Текст книги "Անցյալից"
Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 26 (всего у книги 32 страниц)
Է
Պատերազմի ամբողջ ծանրությունը մնում էր հայերի եւ վրացիների վրա։ Բայց ես չէի հավատում, թե նրանք կարող կլինեն միասնական լինել նույնիսկ ակնհայտնի վտանգի առաջ։ Տրապիզոնում տեսածս ուրիշ մտածողություն չէր թողնում իմ մեջ։ Ինչ կարող են լինել մարդիկ, երբ նրանց մեջ փոխադարձ եւ անկեղծ համակրանք չկա, երբ նրանք իրար ատում են եւ իրար կործանումն են ուզում՝ նացիոնալիստական ողորմելի բարեհաջողությունների համար։ Թշնամին տուն մտած ժամանակ էլ նրանք իրար են նայում, թե ինչպես խաբեն, ինչպես մեկի դժբախտությունը մյուսն իր համար երջանկություն դարձնի։
Այդպես էլ եղավ։
Վերադարձից հետո մենք իսկույն հրավիրվեցինք Ազգային Խորհրդի նիստին եւ զեկուցումներ տվինք Տրապիզոնի խաղաղարար կոնֆերանսի մասին։ Պետք էր որոշել, թե ինչ պիտի լինի հայ ժողովրդի վերաբերմունքը դեպի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Դաշնակցականները անկարելի համարեցին այդ խոշոր հարցը լուծել Թիֆլիսում, իրենց շատ ընկերները գտնվում են Երեւանում եւ Ալեքսանդրապոլում. պետք էր հարցնել նաեւ հայ զինվորական պետերի կարծիքը։ Ուստի Ազգային Խորհուրդն իր ամբողջ կազմով եւ մենք գնացինք Ալեքսանդրապոլ՝ այնտեղ խորհրդակցություններ կազմակերպելու համար։ Առաջին անգամն էր հեղափոխությունից հետո, որ ես գնում էի Հայաստան։ Ավելորդ է ասել, որ ամեն տեղ տերն ու տնօրենը Դաշնակցությունն էր։ Եվ անկարգություն, անգլխություն էր ամեն տեղ. թալան՝ առանց քաշվելու, օրը ցերեկով։ Զորաժողով էր հայտարարված, Անգլիայի ներկայացուցիչն Էնզելիում խոստացել էր հայերին անհաշիվ վարկ, միայն թե նրանք կազմակերպեին զինվորական ուժ՝ ռուս զորքերին փոխարինելու համար։
Դաշնակցականները պայման էին դրել, որ Անգլիան պաշտոնապես հայտարարի Թուրքահայաստանի անկախությունը, եւ այդ էլ արել էր Լլոյդ Ջորջն իր ճառի մեջ։ Պետք էր, ուրեմն, եռանդով զորք հավաքել եւ կազմակերպել։ Ղարաքիլիսայի կայարանում ինձ մի մեծ խումբ շրջապատեց եւ խնդրում էր հաղորդել, թե ինչ վերջնական համոզում եմ բերել ես Տրապիզոնից։ Ես կողքիս կանգնած հայ զինվորի հրացանի վրա դրի ձեռքս եւ ասացի. «Միակ փրկությունը մեզ մնում է այս»։ Այստեղ է եւ Հովհաննես Թումանյանը, որին Ազգային Խորհուրդն ուղարկել է Լոռու զինվորությունը հավաքելու եւ զինվորական վարչությանը հանձնելու համար։ Նա դառնապես գանգատվում էր, որ գործը տեր չունի, որ զինվորականները գալիս են, հավաքվում, օրերով սպասում՝ առանց բնակարանի, քաղցած, եւ չկա մեկը, որ ընդունի նրանց ու տեղավորի, ուստի եւ ճարահատյալ նորից ցրվում են։ Շունն, ինչպես ասում են, տիրոջը չէր ճանաչում։ Բայց դաշնակցական տղաները հենց այդ միջոցին աջ ու ձախ տարածում էին «սրբել-մաքրելու» գործը։ Կատարվում էին այնպիսի տգեղություններ, որ Հովհաննես Թումանյանը ստիպված էր «Հորիզոնի» մեջ բարձր ձայնով բողոքել այդ գազանությունների դեմ…
Ո՞ւր էր գնում այսպիսի քաոսային դրության մեջ տարուբերվող երկիրը։ Դեպի հաղթությո՞ւն։ Ո՛չ, երբեք։ Ալեքսանդրապոլն անկարգության ամենաբարձր աստիճանն էր ցույց տալիս։ Գնացինք այնտեղ մեծ խմբով. խորհրդակցություններ էինք կատարում, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ կա. ամենքն անձնատուր եղած էին իրենց առեւտրին, փախչում էին զինվորագրությունից, այնպես որ Դաշնակցությունը մի քանիսին տեռորի ենթարկեց՝ մյուսներին վախեցնելու համար։ Բայց իրենք՝ դաշնակցականները, մի՞թե առեւտուր չէին անում հրացաններով, այն էլ այնպիսի պայմաններով, որոնք կատարյալ խայտառակություններ էին, մի՞թե չէին կողոպտում պետական մեծամեծ պահեստները։ Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում Լեւոն Սարգսյանը հրատարակում էր անկախ սոցիալիստների օրգան «Մարդկայնությունը», որ ծայրեծայր լիքն էր մերկացումներով։ Կարդացի մի քանի համար եւ սարսափեցի…
Ալեքսանդրապոլի խորհրդակցական ժողովները երկու թե երեք օր տեւեցին, Ահարոնյանի նախագահությամբ։ Ներկա էին հոծ քանակությամբ դաշնակցականներ, որոնք զանազան պաշտոններ էին վարում զորքի մեջ։ Այդ խորհրդակցությունների միակ արժեքավոր կողմն այն էր, որ աննախապաշարված դիտողի առջեւ դրին այն ողորմելի դրությունը, որի մեջ գտնվում էր հայկական բանակը։ Ռուս գեներալները, որոնք դեռ մնացել էին գլխավոր հրամանատարության մեջ, աշխատում էին այնպիսի դրության մեջ ներկայացնել գործը, որ հուսահատություն ու լքում չառաջանա։ Բայց եւ այնպես, պարզ էր ամեն ինչ։ Գնդերը մաշված ու հյուծված էին, ամեն մեկի մեջ հազիվ 200-300 հոգի մնացած լինեին, դրանք էլ գրեթե բոբիկ էին ու քաղցած, ամիսներ ի վեր գտնվում էին դիրքերում անփոփոխ։
Պատերազմական գործողություններն արդեն Կարսի մոտերքն էին մղվում, Սարիղամիշն արդեն թողնված էր։ Բայց եւ այնպես, այդ փոքրաթիվ, գզգզված բանակի մեջ դեռ մնացել էր զինվորական ոգի, իրենց քաջությամբ եւ դիմացկունությամբ աչքի էին ընկնում լեռնցիները, մանավանդ ղարաբաղցիները, որոնց ռազմական բարեմասնությունները վեր հանեց ժողովի առաջ գլխավոր հրամանատար գեներալ Լեբեդինսկին։ Ամենամեծ դժբախտությունն այն էր, որ կռվող հայ զինվորը բոլորովին նեցուկ չուներ ազգաբնակչության մեջ։ Մի հարգելի հայ սպա դրությունը պատկերում էր այսպես։ Մինչ թուրք ասկյարը պատերազմ էր գնում աջից ու ձախից ունենալով մի-մի զինված քուրդ կամ թուրք, հայ զինվորը՝ դաշտում կռվելիս տեսնում էր, որ իր թիկունքում գտնվող հայ գյուղացիները՝ մինչեւ ատամները զինված, փախչում են՝ տանելով իրենց հետ իրենց ընտանիքները, ալյուրի պարկերը։
Սա, ճիշտ որ, մի մեծ աղետ էր՝ Շիրակի ժողովրդի այս վատարի փխրունությունը, որ երկու անգամ կորստի մատնեց իր բնակված եւ ռազմագիտական ահագին նշանակություն ունեցող երկիրը։
Հայկական ռազմաճակատի դրությունը սաստիկ վատթարացնում էր նաեւ հայերի միակ իբր դաշնակից վրացի մենշեւիկների եւ նացիոնալիստների միացած ազգամոլությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանության գլխավոր դիրքերն իրենց ձեռքում էին, սրանք աշխատում էին Կարսից եւ այլ բերդերից դուրս քաշել ռազմամթերք, փամփուշտներ եւ այլ իրեր ու այդպիսով հարստացնել իրենց պահեստները։ Հայաստանի ճակատի հրամանատար էին նշանակել մի ինչ-որ գեներալ Օդիշելիձեի343343
Ազգությամբ վրացի գեներալ Իլյա Օդիշելիձեն (1865-19??) Առաջին համաշխարհայինի ընթացքում միակն է եղել կովկասյան ազգերի ներկայացուցիչներից, որ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոն է զբաղեցրել, թեեւ աչքի ընկնող ռազմական գործողություններ չի իրականացրել։ 1917թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է Կովկասյան բանակի հրամանատար։ Քաղաքական հայացքներով հարել է վրաց նացիոնալ-դեմոկրատներին, ունեցել է գերմանական կողմնորոշում։ 1920թ. աշնանից դարձել է վրացական բանակի գերագույն հրամանատար։ Նրա մի նամակում, ուղղված Վեհիբ-փաշային, որ գրվել է դեռեւս Անդրկովկասյան միասնական հանրապետության շրջանում, կարդում ենք. «…Հույս ունեմ, Ձերդ գերազանցություն, որ հանուն հաշտության առաջիկա բանակցությունների հաջողության եւ մեր երկու ժողովուրդների ապագա բարեկամության, Դուք եւս կհրամայեք…» (ընդգծումը մերն է – Մ.Հ., Ս.Վրացյան, նշվածը, էջ 113)։ Այսինքն՝ վրաց քաղաքական վերնախավը շատ ավելի լուրջ մտադրություններ ուներ կովկասյան իր հեգեմոնիայի առնչությամբ, որ գալիս էր նախ պետական մտածողություն ունենալուց, ապա եւ՝ համառուսական գլոբալ խաղերին մասնակցած լինելու արդյունքում ձեռք բերած գլոբալ հայացքից ու քաղաքական լայն պատկերացումներից, հավակնություններից եւ վերջապես՝ համոզված անկախականությունից։ Այդ վերնախավը տարածաշրջանում տեսնում էր երկու ժողովուրդ եւ երկու խաղացող՝ վրացի եւ թուրք. մի բան, որ անտեսվել է մեր պատմագիտության կողմից վերջին 100 տարվա ընթացքում։ Պատմությունը նույնությամբ կրկնվում է Վրաստանի առնվազն «Վարդերի հեղափոխությունից» ի վեր։
[Закрыть], որ ուխտյալ հայատյացներից էր եւ ինչ-որ կասկածելի հարաբերություններ ուներ Վեհիբ-փաշայի հետ։ Մեզ պատմեցին, որ հայ զորքերի հրամանատար գեներալ Նազարբեկովը344344
Նազարբեկով (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855-1928) – Թիֆլիսցի ազնվական, ռուսական բանակի գեներալ, մասնակցել է 1877-1878թթ. ռուս-թուրքական եւ 1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմներին, Կովկասյան ճակատում՝ Առաջին համաշխարհայինին։ 1918թ. Մայիսյան ճակատամարտերի ընդհանուր հրամանատար, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի գլխավոր հրամանատար։ Բոլշեւիկների կողմից ձերբակալվել է 1920թ., պահվել Երեւանի, Բաքվի եւ Ռյազանի բանտերում։ Պատերազմի մասին անտիպ հուշագրության հեղինակ է։ Վախճանվել է Թիֆլիսում։
[Закрыть], որպեսզի կարողանա փրկել Կարսում գտնված փամփուշտների վերջին պաշարը, հարկադրված է եղել դուրս գալ զինվորական կարգապահության կանոններից եւ ուղղակի մերժել բարձր իշխանության հրամանով փամփուշտները Թիֆլիս ուղարկելը։
Ի՞նչ կարելի էր անել այս պայմանների մեջ։ Հովհաննես Քաջազնունին մի մանրամասն եւ հանգամանորեն կազմված զեկուցում կարդաց, որի մեջ հաստատում էր, թե պատերազմ մղել Թուրքիայի դեմ մենք չենք կարող, ուստի պիտի ընդունենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ հաշտություն կնքենք։ Այստեղ է ահա, որ նորից հրապարակ է իջնում դաշնակցական լոպպազությունը։ Ամեն կողմից անբավականություն, հակաճառություն՝ մենք ուժ ունենք, մենք կդիմադրենք եւ այլն, եւ այլն։ Միշա Արզումանյանը, որ չգիտեմ Կարսի նահանգապետն էր թե ինչն էր, ասաց մոտավորապես հետեւյալը. «Կարսը հեռու չէ այստեղից, եկեք հենց այս գիշեր ամբողջ ժողովով գնացք նստենք ու գնանք Կարս, վաղը առավոտյան տեսնենք նրա ամրությունները, նրա զինվածության չափը։ Եթե այդ բոլորը տեսնելուց հետո դուք կասեք, թե կարելի է այդպիսի մի բերդ թշնամուն տալ առանց պատերազմի, այն ժամանակ հարցը միանգամայն լուծված կլինի»։ Այս խոսքերը վճռական նշանակություն ունեցան։ Ժողովը Կարս չգնաց. ո՞վ չգիտեր, որ այդ մի հռչակավոր եւ առաջնակարգ բերդ էր. վճռեցին շարունակել պատերազմը։ Բայց միաժամանակ, երբ առաջարկություն եղավ, որ Ազգային Խորհրդի անդամները գնան գյուղերը եւ պրոպագանդա անեն՝ ազգաբնակչությանը ոգեւորելու համար, ոչ ոք չգնաց։ Մենք վերադարձանք Թիֆլիս, եւ իմ դերը ինձ համար միանգամայն խորթ դիվանագիտական աշխատանքի մեջ միանգամայն վերջացավ։
Բայց երկար չեղան մեր սպասելիքները։ Թուրքական արշավանքը հայկական եւ վրացական ճակատների վրա շարունակվում էր անարգել հաջողությամբ։ Բաթումի կողմից թուրքերը խուժել էին Գուրիա եւ արշավում էին Սեւ ծովի ափով դեպի հյուսիս։ Անդրկովկասյան Սեյմի ռազմատենչ տրամադրությունը կարծեմ մի շաբաթ էլ չտեւեց։ Նա հասկացավ, որ պատերազմը թղթով ու խոսքով չեն մղում, եւ սկսեց արագ ու ամբողջական նահանջ։ Նորից վերսկսել հաշտության բանակցությունները – ուրիշ ճար չկա։ Եվ ահա մի մեծ հաղթանակ Չխենկելիի համար. Տրապիզոնի մի ամսվա ողորմելի գործունեությունը նրան դարձրել է թե՛ աչքի ընկնող դիվանագետ եւ թե՛ մանավանդ Վեհիբ-փաշայի եւ առհասարակ թուրքերի բարեկամ։ Ուստի նրան է հանձնվում կառավարությունը։ Գեգեչկորին հրաժարական է տալիս. կազմվում է նոր կառավարություն՝ Չխենկելիի նախագահությամբ։ Եվ նա իսկույն բանակցություններ է սկսում թուրք հրամանատարության հետ՝ Տրապիզոնի իր գործակալների միջոցով։
Վեհիբ-փաշայի հաղթական երթը կանգնեցնելու համար նա (այսպես տեսանք նրան եւ Տրապիզոնում) սկսեց նրան ընծաներ մատուցել հայերի հաշվին, ամենից առաջ իհարկե Կարսը (լավ որ345345
Դարձվածք Շիրակի բարբառով, որ նշանակում է՝ ա) իսկ այդ ինչու՞, բ) ի բարեբախտություն քեզ, գ) դեռ լավ է, որ։
[Закрыть] իր կառավարության մեջ զինվորական մինիստրի պաշտոնով ուներ նույն անխուսափելի գեներալ Օդիշելիձեին)։ Ըստ սովորականի, մի քանի աննշան մինիստրական պորտֆելներ Չխենկելին տվել էր դաշնակցականներին։ Եվ ահա, մինչեւ նրանց կառավարության մեջ մտցնելը, մինչեւ նրանց գոնե մի անգամ ժողովի կանչելը, ինքն իրենից, առանց հայ ընկերակիցների գիտության, նա հրաման է արձակում Կարսը անհապաղ հանձնել թուրքերին։ Դաշնակցական նոր մինիստրները հենց որ իմանում են այդ, հրաժարական են տալիս։ Բայց մի երկու օրից հետո էլի հետ են վերցնում այդ հրաժարականները եւ մտնում Չխենկելիի թեւերի տակ։ Իշխանությունից զրկվել չուզեցին ո՛չ մի հանգամանքում, նույնիսկ երբ հայ ժողովրդի գլխին պայթում էր մի սարսափելի աղետ346346
Տարօրինակ զուգադիպությամբ՝ ՀՅԴ-ն հարյուր տարի անց եւս պարբերաբար սպառնում է դուրս գալ ՀՀ զանազան կոալիցիոն կառավարություններից, եթե հանկարծ որոշվի, որ հայկական այս կամ այն տարածքը փոխանակվում է կամ փոխզիջվում, այս կամ այն հարցն իր պատկերացրածի պես չի լուծվում, այս կամ այն մակարդակի ընտրությունը սոսկալիորեն կեղծվում է, սակայն ամեն անգամ գտնում է հուսալի պատճառաբանություններ, թե ինչու պետք է մնալ իշխանության մեջ։
[Закрыть]…
Այդպիսի աղետ էր Կարսի եւ նրա շրջանի հանկարծակի հանձնումը։ Այս մասին շատ է գրվել լրագրերում, եւ այդ կարգադրությունը որակվել է իբրեւ դավաճանություն։ Ասում էին, որ եթե չլիներ Չխենկելիի այդ հրամանը, Կարսը կարող էր պաշտպանվել երկար։ Ես չեմ հավատում այդ բանին, որովհետեւ Կարսի պաշտպանության համար հարկավոր էին տասնյակ հազարներով զինվորներ, որ մենք չունեինք։ Բայց որ բերդը, եղած միջոցներով, կարող էր պահվել թշնամու դեմ առնվազն երկու շաբաթ, այդ մասին չէին պակասում հեղինակավոր մասնագետների վկայությունները։ Իսկ այդ ժամանակը միանգամայն բավական էր Կարսի մեջ մթերված անհուն պաշարների գեթ մի մասը դուրս տանելու, բայց մանավանդ ազգաբնակչությանն իր անելիքը հասկանալու եւ որոշելու միջոց տված լինելու համար։ Բայց բերդի հանձնումը կատարվեց խուճապային կարգով. Չխենկելին տենդային շտապողականության մեջ էր արեւմտյան Վրաստանի վտանգված վայրերը ժամ առաջ փրկելու եւ Վեհիբ-փաշայի նոր համակրանքները գրավելու համար։ Կարսի շրջանի ամբողջ հայությունը հանկարծակիի եկած սկսեց փախչել՝ կորցնելով իր ունեցածը։ Ծայր տվեց ավերիչ գաղթականությունը։ Բայց այդ ի՜նչ փույթ չխենկելիներին եւ նրանց բարձակից դաշնակցական փոքրիկ մինիստրներին…
Կարսի գնով զինադադար կնքվեց, պատերազմական գործողությունները դադար առան, եւ նոր խաղարարար բանակցություններ սկսվեցին Բաթումում։ Դրա համար խաղացվեց մի նոր քաղաքական կոմեդիա՝ Սեյմը հայտարարեց Անդրկովկասը անկախ հանրապետություն։ Մուսավաթական թուրքերը, թեեւ չէին մասնակցել Սեյմի հայտարարած 8-10 օրվա պատերազմին, բայց փառավորապես բազմեցին կոնֆերանսի գլխին, որպեսզի տեսնեն, թե դեռ էլ ի՛նչ խաղեր պիտի խաղա հաղթական Թուրքիան իր առջեւ փռված թշվառ երկու երկրների գլխին։ Վրացիները կարծում էին, թե թուրքերի վերաբերմունքը դեպի իրենց, հայերի համեմատությամբ, լավ կլինի. բայց չարաչար սխալվում էին։ Հազիվհազ կործանումից ազատված Թուրքիան պատառներից ձեռք վերցնողը չէր։ Բաթումում նա հայտարարեց, թե այժմ պայմաններն այն չեն, ինչ էին Տրապիզոնում. եւ խաղարարար կոնֆերանսի նախագահ Խալիլ-բեյն այնպիսի դաժան եւ անողոք ոճով էր պահանջներ անում, որ վրացիներին եւ հայերին մնում էր «լաց եւ կրճտումն ատամաց»։
Դեռ Կարսի կորուստը չէր մոռացվել, երբ մի օր, մայիսի կեսին, լուր տարածվեց Թիֆլիսում, թե թուրքերը ռմբակոծում են Ալեքսանդրապոլը։ Խուճապ, իրարանցում, փախուստ, կործանում։ Այդ օրվանից էր, որ սկսվում էր կովկասահայերի պագնապը։ Զարմանում էին, թե ինչպես է տեղի ունեցել այդ տակնուվրայությունն այդքան հանկարծորեն։ Ինձ Միքայել Պապաջանյանը, որ այն միջոցին Բաթումում է եղել իբրեւ խաղաղարար պատվիրակության անդամ, պատմեց, թե թուրք հրամանատարությունը, կամենալով իր ձեռքը գցել Ալեքսանդրապոլը (եւ սա՝ գերմանական շտաբի պահանջողությամբ347347
Ըստ Ս.Վրացյանի, դոկտոր Լեփսիուսը հակառակն է նկարագրում, որ իբրեւ գերմանացի գեներալ ֆոն Լոսոֆը հեռագրել է գերմանական կառավարությանը՝ բողոքելով թուրքերի կողմից առաջ քաշվող ցինիկ պահանջների դեմ (տե՛ս Ս.Վրացյան, նշվածը, էջ 119)։
[Закрыть]), վերջնագիր էր ուղարկել Չխենկելիին, որ անդրկովկասյան պատվիրակության նախագահի պաշտոնով Բաթումում էր գտնվում, պահանջելով, որ չորս օրվա ընթացքում Ալեքսանդրապոլը հանձնվի թուրքերին։
Այդ վերջնագիրը փոխանակ հեռագրով հաղորդելու Թիֆլիս, ուղարկվում է թղթատարի ձեռքով եւ ժամանում է ուշ՝ այն միջոցին, երբ թուրքերը, ժամանակն անցած համարելով, պատերազմական գործողություններ էին սկսել Ալեքսանդրապոլի դեմ։ Եվ այսպես մենշեւիկ Չխենկելին մի անգամ էլ աղետում էր հայոց կյանքը. եւ այս անգամ ավելի ահռելի չափերով, քան առաջին անգամ։ Ալեքսանդրապոլի պահեստներն էլ՝ այդ անհուն հարստությունները, ընկնում են թշնամու ձեռքը։ ժողովուրդը խելակորույս փախչում է դեպի Ղարաքիլիսա, լցնում է նրա ձորն իր անասուններով, սայլերով։ Փախչում է հայկական զորքը։ Գեներալ Նազարբեկովը՝ նրանց հրամանատարը, նահանջելով դեպի Դիլիջան, հուսահատական հեռագրեր էր ուղարկում Ազգային Խորհրդին, գանգատվում էր, թե իր մոտ մնացել են միայն երեք հարյուր հոգի, եւ իրեն մնում է գերի ընկնել թուրքերի ձեռքը։
Ը
Թվում էր, թե ամեն ինչ կործանվում էր. թուրքերը, հենակետ դարձնելով Ալեքսանդրապոլը, ձեռնարկել էին Հայաստանի եւ Վրաստանի նվաճման։ Մի կողմով նրանք գնում էին Երեւանի վրա, մյուս կողմից բռնել էին Թիֆլիսի ուղղությունը348348
Վրացիները դիմադրություն ցույց չտվեցին, եւ միայն հանգամանքների դասավորությունը փրկեց Թիֆլիսը, ի տարբերություն Երեւանի, որ փրկվեց Մայիսյան հերոսամարտերով։
[Закрыть]։ Սակայն կրիտիկական րոպեին ժողովրդական երկու գրոհ հասկացնում էին չափ ու սահման կորցրած օսմանցիներին, թե նրանք այնքան էլ ամենակարող չեն այս փոքրիկ ազգությունների մեջ։
Մի գրոհն սկսվում է Երեւանից եւ նրա շրջակա գյուղերից տարերային հոսանքով դեպի Սարդարապատ, ուր թուրք զորքերը ջարդվում են եւ ետ քշվում։ Մյուս գրոհը Դիլիջանից է սկսվում։ Ալեքսանդրապոլից նահանջած մի քանի թնդանոթաձիգ հայ սպաներ փորձում են դիմել ղազախեցի քաջարի գյուղացիներին, որոնք տաքանալով խրախուսանքներից՝ լավայի պես դիմում են դեպի Ղարաքիլիսա, նույնիսկ առանց զենքի, ճանապարհին իրենց հետ քշելով տանելով պատահած գյուղերը։ Իսկ հրացաններ եւ փամփուշտներ նրանք գտնում էին Կարսի եւ Ալեքսանդրապոլի փախստականների սայլերում. սրանք, ինչպես ասացի վերեւում, լցրել էին Փամբակի ձորը։
Սպաների ղեկավարության տակ կազմվելով ու կազմակերպվելով իբրեւ զորք՝ այդ բազմությունը մի ճակատամարտ է տալիս օսմանյան բանակին, որ տեւում է երեք օր։ Հաղթել, տարաբախտաբար, նա չի կարողանում, բայց ցույց է տալիս հերոսական դիմադրություն (որի ապացույցն էր նրա տված զոհերի մեծ քականությունը), այնպես որ Վեհիբ-փաշան Բաթումում, շատ գովասանքով խոսելով այդ դիմադրության մասին, ասել էր, թե հայերը կարող են ապագա բուլղարներ դառնալ։
Բայց այս հերոսամարտը չկարողացավ ո՛չ Ղարաքիլիսան ազատել կոտորածից ու թալանից, ո՛չ երկաթուղու գիծը հայերի ձեռքում պահել։ Թուրք զորամասերը հալածելով ու ոչնչացնելով հայ զորքի մնացորդներին՝ գրավեցին բոլոր կայարանները, դուրս եկան մինչեւ Շուլավեր։ Թիֆլիսը վտանգի մեջ էր, քաղաքագլուխը մի կոչով հրավիրեց ազգաբնակչությանը՝ զենք վերցնել քաղաքը պաշտպանելու համար։ Սակայն փորձանքն անցավ հրաշքի նմանություն ունեցող մի հանգամանքի բերմունքով։ Վրացիները Բաթումում համաձայնություն են կայացնում գերմանական լիազորի հետ եւ գերմանական զորքը գալիս է պաշտպանելու Վրաստանը ամենից առաջ հենց իր դաշնակից թուրքերից։ Այս կատարում էին գերմանացիները ոչ իհարկե վրացիների սիրուն աչքերի համար։ Մի գաղութացման նախադուռն էր սա. Վրաստանը կտար Գերմանիային իր մարգանեցը, անտառային հարստությունները, ինչպես նաեւ հենարան կդառնար Բաքվի նավթին մոտենալու եւ կանգնելու այս ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Հնդկաստան…
Բայց բանն այս չէր, այլ այն, որ գերմանական զորքը միայն Վրաստանի պաշտպանությունն էր ճանաչում, իսկ նրանից դուրս՝ ոչինչ։ Կովկասահայերի համար 1918-ի ամառը նույնքան սարսափելի էր, որքան 1915-ի ամառը թուրքահայերի համար։ Դա բնաջնջման մի ամառ էր, եւ հայերը շատ ու շատ անգամ դիմեցին գերմանացիներին, խնդրեցին նրանց պաշտպանությունը, բայց միանգամայն իզուր։ Ինձ Ահարոնյանը մի այսպիսի պատմություն արավ։ Գերմանական գեներալն իր սպաներից մեկին ուղարկում է նրա, իբրեւ Ազգային Խորհրդի նախագահի, մոտ եւ հայտնում է, թե Բորչալուի թուրքերը շրջապատել են Աշաղա-Սերալ (Շուլավեր) երկաթուղային կայարանը եւ հենց որ մի գնացք է գալիս, որի մեջ հայեր են լինում, իսկույն նրանց հանում են եւ մորթում։ Գեներալը խնդրում է հայոց Ազգային Խորհրդից միջոցներ ձեռք առնել, որ այսպիսի բաներ այլեւս չլինեն այդ կայարանում, որովհետեւ նրանք վատ են ազդում այնտեղ կանգնած գերմանական զինվորների վրա։
Առաջին անգամ էինք մենք տեսնում եվրոպական ամենաքաղաքակիրթ մի ազգի զենքն ու զորությունը մեզ մոտ եւ իմանում էինք, թե մինչեւ ո՛ր աստիճան նա կարող է լինել զզվելի… Մի ուրիշ օրինակ։ Բոլնիսի մի խեղճ ու կրակ հայ գյուղ չեմ հիշում, թե ի՜նչ մեծ հանցանք էր գործել մենշեւիկների կառավարության դեմ։ Իսկույն թռչում է գերմանական սավառնակը, ռումբեր է նետում ու թափում գյուղի գլխին, տներ քանդում, մարդիկ սպանում։ Այս չափին էր հասնում վիլհելմյան քաղաքակրթությունը, ի՞նչ արած։ Հայը եւ Հայաստանը դրված էին Վիլհելմի դաշնակից սուլթանի տրամադրության տակ, իսկ Վրաստանի վրա ծածանվում էր գերմանական դրոշակն իբրեւ ապացույց, որ նա պաշտպանված է իր օրինական սահմանների մեջ։
Բաթումի բանակցությունների մեջ թուրքաց կառավարությունը նոր քաղաքական կազմ առաջ քաշեց Անդրկովկասի համար, այն է՝ առանձին անկախ հանրապետությունների սիստեմ։ Այս առաջարկից երկու ձեռքով կպավ Վրաստանը։ Մայիսի 26-ին մեծախոս, բայց ապիկար եւ անարդյուն Սեյմն ինքն իրեն լուծված հայտարարեց, եւ նույն օրը վրաց Ազգային Խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախությունը։ Հայերն ակամա համակերպվեցին այս անհրաժեշտությանը. նրանք գիտեին, որ անկախությունն իրենց օգուտ չպիտի բերի։ Բայց Ծերեթելին վեհ հպարտությամբ ասում էր նրանց. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։
Չեմ մոռանում ես այդ մայիսի 26-ը։ Կիրակի օր էր, պայծառ ու տաք։ Հայաստանի կողմից փախածներն ահագին խմբերով անցնում էին Գոլովինսկի պրոսպեկտով դեպի Վլադիկավկազի ճանապարհը՝ Ռուսաստան գնալու համար։ Ամբոխը ոտքով էր, շատ քչերն էին կարողացել ֆուրգոններ վարձել։ Շտապում էին փախչել նախեւառաջ բոլոր թուրքահայերը՝ շատ լավ իմանալով, որ եթե գան թուրքերը՝ իրենցից մեկն էլ չպիտի ազատվի մահից։ Բայց առհասարակ խուճապ էր, որ ազդում էր ամենքի վրա։ Թիֆլիսից էլ շատ ու շատ հայեր, մինչեւ գերմանացիների գալը, փախել էին դեպի Վլադիկավկազ՝ ծախելով իրենց վերջին ստացվածքը։ Փողոցների մայթերի վրա դարսված էին ամեն տեսակ տնային իրեր, ամանեղեն կարասիներ. այդ բոլորը ծախում էին ոչինչ գնով, որպեսզի փախչելու համար փող ձեռք բերեն։ Աշխարհն իրարով էր անցել. մի ամբողջ ժողովուրդ, անգլուխ ու անպաշտպան մնացած, անում էր՝ ինքն էլ չիմանալով ինչ։ Այդ փախուստը նկարագրել է հանգուցյալ Վրթանես Փափազյանը, որ իբրեւ թուրքահայ՝ ինքն էլ փախստականների մեջ էր։ Ճանապարհի սարսափներից ամենազարհուրելին ինգուշների հարձակումներն էին, որոնք միայն թալանելու նպատակ չունեին, այլեւ՝ կոտորելու, ոչնչացնելու։
Մայիսի 26-ին ժողով կար կոնսերվատորիայի դահլիճում, եւ ես այնտեղ էի գնում, երբ ընկա փախստականների մեծ հոսանքի մեջ։ Տպավորությունը զարհուրելի էր։ Պատմության հարյուրավոր մռայլ էջերից կանգնում էին առջեւս այս դժբախտ ժողովրդի քաշած այսպիսի փախուստները, իրարանցումները, բնաջնջումները։ Եվ միայն մի շերտ, հարյուրամյա մի շրջան էր երեւում՝ ռուսական տիրապետության շրջանը, երբ գոնե ռուսահայերն ազատվել էին այդ հավիտենական անեծքից։
Կոնսերվատորիայի ժողովը կուսակցական ժողով չէր, հավաքվել էր մեծ բազմություն բոլոր խավերից։ Պիտի խորհրդակցեին, թե հայերն ինչ պիտի անեին Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո։ Ես խոսք խնդրեցի եւ կարճ նկարագրելով այն, ինչ որ այդ րոպեին կատարվում էր դրսում՝ մեծ փողոցի մեջ, ասացի, որ այդ աղետի պատճառն այն է, որ մենք մոռացել ենք մեր պատմական ճակատագիրը։ Այսօր մենք փախչում ենք Ռուսաստան։ Բայց ինչու՞, մի՞թե այստեղ Ռուսաստան չէր, ինչու՞ բաժանվեցինք, ինչու՞ ուրիշների կուսակցական հաշիվներին ենթարկվեցինք։ Փոքր ենք, տկար եւ հենց այդ պատճառով խաղալիք ենք դարձել թուրք փաշաների ձեռքին։ Ինչու՞ չենք հայտարարում, որ մենք մի մասն ենք կազմում այն պետության, որ կնքել է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Թող այդ պետությունն էլ ինքը գործադրի իր ստորագրած պարտավորությունը, եւ մենք կարող ենք ապահով լինել, որ թուրքերը կվերցնեն միայն Բաթումը, Կարսը եւ չեն համարձակվի իրենց թաթը դնել նաեւ Ալեքսանդրապոլի, Երեւանի, Թիֆլիսի վրա։ Մենք ինքներս թուլացրել ու փոքրացրել ենք մեզ, գցել ենք մեզ թշնամու բերանը եւ զարմանում ենք, որ մեզ տրորում են։ Դու՛րս եկեք, նայեցե՛ք այդ փախչող մարդկանց, դրանք մեր ժողովուրդն են, ժողովուրդ, որ ոչնչանում է անվերջ փախուստների ճանապարհներին… Մինչեւ ե՞րբ ոչնչանա…
Ինձ պատասխանեցին, թե բանը բանից անցել է, եւ հայերը մենակ ոչինչ չեն կարող անել, եւ նրանց մնում է հետեւել մյուսների օրինակին։ Եվ այդպես էլ եղավ։ Երկու օրից հետո նոր երկու հանրապետություններ էլ հայտարարվեցին. հայոց Ազգային Խորհրդի կողմից՝ Հայաստան, թուրքերի Ազգային Խորհրդի կողմից՝ Ադրբեջան։ Հայաստանի կառավարությունը կազմվեց դաշնակցականներից՝ Քաջազնունու նախագահությամբ։ Ալեքսանդրապոլի գրավումը եւ նրան հետեւած աղետները Դաշնակցությունն ամենայն իրավամբ իր կործանումն էր համարել եւ ընկել էր անհնարին խուճապի մեջ։ Արդեն վաղուց նկատված էր, որ երբ այդ կուսակցությունը մատնվում է խուճապի, նա դառնում է մի անկազմակերպ ամբոխ, գլուխը կորցրած մի հոտ։ Վերցրե՛ք 1918թ. «Հորիզոնի» մայիսյան համարների առաջնորդողները. ի՜նչ լաց, ի՜նչ կուրծք ծեծել… Կորչում ենք։ Մեռնում ենք, պատրաստ ենք ճանաչել մեր սխալը, համաձայնել թուրքերի հետ…
Միայն նոր էին արտասանվում այս խոսքերը։ Բայց ուշ էր, չափազանց ուշ։ Հանդիպելով մի օր Արտաշես Աբեղյանին՝ ես ասացի նրան. «Բարեկամ, ժամանակին մեռնելն էլ առաքինություն է։ Այդքան փոքրոգությունից, որ թափվում է «Հորիզոնի» առաջնորդողներից, ավելի լավ չէ՞ ասել, թե մենք պիտի վերջ դնենք մեր գոյության»։ Բայց հենց որ մի քիչ հանդարտվեց փոթորիկը, հենց որ հայ ժողովրդի գլուխը բարձրանալու հնար եղավ նորից, Դաշնակցությունը մոռացավ ամեն ինչ եւ էլի դարձավ հոխորտալից, մեծախոս, սանձարձակ։ Այսպես էր նա. իհարկե տանը միայն։ Իսկ դրսում՝ հլու եւ հպատակ թուրք փաշաներին՝ նրանց կամակատար փոքրավորներ։
Բաթումում թուրքաց կառավարությունը հաճությամբ ճանաչեց երեք նորակազմ հանրապետությունները՝ իբրեւ անկախ պետություններ, եւ իսկույն կնքեց Վրաստանի եւ Հայաստանի հետ առանձին եւ անջատ դաշնագրեր, որոնցով անդամահատում էր երկուսին էլ, եւ երկուսն էլ չէին համարձակվում ծպուտ անգամ հանել։ Վրաստանից խլվեցին Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները, եւ Վրաստանը պարտավորվեց ամեն հարկավոր դեպքում դնել իր երկաթուղիները թուրքաց զորահրամանատարության տրամադրության տակ՝ զորքերը այս ու այն կողմ փոխադրելու համար։ Ի՜նչ անկախություն հենց առաջին իսկ քայլից։
Բայց այս դեռ փառք էր՝ համեմատած Հայաստանի թշվառության հետ։ Հայաստանն այլանդակվում էր ամենախայտառակ ձեւով, դառնում ոչ թե պետություն, այլ խաղք ու ծիծաղ, եթե չլիներ արտասուք ու հառաչանք… Նրանից խլվում էին Ալեքսանդրապոլը եւ ամբողջ երկաթուղին՝ մինչեւ Ջուղա։ Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը՝ մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սեւանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման։ Պետական սահմանն անցնում էր Երեւանի տակով. հայերի ձեռքին մնում էր միայն վեց վերստ երկարությամբ երկաթուղի։ Էնվեր-փաշան գտել էր, որ միայն այսպիսի չափ ունեցող Հայաստանը կարող է երկյուղ չներշնչել Թուրքիային։ Իսկությունն այն էր, որ Թուրքահայաստանը ոչնչացնելուց հետո երիտթուրքերը ոչնչացնում էին նաեւ Ռուսահայաստանը։ Այս ծաղրական հանրապետությունն էլ, իհարկե, ժամանակավոր խաղ էր։ Կ.Պոլսում թուրքերը հրատարակել էին Անդրկովկասի քարտեզը, որի վրա այլեւս Հայաստան չէր մնում։
Թուրքերի ամենամեծ հոգսն էր այժմ Ադրբեջան կազմակերպելը։ Էնվերի եղբայրը՝ Նուրի-փաշան, Պարսկաստանի վրայով գնաց Գանձակ, սկսեց այնտեղ տեղական թուրքերից զորքեր կազմել եւ միեւնույն ժամանակ ավելի մեծ ուժերով վերանորոգել կռիվը Բաքվի դեմ, որ հեղափոխական պրոլետարիատի ձեռքին էր, բայց պիտի դառնար Ադրբեջանի մայրաքաղաք։ Այնտեղ հեղափոխական դրոշակի տակ կռվող զորքի մեծագույն մասը բաղկացած էր հայ զինվորներից, որոնք դեռ տարվա սկզբին, վերադառնալով արեւմտյան ճակատից, պիտի գնային իրենց տները, բայց արգելվեցին Բաքվի մեջ, որովհետեւ երկաթուղու գիծը տեղական թուրքերի ձեռքին էր գտնվում, որոնք չուզեցին ճանապարհ տալ հայ զինվորներին՝ վախենալով, թե նրանք կգնան եւ կստվարացնեն հայերի բանակը։ Բաթումի դաշնագրի մի հատուկ հոդված պարտավորեցնում էր հայոց կառավարությանը, որ նա ամեն ջանք գործ դնի այդ հայկական զորամասերը Բաքվից հանելու համար։ Սակայն դա անկարելի եղավ։ Բաքվում ընկավ խորհրդային իշխանությունը, Ստեփան Շահումյանը349349
Ստեփան Շահումյան (1878-1918) – Հայազգի ամենաերեւելի սոցիալ-դեմոկրատը (բոլշեւիկ), ով իր քաշով անզուգական էր Կովկասում։ Այն, ինչ արեցին մենշեւիկները Թիֆլիսում, Շահումյանն արեց Բաքվում։ Նա վերցրեց իշխանությունը քաղաքում, ինչի հետ հաշվի նստելով՝ Մոսկվայի Ժողկոմխորհը դեկրետով նրան նշանակեց Կովկասի արտակարգ կոմիսար։ Հաջողությամբ կազմակերպեց Բաքվի պաշտպանությունը թուրքերից։ Մարքսիստ տեսաբան էր, փիլիսոփա, քննադատ, լրագրող, խմբագիր։
[Закрыть] եւ իր 25 ընկերներն ընկան անգլիացիների ձեռքն ու սպանվեցին. վճռական դեր հանձն առավ Բաքվի դաշնակցական կոմիտեն, որ բացարձակորեն պատերազմ հայտարարեց Թուրքիային։
Եվ որովհետեւ Դաշնակցությունը Դաշնակցություն չէր լինի, եթե չհիշեր, որ Եվրոպային պետք է պաշտել եւ փրկիչ դարձնել. ուստի Էնզելիի անգլիական բանակի մի մասը, դաշնակցականների հրավերով, եկավ Բաքու քաղաքը պաշտպանելու համար, որ արդեն պաշարված էր օսմանյան զորքերով։ Նույն Դաշնակցությունը կռվում էր օսմանցիների դեմ նաեւ երկաթուղու գծի վրա, Շամախու, Նուխու, Գյոկչայի եւ Արեշի գավառներում՝ հաստատելով իր թնդանոթները հայ գյուղերում, որոնք բավականաչափ դժվարացնում էին Նուրի-փաշայի բանակի առաջխաղացումը։ Նուրի-փաշան տեսնում էր իր թիկունքում նաեւ հայկական Ղարաբաղը, որ ձգտում էր կապվել Բաքվի հեղափոխականների հետ, ուստի եւ ուղղված հայերին մի կոչ հրապարակեց, որով նրանցից պահանջում էր հնազանդություն՝ հակառակ դեպքում սպառնալով Ղարաբաղի մեջ կրկնել Ադանայի կոտորածները։
Որպեսզի գեթ համառոտակի հիշատակած լինեմ բոլոր այն գլխավոր շարժումները, որոնք ծնեցրին Անդրկովկասի հայության համար 1918-ի ամառվա թշվառությունները, պիտի հիշեմ եւ Անդրանիկին։ Նա հեռացել էր Դաշնակցությունից, դարձել Կովկասում ապաստանած թուրքահայության պարագլխի նման մի բան, նրանցից կազմակերպել մի բանակ եւ աշխատում էր դաշնակցականներից անկախ ու անջատ գործել։ Ալեքսանդրապոլի նահանջի ժամանակ նա բաժանվեց հայ բանակից, անցավ Դսեղ գյուղը եւ Ղարաքիլիսայի ճակատամարտի միջոցին մատը մատին չխփեց գրեթե ամեն կողմից շրջապատված հայ կռվողներին օգնելու համար։ Երբ թուրքերն առաջացան երկաթուղու ուղղությամբ, Անդրանիկն իր զորքերը տարավ Դիլիջան եւ այստեղից բռնեց մի ուղղություն, որ պետք էր համարել արկածախնդրություն, այն է՝ դեպի Պարսկաստան, անգլիական զորքերին միանալու համար։
Սակայն Սալմաստում նա ջարդվեց թուրքերից եւ, նորից վերադառնալով Արաքսի ձախ ափը, կանգ առավ Նախիջեւանում, ուր, կարծեմ, տեղի ունեցավ տեղական թուրքերի կոտորած։ Սակայն չկարողանալով պահվել այդ կողմում, որովհետեւ օսմանցիներն արշավանք սկսեցին նրա դեմ, նա գնաց Արաքսի ափով որպես թե դեպի Բաքու՝ անգլիացիներին միանալու համար, բայց շուռ եկավ եւ մտավ Զանգեզուր, ուր շատ լավ ընդունելություն գտավ ամեն կողմից կտրված հայ ազգաբնակչության կողմից։ Այստեղ Անդրանիկն իսկապես խոշոր գործ կատարեց՝ կազմակերպելով այդ երկիրն ինքնապաշտպանության համար, բայցեւ՝ գործադրելով «սրբել-մաքրելու» սիստեմը լայն չափերով։ Այս պատճառով է, որ Զանգեզուրն էլ Բաքվի նման փուշ դարձավ օսմանյան կառավարության աչքում. դարձյալ Հայաստանի կառավարությունից էր նա պահանջում ոչնչացնել Անդրանիկի զորախումբը։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ էլ, ինչպես եւ Բաքվի գործում, խոստովանեց իր կատարյալ անկարողությունը։ Թուրքերն իհարկե չհավատացին այդ պատճառաբանությանը, եւ նրանց մեջ ավելի ու ավելի հասունացավ հայերի համառ թշնամությունը Հայաստանի ջնջման միջոցով վերացնելու միտքը։
Եվ ահա 1918-ի ամռանը մենք տեսնում ենք այսպիսի պատկեր. ամեն տեղ, ուր մտնում են օսմանցիները, հայերի ու տեղական թուրքերի մեջ, դաշնակցական «մաքրել-սրբելու» հետեւանքով, սաստիկ թշնամություն է տիրում։ Օսմանյան բանակում են տեղական ավերված, թալանված ու սրի քաշված գյուղերի բնակիչները, որոնք լցված են սոսկալի վրեժխնդրությամբ հայերի դեմ։ Եթե Ղարաքիլիսան երեք օրվա ընթացքում մատնվեց օսմանյան զորքի վայրագություններին, գլխավոր պատճառը փոքրիկ թուրքական Վարդանլուն էր՝ այնքան գազանորեն «մաքրված-սրբված» դաշնակցականների ձեռքով։ Բայց ավելի վատ էր դրությունը Ախալքալաքի գավառում։ Դաշնակցական «մաքրում-սրբումը» այստեղ կատարվել էր ավելի լայն չափերով, եւ տեղական մահմեդական ազգաբնակչությունը տեսել էր հայերի կողմից շատ ու շատ ուխտադրժություն, անգթություն, դավաճանություն հին հարեւանական հարաբերություններին։ Եվ երբ օսմանցիները մտան Ախալքալաք եւ նրա գավառը, այժմ էլ հայ ազգաբնակչության հեծեծանքն էր, որ բարձրանում էր երկինք։ Տասնյակ հազարներով մարդիկ, փրկություն որոնելով թշնամու սրից, կրակից, առեւանգումներից եւ բռնաբարություններից, պոկվեցին իրենց հողից ու փախան դեպի Բորժոմի կիրճը, բայց այստեղ մատնվեցին կատարյալ բնաջնջման։
Նուխու, Արեշի, Գյոկչայի եւ Շամախու գավառներում, երբ օսմանյան զորքը, փախցնելով դաշնակցական կռվող խմբերը, գրավեց նրանց բռնած հայ գյուղերը, սկսվեց հայ ազգաբնակչության ընդհանուր եւ համատարած կոտորած, բոլոր գյուղերը հողին հավասարեցվեցին, ազգաբնակչության մի մասը փախավ Բաքու, մյուսը՝ դեպի Վրաստան, բայց հենց այդ փախուստի մեջ էլ գտավ իր կորուստը։ Նախիջեւանի եւ նրա գավառի հայերն էլ բնաջինջ եղան Անդրանիկի արշավանքի հետեւանքով։ Եվ այս բոլոր արյունոտ տեսարանները լրացնում էր մի ահռելի սպանդանոց՝ Բաքուն։
Դաշնակցությունն արկածախնդրական ձեռնարկումներ շատ ունի իր պատմության մեջ, բայց այս մեկը՝ Բաքուն սեփականելը, Բաքվին տիրանալը, եզակի է շատ ուրիշների մեջ։ Բաքուն, շրջակայքը, ամբողջ նահանգը հոծ թուրքական ազգաբնակչությամբ է լեցուն, հայությունն այնտեղ [ընդամենը] մի բան, եւ այդ բանն իր ձեռքն է առել մեծ արդյունաբերական կենտրոնն ու պատերազմ է մղում Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիան, չափազանց ոգեւորվելով նավթային մայրաքաղաքը գրավելու եւ այնտեղից նաեւ Դաղստանում հաստատվելու մտքով, զորքեր է կուտակում Բաքվի առաջ՝ մոռանալով ամեն զգուշություն, մանավանդ Պաղեստինի ճակատի կողմից, ուր անգլիացիները զարգացնում էին եռանդուն եւ վճռական գործողություններ։ Բաքվի ճակատագիրն արդեն որոշված էր։ Այդ իսկույն հասկացան Էնզելիից եկած անգլիացիները։ Նրանք եկել էին, ըստ իրենց ավանդական սովորության, ուրիշի ձեռքով փուշ քաղելու։
Կարծել էին, թե Բաքվում բավական շատ զորք կա թուրքերին ետ մղելու համար, բայց տեսել էին այդտեղ քայքայման վիճակին հասած հայ զորամասերը։ Ուստի, ավելորդ համարելով զուր տեղից վտանգի ենթարկվելը, մի օր վեր կացան եւ նավ նստելով էլի գնացին Էնզելի։ Ճակատի տերը մնաց դարձյալ Դաշնակցությունը։ Պաշարող օսմանցիները առաջարկեցին նրան հանձնել քաղաքն առանց կռվի, բայց նա մերժեց այդ առաջարկը՝ հրատարակելով մի մեծախոս, հպարտ եւ սպառնական կոչ։ Թուրքական գրոհները հետզհետե մոտենում էին քաղաքին։ Վերջին պահին դաշնակցականները եւ իրենց զորքերը նստեցին նավերի մեջ եւ փախան Էնզելի. քաղաքում մնացին գլխավորապես նրանք, որոնք, միջոց չունեին փախչելու, այսինքն՝ աղքատ ազգաբնակչությունը, մեկ էլ՝ Շամախու եւ Գյոկչայի գավառների փախստական գյուղացիները, որոնք ապրում էին փողոցներում, իրենց սայլերի մեջ։ Երեք օր օսմանյան զորաբաժիններին եւ տեղական թուրքերին («ղարափափախներին»350350
Թուրքերեն՝ «սեւ գլխարկ»։
[Закрыть], ինչպես անվանում էին նրանց օսմանցիները) թույլ տրվեց անել Բաքվի հայերին՝ ինչ ուզում են։ Մուսավաթականները մարտի դեպքերի վրեժն էին հանում։
Տները եւ փողոցները լցվեցին դիակներով, ավարն ու կողոպուտն ահագին էր, որովհետեւ Բաքվի հայ բուրժուազիան կուտակումների սիրահար էր։ Օսմանյան ասկյարներն ու սպաները մեծ քանակությամբ ավար էին ուղարկում Թուրքիա, իրենց տները։ Գերմանական մի սպա, որ գտնվում էր Խալիլ-փաշայի շտաբում, անկարող լինելով տանել Բաքվի սարսափները, վերադարձավ Թիֆլիս եւ մի մտերմական շրջանում ասաց. «Ի՜նչ ամոթ եւ անպատվություն է ունենալ այսպիսի դաշնակից… Տեւտոնյան ասպետների թոռներին հրամայված էր միայն լուռ ականատես լինել»… Բաքվի հայ ազգաբնակչության մի մասն էլ կարողացավ շոգենավերով փախչել Էնզելի, Կրասնովոդսկ եւ Պետրովսկ։ Բայց այս տեղերում էլ համաճարակները սկսեցին հնձել այդ փախստական շարքերը։ Ընդհանուր առմամբ Բաքվի հայությունը 1918-ի սեպտեմբերին կորցրեց մոտ 30 հազար հոգի։
Կարծում եք, թե բանը միայն մասսայական սպանությունների մե՞ջ է։ Ո՛չ։ Հայ ժողովուրդը սոսկալի դրամաներ էր ապրում օրից օր, շաբաթներով, ամիսներով։ Չկար այն ժամանակ մարդկային ամբողջ ցեղի մեջ ավելի արհամարհված, ավելի ստոր, մարդկային կերպարանքից ընկած եւ անասուններից էլ վատթար դրության մատնված թշվառական հատված, քան հայությունը։ Նուխու գավառի փախստական հայերը հավաքված են Ալազան գետի ձախ ափին, փրկություն են որոնում «քրիստոնյա», կուլտուրական Վրաստանում, որտեղ դեմոկրատիկ հանրապետոթյուն է հռչակված, եւ նրա գլուխ կանգնած են սոցիալ-դեմոկրատները։ Բայց դժբախտներից ոչ մեկին թույլ չեն տալիս անցնել աջ ափը։ Ի՞նչ անել։ Մեռնել, ուրիշ փրկություն չկա։ Եվ մեռնում են հազարներով։ Պետք է կարդալ այնտեղից ուղարկված եւ լրագրերում տպված հեռագրերը եւ լուրերը՝ հասկանալու համար, թե ի՛նչ զարհուրելի աստիճանների կարող է հասնել քսաներորդ դարում մարդ ասած էակի քարսրտությունը։ Բայց ինչու՞ զարմանանք Ալազանի ձախ ափի վրա։ Այնտեղ մեռնող ժողովուրդը գոնե օտարահպատակներ են։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.