Եվ այսպիսով ստեղծվում է անհավասար կացություն երկու լեռնային երկրների համար։ Զանգեզուրի հայությունը լավ զինվում է եւ ուժեղանում, իսկ Ղարաբաղի հայությունը, ընդհակառակը, մնում է շատ թույլ պաշտպանված. եւ այս թուլությունը հետագայում նրան շատ է վնասում։

Հազիվ վերջացնելով այդ փոխադրական խոշոր գործը, մեր հայրենակցական միությունը 1918-ի ամռանը կանգնած էր արդեն մի շատ խոշոր քաղաքական հարցի առջեւ, որ Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայության համար մահվան եւ կյանքի նշանակություն ունեցող հարց էր։ Այդ այն էր, թե ու՛մ պիտի պատկանեն այդ երկու գավառները։ Ադրբեջանը դրանք համարում էր, հայտնի չէ ինչու՛, իր անբաժանելի սեփականությունը։ Հայաստանը վիճում էր դրա դեմ, մինչդեռ նորակազմ պետությունների համար ամենաարդար կառուցման հիմքը պիտի լիներ ազգագրական սկզբունքը։ Մեր հայրենակցական միությունը ամեն կերպ աշխատում էր, որ հարգվի այդ սկզբունքը եւ որ, համենայն դեպս, երկու երկրների բախտը որոշվի ոչ թե բռնակալորեն, իշխողների իրավունքով, այլ ժողովուրդների կամքով եւ ցանկությամբ։

Այս պատճառով մենք պահանջեցինք Ահարոնյանի Ազգային Խորհրդից, որ նա Ղարաբաղի կամ Զանգեզուրի հարցը դրված ժամանակ խորհրդակցության հրավիրի մեր հայրենակցական միության ներկայացուցիչներին՝ իբրեւ իրազեկ մարդկանց։ Մեր այս պահանջը հայոց ազգի բախտի տնօրինողը դարձած Ահարոնյանը չբարեհաճեց կատարել։ Իշխանավոր էր նրա Ազգային Խորհուրդը, իսկ իշխանավորը ժողովրդի կամք չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում։ Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը՝ Հայաստանին։ Ադրբեջանցիները չեն բավարարվել այդ առաջարկով, շարունակել են պահանջել նաեւ Զանգեզուրը։

Այս մի վերին աստիճանի թեթեւսոլիկ վարմունք էր։ Ես հետո ճշտորեն տեղեկացա, թե ինչ նկատառումներով էին երեք իշխանավորներն այդպիսի վճիռ տվել։ Գոնե մեկի՝ Քաջազնունու, վերաբերմամբ գիտեմ, որ նա ունեցել է այսպիսի մի մտադրություն՝ լեռները տալ ադրբեջանցիներին, իսկ ժողովրդին, ինչպես առողջ եւ քաջ մի տարր, գաղթեցնել Հայաստանի տափարակ տեղերը, այնտեղի թույլ եւ ջլատված ժողովրդի հետ խառնելու եւ այսպիսով նրա արյունը վերակենդանացնելու համար։ Այս մասին ինձ հետ երկար խոսակցություն է ունեցել Քաջազնունու վարչապետության ժամանակ գյուղատնտես Կամսարականը, որ այն ժամանակ մի ինչ-որ խոշոր պաշտոն էր վարում հայոց կառավարության մեջ։ Ղարաբաղի հայ ժողովրդին նա նայում էր անասնաբուծական տեսակետից՝ գտնելով, որ նա շատ լավ արտադրող (производитель) կհանդիսանա Հայաստանի համար։ Ահա ինչ տեսակ պետական մարդիկ ունեինք մենք։ Քանդել մի ամբողջ երկիր, տեղահան անել մի ամբողջ ժողովուրդ՝ մի ինչ-որ հրաշքով Հայաստանի՝ ջերմախտից հյուծվող եւ այլասերվող ժողովրդին առողջացնելու եւ ուժեղացնելու համար… Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի եւ աշխարհագրական պայմանների նշանակությունը։

Մեր հայրենակցական միությունը նույն 1918-ի ամռանը մի հիշատակագիր ուղարկեց Կ.Պոլսի սպասվող կոնֆերանսին՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը լուծվի համաձայն նրա ժողովրդի ցանկության։ Սակայն թուրքական արշավանքը դեպի Բաքու՝ խլացրեց այդ հարցը։ Ես արդեն ասացի վերեւում, որ Բաքվից հետո Նուրի-փաշան գրավեց Շուշին, բայց այդ տիրապետությունը Ղարաբաղում երկարատեւ չէր Թուրքիայի ջախջախմամբ։ Հենց որ օսմանյան զորքերը հեռացան Ղարաբաղից, տեղային կազմակերպված ինքնապաշտպանությունը վճռեց միացնել Ղարաբաղը Զանգեզուրին։ Անդրանիկը շարժում սկսեց դեպի Շուշի՝ ժողովրդական այդ ցանկությունը [կատարելով], բայց այդ ժամանակ անգլիական «բուխգալտերը» Բաքվում «Մուսավաթի» հետ արդեն սակարկություններ էր սկսել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին ծախելու մասին։

Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասած Անդրանիկի մոտ եւ անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր։ Անդրանիկը, իբրեւ Անգլիայի վրա կույր վստահություն ունեցող, կատարեց այդ առաջարկությունը։ Այնուհետեւ Ղարաբաղի հայությունը սարսափով տեսավ, որ մուսավաթական զորքեր են մտցվում իր սիրտը՝ Խանքենդի (այժմ Ստեփանակերտ) ավանը։ Վճռվա՜ծ էր դժբախտ լեռնագավառի ճակատագիրը, նա պիտի զոհ գնար անգլիական չարչիության։ Եվ սկսում է հայ ժողովրդի եռանդուն պայքարն այն զզվելի բռնությունների դեմ, որոնց հեղինակներն էին Բաքվում նստած եւ հոգով ու մարմնով մուսավաթականներին ծախված անգլիացիները364364
  Լեոյի պես խորաթափանց պատմաբանը, ով իր «Խոջայական կապիտալում» կարող էր տեսնել «հռոմեական լեգեոնները շարժող» կապիտալը, հռոմեական շահերը, այստեղ եւս նույն չափորոշիչով «չարչի» եւ «բուխգալտեր» անվանել անգլիացիներին՝ հանկարծ հարցը տեղափոխում է մարդկային-հոգեբանական ոլորտ, ինչը, անշուշտ, շահի գերակա տրամաբանության մեջ չէ։ Իհարկե, Անգլիան, ինչպես ցանկացած հիրավի պետություն, պետք է բռներ ոչ թե «պատմական» կամ մեկ այլ «արդարության» կողմը, այլ, որպես ելակետ ունենալով բացառապես սեփական շահը, օրինաչափորեն պիտի պաշտպաներ իր շահը տարածաշրջանում։ Այսինքն՝ խոսք լինել չի կարող «ծախվածության» եւ նմանատիպ ոչ քաղաքական կատեգորիաների մասին. խոսքը միայն Անգլիայի տարածաշրջանային ռազմավարական, ինչպես նաեւ տնտեսական շահի մասին է։ Տարօրինակ է, բայց է՛լ ավելի ոչ քաղաքական մոտեցում է ցույց տալիս հայության քաղաքական բախտի ճարտարապետման մեջ մեծ դեր ունեցած Վրացյանը՝ անգլիացիների բռնած դիրքը «երկդիմի» անվանելով (տե՛ս նշվածը, էջ 349)։


[Закрыть]
։ «Մուսավաթը» Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ նշանակեց մի քրդի365365
  Ի դեպ, ներկա ադրբեջանական էթնոսի կազմավորման մեջ մեծ տեղ ունի քրդական տարրը։ Հետագայում ադրբեջանցի դարձած քրդեր էին Զանգեզուրի, Լաչինի եւ հարակից տարածքների մահմեդականները, որոնք աչքի էին ընկնում իրենց առավել վայրենությամբ։


[Закрыть]
՝ Սուլթանովին, որ, ի դժբախտություն հումանիտար գիտությունների, բժիշկ էր՝ համալսարանական դիպլոմով։ Հայության արյունարբու թշնամի, արնախում սուլթանիզմի ամենակույր գործակալներից մեկը, նա հայտնի էր ամենքին իբրեւ մի տիպ, որին չէր կարելի վստահել այդպիսի մի պաշտոն այնպիսի մի տեղում, ուր հայեր էին ապրում։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации