Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 20

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 20 (всего у книги 32 страниц)

Шрифт:
- 100% +
Գ

Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթեւամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ։ Երեւույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ։ Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում եւ կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու եւ քննելու իրենց ազգային հարցերը։ Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի եւս խոր խրամատներ էր փորում հայերի եւ մյուս կողմից` վրացիների եւ թուրքերի միջեւ։ Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական եւ համաթուրքական պրոպագանդայի կողմից. եւ այս` բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից։ Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն։

Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում եւ կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ»294294
  Ադրբեջաներեն՝ «հավասարություն»։ Պանթուրքիստական (մասամբ՝ պանիսլամիստական) կուսակցություն, ստեղծվել է 1911թ., Բաքվում, հրատարակել է «Իսթիքլալ» (անկախություն) անունով թերթ։ 1918 թ. մայիսի 28-ից ստանձնել է Ադրբեջանի իշխանությունը, որ տեւել է մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը։


[Закрыть]
անվան տակ։ Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում` նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ։ Թուրքիան` համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արեւելքում` Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, եւ սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա եւ ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի եւս խորացնել եւ լայնացնել սեպը Ռուսաստանի միջոցով, որի գործիքներն էին, եւ հենց այդ պատճառով էլ [դիտվում էին] արյունարբու թշնամի` միացող համաթրքության։ Ցարական բյուրոկրատիան պատերազմի նախընթաց երկու տարիներին էր, որ բավական տեղեկություններ ստացավ այն պրոպագանդայի մասին, որ օսմանյան գործակալները անաղմուկ մղում էին նույն այն թուրք ազգաբնակչության մեջ, որ, նրա կարծիքով, պիտի դառնար ցարիզմի հենարանը։

Սակայն իրեն հատուկ անշնորհքությամբ նա բավականացավ միայն ոստիկանական գրագրություններով, որոնք մի առանձին արդյունք չտվին եւ տալ էլ չէին կարող, քանի որ ոստիկանական ծառայողներից շատերը նույն բեկական դասակարգին պատկանող թուրքեր էին։ Պատերազմը սկսվելու ժամանակ դրությունն այնպես էր, որ ռուս կառավարությունը չհամարձակվեց նույնիսկ նախկին տարիների օրինակով անկանոն միլիցիա հավաքել թուրք ազգաբնակչությունից295295
  Թեեւ Դաղստանի լեռնցիներից եւ մասամբ թուրքերից կազմված էր մի «վայրենի դիվիզիա», բայց նա գործում էր արեւմտյան ճակատում (ծանոթ.՝ հեղինակի)։


[Закрыть]
, որ այսպիսով բոլորովին ազատ մնաց պատերազմի ծանրություններից296296
  Նույնը տեսնում ենք նաեւ Երկրորդ համաշխարհայինի տարիներին. ի տարբերություն թվով իրենց զիջող հայերի, որոնք աներեւակայելի չափով կամավորներ եւ 300 հազար զոհ տվեցին, ադրբեջանցիները զանազան պատրվակներով հնարավորինս խուսափեցին նույնիսկ պարտադիր զորակոչից։ Երկու կարեւոր հանգամանք եւս. ա) նրանք հաճույքով մտնում էին ոստիկանական ծառայության՝ դրանով կարելվույն չափ օգտակար լինելով իրենց ցեղակիցներին, բ) ադրբեջանցի ազգաբնակչությունը շատ քիչ տուժեց նախաստալինյան եւ ստալինյան ռեպրեսիաներից։


[Закрыть]
, եւ տնտեսապես զարգանում եւ ուժեղանում էր` պատրաստվելով հարմար ժամանակին ոտքի ելնել համաթուրքական գործի համար։

Այսպես էին թուրքերը։ Իսկ վրացինե՞րը։ Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի եւ թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական եւ հարձակողական դաշնակցություն` ուղղված հայերի դեմ։ Այդ entente cordiale-ն297297
  Ֆրանսերեն՝ «ի սրտե, հոգեհարազատ դաշինք»։


[Закрыть]
տարիների ընթացքում ամրապնդվել էր, եւ թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ։ Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները` կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա։ Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երեւույթ էր` մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին։

Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական։ Պատերազմի նախօրյակին իսկ, վրաց թավադների եւ հայ բուրժուաների մեջ մղվում էր մոլեգին գոտեմարտ Թիֆլիսի պոլիտեխնիկումի շինության առիթով։ Թավադները պահանջում էին, որ պոլիտեխնիկումը շինվի Սաբուրթալո արվարձանում, ուր նրանք հողեր ունեին, որոնց արժեքը պիտի բարձրանար պոլիտեխնիկումի այնտեղ զետեղվելու հետեւանքով։ Մինչդեռ Թիֆլիսի քաղաքային վարչությունը Կովկասի առաջին բարձրագույն դպրոցի շինությանը հատկացրել էր հողաբաժին Նավթլուղում։ Քաղաքային Դումայի մեջ նստած հայ բուրժուազիան էլ, իհարկե, իր հաշիվներն ուներ։ Եթե պոլիտեխնիկումը կառուցվեր Նավթլուղում, այն ժամանակ օգտվողը կլիներ Հավլաբար թաղը` ամբողջովին հայաբնակ։ Ահա այս երկու տեղերի վրա էր կռիվը։ Թավադությունը Սաբուրթալոյի մեջ միայն առատ հողաբաժիններ էր խոստանում բարձրագույն դպրոցին, մինչդեռ հայ բուրժուազիան բացի հող տալուց` այն միակ աղբյուրն էր, որ պիտի տար նաեւ փող. մի բան, որ չունեին վրաց ազնվականները։

Եվ ահա երկու ժողովուրդները, մի-մի նացիոնալիստական բանակ դարձած, երկար, կրքոտ ճակատամարտ սկսեցին իրար դեմ, որ զզվելի կերպարանք ընդունեց իր այլանդակությամբ։ Պոլիտեխնիկումը շատ քիչ գործ ուներ, գրեթե ոչ մի գործ չուներ այդ նացիոնալիստական պատերազմի մեջ։ Նրա համար կատարելապես եւ լիովին միեւնույնն էր, թե Թիֆլիսի որ կողմում կունենա իր տունը։ Այս կռվի մեջ ո՛չ սկզբունք կար, ո՛չ գաղափար. կային միայն ազգայնական հրդեհված կրքեր, որոնք խոլական վայրագությամբ պլլվում էին իրար` ազգային պատվի հարց դարձնելով հաղթանակը։ Եվ հաղթանակ տանողը հայերն էին։ Գեներալ Գաբաեւը` վրացի թավադության գլխավոր հրամանատարն այդ պատերազմի մեջ, անեծք էր կարդում այն մարդու գլխին, ով Սաբուրթալոն կզրկի իր բնական իրավունքից։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովը, որ հաճությամբ թույլ էր տվել երկու ազգություններին իրար կրծոտել ու հոշոտել մի դատարկ առիթով, հայտարարում էր, թե իր վրա վերցնելով գեներալ Գաբաեւի անեծքը, այնուամենայնիվ, որոշում է պոլիտեխնիկումը կառուցել Նավթլուղում, որպեսզի շինության գործն ապահովվի դրամական նվերներով։

Փողը հաղթանակեց, բայց կարելի է երեւակայել, թե ինչ զգացմունք պիտի այս հարուցեր հաղթվածների մեջ։ Հայ-վրացական հարաբերությունները փչացան վերջնականապես։ Ես շատ թիֆլիսեցի հայերից եմ լսել, որ հին ժամանակներից բարեկամությամբ իրար հետ կապված հայ եւ վրացի ընտանիքներ խռովել են իրարից Սաբուրթալո – Նավթլուղ կռվի հետեւանքով։ Երկու կողմերի լրագրությունը սարսափելի գործ կատարեց։ Դաշնակցական «Հորիզոնը» փրփուրը բերանին էր պաշտպանում հայ բուրժուական-նացիոնալիստական իդեալ դարձած Նավթլուղը։

Բացի այս մեծ գոտեմարտի թողած դառնությունից` հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար եւ այն պատճառով, որ, ինչպես վերեւում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել եւ դաշնակցել էին Թուրքիայի հետ։ Մնում էր մի տարր միայն` ռուս տարրը, որ, ըստ երեւույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը։ Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք։ Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սեւհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր` այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին եւ որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր։ Շուտով բացվեց եւ այն, թե ինչու հայերը կամավորներ էին տալիս ռուս բանակին։ «Այստեղ հաշիվ կա, – ասում էին, – նրանք ուզում են ավտոնոմ Հայաստան, եւ ռուս բանակը պիտի կռվի այդ ավտոնոմ Հայաստանի համար»։

Ես պիտի անկեղծորեն ասեմ, որ այսպիսի մի վերին աստիճանի վնասակար կարծիք կազմվում էր ի դժբախտություն թուրքահայ ժողովրդի, դարձյալ շնորհիվ կամավորական շարժման գլուխ անցած տարրերի անտակտության։ Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած` սկսեցինք քննել եւ դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել եւ ի՞նչ պահանջներ ունենք անելու։ Լրագրական ընդարձակ եւ աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը։ Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն։ Գտնվեցին եւ երկու հայեր, որոնք ուղղակի անկախություն էին պահանջում. Շիրվանզադեն` «Մշակի» մեջ եւ Գաբրիել Մնացականյանը` առանձին գրքույկով։ Վեճը արձագանք գտավ եւ մայրաքաղաքների ռուս մամուլի մեջ։ Միլյուկովը298298
  Միլյուկով Պավել Նիկոլաեւիչ (1859-1943) – Ռուս պատմաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ, Կադետական կուսակցության հիմնադիրներից, 1917թ. փետրվարից ապրիլ՝ արտգործնախարար։


[Закрыть]
հայերի շահերի տեսակետից ցանկալի էր համարում կցել Թուրքահայաստանը Ռուսաստանին։ Այսպիսով երկիրը մի քանի տասնյակ տարիների ընթացքում կշենանար եւ կզարգանար, հայ ազգաբնակչությունը կբազմանար եւ ռուսահայերի հետ կկազմեր մի խոշոր ազգագրական զանգված, որ ապագա Ռուսաստանում կբռներ ավտոնոմ դիրք։

Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները, եւ Միլյուկովի դեմ սկսվեց մի ամբողջ արշավանք։ Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը եւ նրա նախագահությամբ։ Պետք է ասեմ, որ Մելիքյանը կարողացել էր բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել «Հորիզոնի» հրատարակությունը եւ, իբրեւ նախագահ բաժնետիրական ընկերության, իր ձեռքն էր առել նաեւ խմբագրության կազմը, որ բաղկացած էր դաշնակցականներից։ Բայց որպեսզի ցույց չտա, թե թերթը զուտ կուսակցական է, նա ուներ եւ դրսի ոչ դաշնակցական աշխատակիցներ։ Դրանց թվում էի եւ ես։ Եվ ահա այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն եւ պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին։ Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները` իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը։ Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք եւ բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները։ Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը։ Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով։ Այդ նույն դրությունն է, ինչ ունեն այժմ Ռուսաստանի վերաբերմամբ Խիվան կամ Բուխարան։

Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք` Հովհաննես Թումանյանը եւ ես։ Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը` նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետեւ գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին։ Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել։ Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել եւ իբրեւ այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլեւ մեզ` Կովկասում ապրողներիս համար։ Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ եւ չի էլ վիրավորված։ Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել։ Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության եւ, որ ավելի կարեւոր է, ռուս զորքի համար։ Ես հարցնում եմ ձեզ` ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով։ Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը299299
  Բնագրում գրված է «ինքնուրույնություն», որ «ավտոնոմիա» բառի հայերեն ոչ ընդունված թարգմանությունն է։


[Закрыть]
։

Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ։ Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, եւ ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել եւ պիտի պաշտպանեն։ Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից։ Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ` նկատվելով իբրեւ թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք։

Վերջին խոսքը նախագահինն էր, եւ նա հաղթականորեն միացավ իր խմբագիրներին, որոնք ամեն օր հրճվանքով պտույտներ էին անում իր ավտոմոբիլի մեջ բազմած։ Եվ մյուս օրը սկսվեց վեճն ու պահանջը։ Եվ ո՞վ կարող է հաշվել, թե որքան վնասներ հասցրին այդ լրագրական արշավանքներն այն խեղճ ժողովրդին, որ Թուրքահայաստանում մատնված էր իր սեւ ճակատագրի ամբողջ դժնդակությանը։ Մի կտոր ապահովության էր նա կարոտ, ա՛յդ էր նրա ամբողջ ցանկությունը, իսկ այստեղ նրան անվանում էին ավտոնոմիստ, ատում էին դրա համար, արհամարհում էին նրա ամենատարրական ցանկություններն անգամ։ Զորքի մեջ բացարձակ պրոպագանդա էր մղվում հայերի դեմ, եւ այս բանի մեջ առանձնապես աչքի էին ընկնում վրաց ազնվականության ներկայացուցիչ սպաները, սկսած բարձրաստիճաններից, հենց նույն Գաբաեւից, որ ինչպես ասացի, գլխավոր հրամանատարն էր Սաբուրթալո-Նավթլուղ կռվի մեջ։

Զինվորներին ասում էին. «Ձեզ տանում են կռվելու ո՛չ թե Ռուսաստանի շահերի համար, այլ հայկական ավտոնոմիայի համար»։ Զուր չէր, որ ես վերեւում, բերելով գեներալ Մշլաեւսկու լպիրշ եւ շնական հանաքը Էրզրումի հայոց հանրապետության մասին, ասում էի, թե նա միակ օրինակը չէր, թե նա մի երեւույթ էր այն վարակի, որ բռնել էր Թուրքիայում գործող ցարական բանակը։ Այդտեղ հայ կամավորական խմբերը հազիվհազ կարողանում էին դիմանալ։ Նրանց քաջագործությունների վրա ուշադրություն չէին դարձնում, մինչդեռ նրանց մեջ տեղի ունեցող մանր-մունր անկարգություններն ուռցվում էին, չափազանցվում եւ պատժվում խստորեն, անխնա։ Բայց պետք է այն էլ ասել, որ անվստահությունը միայն դեպի հայ կամավորները չէր, այլեւ դեպի այն հայ զինվորները, որոնք ծառայում էին կանոնավոր գնդերի մեջ։ Այսպես էր ցարական կարգը…

Չսխալվենք, սակայն, կարծելով, թե միայն մամուլի մեջ էր արծարծվում խիստ պահանջ Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին։ Նույն դաշնակցական տրամադրությունը թագավորում էր եւ Ազգային բյուրոյի մեջ։ Փոխարքան առաջարկել էր, որ հայերը կազմեն իրենց ցանկացած բարենորոգումների ծրագիրը եւ Թուրքահայաստանի քարտեզը։ Այս առիթով կազմվեց մի մասնաժողով, որի անդամներից մեկն էի ես։ Սակայն մասնաժողովը չէր հավաքվում, հավաքված ժամանակն էլ չէր կարողանում որոշակի, պարզ առաջարկություններ ձեւակերպել։ Խոսում էին, գործում էին Թուրքահայաստանի մասին, բայց նրան չէին ճանաչում, նրա կարիքների մասին հասկացողություն չունեին եւ, ուրեմն, ինչպե՞ս կարող էին մի լուրջ բան մշակել։ Գործն այդպիսով, վերջիվերջո, մնաց ինձ եւ Մեսրոպ եպիսկոպոսի վրա։ Ես կազմեցի մի ծրագիր այն եղանակով, ինչպես կազմում էին Կ.Պոլսի եվրոպական դեսպանները, այսինքն` հիմք վերցնելով Թուրքիայում գոյություն ունեցող օրենքները, արտահայտված թե՛ ընդհանուր պետական կազմակերպության եւ թե՛ առանձին ինքնավարությունների վերաբերյալ կանոնադրությունների մեջ։

Միասին` ես եւ Մեսրոպ եպիսկոպոսը խմբագրեցինք այդ նոր կազմական կանոնադրությունը, համաձայն այն հրահանգների, որ տվել էր Ազգային բյուրոն` իբրեւ հիմնական ցանկություններ։ Այսպիսով Թուրքահայաստանը մնում էր Օսմանյան կայսրության մի մասը կազմող ինքնավար նահանգ, բայց մի ընդհանուր նահանգապետով, որ պիտի լիներ ռուսաց բարձր պաշտոնյաներից մեկը։ Հայաստանի մի անբաժան մաս ճանաչվում էր Կիլիկիան։ Այստեղ մեր «ազգայինճիները» լսել անգամ չէին ուզում որեւէ զիջման մասին։ Միլյուկովը խորհուրդ էր տվել ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետեւ այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք եւ կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, եւ այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ։ Բայց դաշնակցականները սաստիկ հակառակեցին այդ առաջարկությանը հենց միայն այն պատճառով, որ այն բխում էր մի ռուսից` Միլյուկովից։ «Հայաստանն, – ասում էին, – չի կարող ապրել առանց ծովային ելքի»։

Այստեղ էր ահա` «Հայաստանը ծովից ծով»։ Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ։ Մենք վերցրինք` այդպես էլ գրեցինք։ Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա։ Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել։ Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական եւ պատմական անհաղթելի արգելքները։ Ոչինչ չուզեցին լսել։ Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել եւ մի հայ, որ Հայաստանը երեւակայի առանց Կիլիկիայի»։ «Շատ լավ, բայց ես ի՞նչ անեմ», – հարցնում էի ես։ «Մի կերպ միացրեք», – պատասխանում էին։ Մի կերպ… Պրծում չկար… Ինձ նմանների դրության մեջ մտնելու համար է երեւի, որ Եփրատը Մելիտենեի մոտ, կարծես թողնելով իր հախուռն մղումը` ճամփա փորելը դեպի Միջերկրական ծով, ետ ու ետ է քաշվում` դեպի հարավ ուղղվելու համար։ Հայկական մեծ գետի այդ ծունկը շատ մոտ է Կիլիկիային, եւ ահա այդտեղից կարելի էր բաց անել այն նրբանցքը, որ կմիացներ Հայաստանը Կիլիկիայի հետ։ Լավ թե վատ, ես երկու գծով որոշեցի ենթադրվող ուղղությունը, լոկ այլեւս «մի կերպ արեք» – ը չլսելու համար, խոսք տալով ինձ` այլեւս չնայել այդտեղի վրա։

Բայց սրանով բանը չէր վերջանում։ Շովինիստական ամբարտավանությունը որքան ուռճանում եւ ծովանում էր կամավորական խմբերի գործողությունների հետեւանքով, այնքան ավելի ու ավելի բարձրանում եւ բարդանում էին պահանջները։ Բյուրոն նոր` նոյեմբերին միայն, տեսավ, որ կամավորական մեծ աղմուկի դիմաց հայ ժողովուրդն իսկապես ոչինչ դրական երաշխավորություն չունի ռուսական կառավարության կողմից։ Ուստի, սկսեց նորից` նոր միայն, երբ, ինչպես ասում են` բանը բանից անցած էր արդեն, երաշխիքների հոգս քաշել։ Ամենալավը համարվում էր այն, որ ինքը` Նիկոլայ Բ-ն մի կոչ ուղղի հայերին` խոստանալով նրանց ամենադրական կերպով ավտոնոմիա։ Շատերը կային բյուրոյի մեջ, որոնք այդ էլ բավարար չէին համարում, այլ պահանջում էին, որ Նիկոլայն ուղղակի անկախություն խոստանա Հայաստանին300300
  Կարծում ենք՝ այստեղ Լեոն կա՛մ տուրք է տվել խորհրդային հակաանկախական պաշտոնական մտայնությանը (անհավանական է), կա՛մ խոսում են խորին ցավն ու հիասթափությունը. մեզ հայտնի չէ անկախությանը ՀՅԴ-ի հավաքական, պաշտոնական կողմնակցության որեւէ դեպք, եթե այն արդեն փաստ չէ (1918-ի Մայիսի 28-ին (30-ի՞ն), ինչպես ՀՅԴ առաջնորդներն են գրավոր վկայում, ստիպված հռչակվեց անկախությունը, իսկ 1990-1991թթ. աֆորիստիկ էր դարձել՝ «կողմ ըլլալով դեմ ենք» դաշնակցական արտահայտությունը)։ Իսկ առանձին անկախական անհատներ նույնիսկ բոլշեւիկների մեջ են եղել։


[Закрыть]
։ Այս պահանջը դուրս էր գալիս դաշնակցական շրջաններից եւ համակրություն էր գտնում նրանց հլու հպատակ բուրժուական ինտելիգենցիայի մեջ։ Իզուր բյուրոյի ժողովների մեջ ես հակաճառում էի այդ մտքի դեմ` ասելով, որ երբեք ռուսական բյուրոկրատիան թույլ չի տա, որ իր ցարը ստորագրի հայերին ուղղված մի որեւէ կոչ. այն ցարը, որ նույնիսկ բազմամիլիոն լեհ ժողովրդին ուղղված կոչը չստորագրեց։ Բայց ո՞վ էր լսողը։ Եվ մի նոր փորձ կատարվեց։ Ոչ մի դժվարություն չկար։ Էջմիածնում նստած Գեւորգ Հինգերորդը գրիչը թանաքի մեջ թաթախած սպասում էր, թե ով կբերի մի թուղթ, որպեսզի դնի իր ստորագրությունը դրա տակ։ Այդ հանգամանքի արդյունք է, որ տեղի ունեցավ նոյեմբերի 8-ի անտակտ եւ անիմաստ դիմումը Վորոնցով-Դաշկովին, եւ ես չեմ կարող մի քանի հատվածներ չբերել նաեւ այդ վավերագրերից.

«Ժողովրդական ոգեւորության ալիքը աճում է, – գրում էր կաթողիկոսը, – ավելի ու ավելի տարածվելով բոլոր հայերի մեջ, որոնք Ռուսաստանի համար այս մեծ վայրկյանում կանգ չեն առնի թեկուզ ամենածանր զոհաբերությանից առաջ։

Հայոց ժողովրդի ուշադրությունը եւ մտածողությունը ներկայումս կենտրոնացած է թուրքահայերի վիճակի վրա։

Այն բոլորը, ինչ որ ձեռնարկված է կայսերական կառավարության կողմից եվրոպական պետությունների հետ միասին, սկսած վերջին ռուս-թուրքական պատերազմից, դրական հետեւանքներ չի տվել թուրքահայերի դրության լավացման տեսակետից։

Թուրքիան, ընդունակ լինելով ենթարկվել միմիայն հարկադրանքին, չէր ցանկանում եւ իր կուլտուրական ուժերով անկարող է եղել ըմբռնել իրեն առաջարկած հայկական ռեֆորմների նշանակությունը։

Թուրքահայաստանի ռեֆորմների երկարամյա պատմությունը խախտել էր հայ ժողովրդի հավատը եւ նրան բերել է այն համոզման, որ միմիայն Ռուսաստանը կարող է ապահովել ժողովրդի ֆիզիկական եւ կուլտուրական զարգացումը Թուրքահայաստանում։

Ներկայումս, երբ ամբողջ Ռուսաստանի եւ նրա հաղթական զորքի հետ հայերը պետք է լարեն ծայրահեղ ուժեր՝ ընդհանուր թշնամիների դեմ կռվելու համար, ես գտնում եմ բոլորովին պատշաճ` ներկա պատմական մոմենտի նշանակության, որպեսզի մեր սիրեցյալ թագավոր կայսեր անունից հայտարարվելով մի կոչ թուրքահայերին` ներշնչվի հայ ժողովրդին, որ այժմ հասել է ժամը վերջնականապես եւ անդառնալի կերպով լուծելու Հայկական հարցը Թուքիայում, եւ որ հայ ժողովրդին մեծ Ռուսաստանի կողմից կտրվի ավտոնոմիա, որի շրջանը կկազմեն Թուրքահայաստանի ի մի ամփոփված 6 վիլայեթները եւ նրանց հետ անխզելիորեն կապված Կիլիկիան։ Դրանով կպսակվի Ռուսաստանի պատմական առաքելությունը, որ է Թուրքիայի լծի տակ դարերով տանջված քրիստոնյա ժողովուրդների ազատագրությունը»։

Այս թուղթը ներկայացնում են Վորոնցով-Դաշկովին, որ կարդալուց հետո, ինչպես լսել եմ, փոքր-ինչ հանդիմանական ձեւով ասել է. «Մի՞թե բավական չէր խոստացածը»` անշուշտ ակնարկելով Գորեմիկինի գրությունը։ Պալատականներն առաջին անգամ էին, երեւի, զգում անհարմարություն իրենց հյուրընկալած հարկի տակ։ Այնուամենայնիվ, կոմսը խոստանում է այդ մասին խոսել Նիկոլայ կայսրի հետ, որին մոտ օրերում սպասում էին Թիֆլիսում։ Այս առիթով Թիֆլիս եկած Գեւորգ կաթողիկոսը նոյեմբերի 29-ին առանձին ունկնդրություն է ստանում Նիկոլայից եւ իր ճառի մեջ, որ խմբագրված էր բյուրոյի թելադրությամբ, կրկնում է նույն խնդիրը, այսինքն` որ ցարն այժմ իսկ հայտարարի, թե թուրքահայերին կտրվի ավտոնոմիա` Ռուսաստանի հովանավորության տակ։ Նիկոլայը պատասխանում է միայն, թե հայերի վիճակը կտնօրինվի լավագույն կերպով301301
  Սա լրիվորեն նույնն է, ինչ 1988-ին հայ պատվիրակությանը տված ռուս բարձր պաշտոնյայի՝ ժամանակին մեզանում ոգեւորությամբ շրջանառվող պատասխանը. «Ղարաբաղի հարցում հայերին սպասվում է մեծ ու կարմիր ապագա»։ Այդ ապագան եղան ա) Ադրբեջանի ամբողջ տարածքից հայաթափությունը (որ չէր հաջողվել տարածաշրջան առաջին քոչվորների հազարամյա վաղեմության մուտքից ի վեր), բ) ղարաբաղյան երկարամյա պատերազմը, գ) հազարավոր զոհերը (իրոք որ՝ կարմիր), դ) Հայաստանի զարգացման կախվածությունը Ղարաբաղի հարցից, ուստի եւ՝ Ռուսաստանից։ Կնշանակի՝ խնդիրն այստեղ անձանց՝ Նիկոլայ Բ-ի կամ Մ.Գորբաչովի մեջ չէ, այլ մեծ գերտերության ռազմավարության, ինչպես նաեւ դա չհասկանալու հայկական կրկնվող անընդունակության։


[Закрыть]
։ Այժմ ենք մենք հասկանում այս խոսքերի իմաստը. այժմ, երբ ձեռքի տակ ունենք ֆրանսիական դեսպան Պալեոլոգի302302
  Մորիս Պալեոլոգը 1914-1916թթ. Ֆրանսիայի դեսպանն է եղել Սանկտ-Պետերբուրգում։


[Закрыть]
օրագիրը։

Պետերբուրգում Ֆրանսիայի ներկայացուցիչն այդտեղ, իմիջիայլոց, պատմում է եւ այն խոսակցությունը, որ նա ունեցավ Նիկոլայի հետ նախքան նրա ուղեւորությունը Կովկաս, նոյեմբերի 8-ին։ «Խոսելով ապագա հաշտության պայմանների մասին` Նիկոլայն ասաց եւ հետեւյալը. «Փոքր Ասիայում ես, բնականաբար, պիտի զբաղվեմ հայերով։ Անկարելի կլինի, իհարկե, թողնել նրանց թուրքական լծի տակ։ Հարկավո՞ր կլինի, որ ես կցեմ Հայաստանը (Ռուսաստանին)։ Ես նրան կկցեմ միմիայն հայերի առանձին խնդիրքով։ Եթե ոչ` ես նրանց համար կսարքեմ անկախ կառավարություն»»։ Չմոռանանք, որ սա մի դիվանագիտական խոսակցություն էր, եւ ռուսաց ցարը ճարպկորեն պայմանավորում էր իր իսկական ցանկությունը` Հայաստանի կցումը հայ ժողովրդի համաձայնությամբ։ Եթե այդպիսի համաձայնության կարիք լիներ, ոչինչ չէր արգելում, որ Նիկոլայն այդպիսի մի միտք ներշնչեր կաթողիկոսին։ Հետագա դեպքերը գալիս էին ցույց տալու, որ ցարը Հայաստանի վերաբերմամբ բացի պարզ կցումից ուրիշ որեւէ միտք չի ունեցել, եւ դիվանագիտական սին զարդարանք է եղել այն հայտարարությունը, որ նա արել էր ֆրանսիական դեսպանին հայերի համար «անկախ կառավարություն» սարքելու մասին։

Եվ այսպես` կցում… Էլ ինչո՞ւ հայ ժողովուրդը դրա համար քափ ու քրտինքի մեջ մտներ, կոտորվեր հարյուրհազարներով։ Շարունակ այս հարցերն են սուր նիզակների նման ցցվում առջեւդ, երբ նորից վերապրում ես 1914-1915 սեւ ու մութ տարիները։

1917 թվին թուրքաց կառավարությունը Կ.Պոլսում հրատարակեց «վավերագրերի» մի ստվար հատոր` ապացուցելու համար, թե հայերը ապստամբներ էին օսմանյան պետության դեմ։ Այդ «վավերագրերից» մեկը խայտառակ մի ստություն է, կոպիտ մի հերյուրանք։ Այդ մի մանիֆեստ է, որ իբր թե Նիկոլայ Բ-ն ուղղել է թուրքահայերին` հայտնելով, թե հասել է ժամը, երբ նրանք պիտի ազատվեն հին դարերի բռնակալությունից։ Այդպիսի դիմում երբե՛ք գոյություն չի ունեցել, շինծու է առաջին տառից մինչեւ վերջինը։ Կարո՞ղ եք երեւակայել, թե որքան սարսափելի տպավորություն կլինի նա թողած Թուրքիայում, որքան նա գրգռած պիտի լինի խավար ու ֆանատիկոս ամբոխի կրքերը միլիոնավոր հայերի դեմ։ Եվ հետո` մտաբերենք, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Թիֆլիսը վխտում էր օսմանյան լրտեսներով, որոնք դաշնակցական «Հորիզոնի» ամեն մի համարը, ամեն մի խոսք ու զրույց տեղ էին հասցնում։ Կաթողիկոսի դիմումը, բյուրոյի գործադրած ջանքերը, որ Նիկոլայը թուղթ գրի հայերին, անշուշտ, անծանոթ չմնացին օսմանյան շտաբի ականջներին, գուցե` եւ աչքերին։ Որքան հիշում եմ, բյուրոյի դաշնակցական անդամներից մի քանիսը (օր. Ավետիք Սահակյան) կազմել ու ներկայացրել էին նաեւ կայսերական դիմումի բնագիրը. եւ ո՞վ գիտե` այդ բնագրից որքան բան է վերցված եւ մտցված թուրք կառավարության ձեռքով կեղծված «մանիֆեստի» մեջ։ Այսպես էինք մենք մեր հիմար ամբարտավանությամբ նյութ տալիս մեր ժողովրդի գլխին աղետներ թափելու համար։

Խրատվել, ետ նայել, լուրջ հաշիվներ անել չգիտեինք։ Վճռում էինք ահագին նշանակություն ունեցող հարցերը թեթեւամիտ, հախուռն շտապողականությամբ, ղեկավարվելով պատահական խոսք ու զրույցով անգամ։ Շատ բնորոշ փաստ է, որ դեռ պատերազմի սկզբում, գլխավորապես շիրակցի հայերը ցույց էին տալիս, թե որքան անպիտան են նրանք իբրեւ ռազմական նյութ։ Կանոնավոր գնդերի մեջ ծառայող զինվոր հայերը դասալիք էին դառնում մեծ քանակությամբ եւ փախչում-գնում էին իրենց տները։ Գործադրել ամենքի դեմ զինվորական խիստ օրենքներն անհնարին էր դառնում, եւ գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը բյուրոյի օգնությանը դիմեց` առաջարկելով գործող բանակ ուղարկել պատվավոր մարդկանց` հայ զինվորներին խրախուսելու եւ խրատելու համար։ Հանձնարարությունը կատարվեց` երկու խումբ կազմելով. առաջին խմբի մեջ մտնում էին Թիֆլիսի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը եւ վիպասան Շիրվանզադեն, երկրորդի մեջ` Երեւանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոսը303303
  Խոսքը հետագայում՝ 1932-ից կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան Տփղիսեցու (1873-1938) մասին է, ում Վեհարանում խեղդամահ արեցին ԿԳԲ-ականները։


[Закрыть]
եւ Սմբատ Խաչատրյանը։ Սրանք պետք է առանձին-առանձին գործեին ռազմաճակատի զանազան մասերում` զինված կաթողիկոսի կոնդակներով, բայց թողեցին այդ միտքը եւ միասին գնացին Իգդիր, այնտեղից դեպի Ալաշկերտի հովիտը, որ կազմում էր Կովկասյան Չորրորդ բանակի շրջանը։

Այդ բանակի հրամանատար գեներալ Օգանովսկին` մի լեհ հայրենասեր, իրեն ցույց տվեց հայերին համակրող եւ Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ խորհուրդ տվեց ավելացնել կամավորների թիվը` այն 2000-ից հասցնելով 10-12 հազարի։ Հայաստանին պատերազմից հետո էլ հարկավոր է բանակ` ինքն իրեն պաշտպանելու համար, նուրբ ակնարկներով հասկացնելով, թե ազգային ինքնուրույնության լավագույն պահապանը կարող է լինել միմիայն ազգային զինվորական ուժը։ Մեսրոպ եպիսկոպոսը եւ նրա ընկերները շատ են հավանում այդ միտքը եւ, գալով Թիֆլիս, պատմում են բյուրոյին։ Այստեղ նստած դաշնակցականներն, ինչ խոսք, հրճվանքով ընդունեցին այդ միտքը։ Մանավանդ շատ աշխատում էր Հովսեփ Արղությանը, որն ինձ հետ ունեցած խոսակցության մեջ անհրաժեշտ էր գտնում կամավոր բանակի խոշորացումը նաեւ այն պատճառով, որ պատերազմից հետո գուցե հարկավոր լինի զենքով պաշտպանվել նույնիսկ ռուսներից։

Այսպես թե այնպես, բյուրոն ընդունեց վճիռ` հասցնելու հայ կամավորների թիվը 10 հազարի։ Փոխարքան, իհարկե, տվել էր իր համաձայնությունը, միայն թե ասում էր, որ այդքան հրացան չկա, եւ առաջարկում էր, որ հայերն իրենք գտնեն հրացանները։ Դրանց տեղն էլ ցույց էր տալիս շտաբը` կարելի էր գնել Եվրոպայում։ Բյուրոյի կողմից հատուկ հանձնարարությամբ, այդ գնումը հաջողեցնելու համար, Մոսկվա եւ Պետերբուրգ ուղարկվեց Հովհաննես Քաջազնունին։ Բայց մասնավոր գնումը չհաջողվեց, եւ դարձյալ Կովկասի զինվորական վարչությունն էր, որ հրացաններ էր հայթայթում նոր կազմակերպվող խմբերին։ Ձմռանը բյուրոյի զինվորական մարմինն զբաղված էր ավելացման գործով։

Բայց, մինչ նոր զինվորական ուժի միտքն էր սկսում ոգեւորել բյուրոյի ռազմատենչ անդամներին, պատերազմական բախտը ցույց տվեց, թե գիտե եւ դժնդակ խաղեր խաղալ։ Հազիվ էր Նիկոլայ Բ-ն հեռացել Կովկասի սահմաններից, թուրքական բանակը հանկարծական արագ արշավանքով մտավ ռուսաց սահմանը, գրավեց Օլթին, Արդահանը եւ մյուս կողմից դիմեց Սարիղամիշի վրա` ռուսաց գործող բանակի թիկունքն անցնելու համար։ Այս արագ հաջողությունները մեծ տագնապ առաջացրին Թիֆլիսում։ Կովկասի մայրաքաղաքը գրեթե առանց պաշտպանության էր մնացել եւ իրեն վտանգի մեջ զգաց։ Առաջին օրվա ջղայնությունն արագորեն վերածվեց մեծ իրարանցման, հետո նաեւ եկավ խուճապը` անզուսպ եւ հուսահատական։ Փախչե՜լ… այս էր դառնում րոպեի հրամայողական պահանջը։ Փախչել Բաքու, Ռուսաստան։ Ինչե՜ր էին կատարվում Թիֆլիսի փողոցներում, բայց մանավանդ կայարանում. նկարագրել անկարելի է։ Երեւանյան հրապարակում, քաղաքային վարչության առջեւ, սարսափահար ամբոխը ծփում էր ծովի պես։ Եվ ոչ ոք չկար, որ հանգստացնող խոսք ասեր ուշագնաց բազմությանը։ Ամենքը լուռ էին` զինվորական եւ քաղաքացիական վարչությունները։ Եվ ամեն րոպե մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից սարսափեցնող լուրեր էին գալիս։ Ասում էին, որ թուրքերն արդեն եկել են Մանգլիս։ Փախչողների մեծագույն մասն, իհարկե, հայերն էին։ Նրանք շատ լավ գիտեին, իհարկե, որ սուլթանի ասկյարներն իրենց չպիտի խնայեն։ Առեւտրական բանկի առջեւ խմբված էր ահագին ամբոխ։ Ամեն մեկն աշխատում էր որքան կարելի է շուտ ստանալ բանկին պահ տված գումարը եւ մի ժամ առաջ տեղ գտնել լեփ-լեցուն գնացքների մեջ կամ նրանց կտուրներին։

Այստեղ էր, որ հանդիպեցինք երկուսս` ես եւ Շիրվանզադեն։ Ստանալիք մենք, իհարկե, չունեինք եւ բոլորովին սառնասիրտ կերպով նայում էինք, թե ինչպես մարդիկ իրար գլուխ են բարձրանում` բանկ մտնելու համար։ Սա այսպես էր, այո՛։ Բայց մենք ծնողական շատ խոշոր վշտով էինք համակված, երկուսս էլ ունեինք չափահաս եւ գեղեցիկ աղջիկներ։ Վճռեցինք, ինչպես էլ լինի, փախցնենք երկուսին, իսկ դրանից հետո ինչ լինելու է` թող լինի։ Այս բանը մեզ հաջողվեց մեր փախչող ծանոթ-բարեկամների միջոցով։ Ազատվեցինք մեծ մտահոգությունից։

Խուճապի ենթարկվեց եւ Բաքու փախավ նաեւ բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը։ Այս բանը մեծ աղմուկ բարձրացրեց տեղական մամուլի մեջ, մինչդեռ դեպքը իսկապես արժանի չէր այդքան աղմուկի։ Նա ծածուկ չփախավ։ Առավոտյան եկավ ինձ մոտ, ասաց, որ դրությունը վատ է։ Ամեն ինչ պատրաստված էր, որ Վորոնցով-Դաշկովն էլ վերջին ժամին փախչի։ Կոմսուհին ասել էր, թե իրենց երկյուղը այնքան օսմանցիները չեն, որքան Բորչալուի թուրքերը, որոնք պատրաստված են լավ կողոպտելու Թիֆլիսը։ Այս պալատական լուրերն ավելի եւս սաստկացրել էին Սամսոն Հարությունյանի երկյուղը, որ կարծում էր, թե թուրքերը Թիֆլիս մտնելուց հետո առաջինը հենց իրեն պիտի կախեն, մի բան, որ հեռու չէր հավանականությունից։ Ուստի, նա վճռել էր գնալ Բաքու եւ այնտեղ սպասել, թե ինչ կլինի հետո։ Նա ինձ էլ առաջարկեց փախչել, բայց ես հրաժարվեցի։ Ոչ թե այն պատճառով, որ հերոսական ոգի էի կրում (լա՜վ հերոս է նա, ով գրպանում միայն մի գրչահատ ունի), այլ` որովհետեւ փող չունեի։ Փախչում էին փող ունեցողները։ Եվ եթե իմ մի ծանոթը մերժած չլիներ ինձ 300 ռուբլի պարտք տալը, ես էլ փախածներից մեկը կլինեի։

Այս խուճապի ժամանակ հանգիստ ու անվրդով մնացին վրացիները, եւ մենք ասում էինք նրանց մասին. «Երջանիկ ժողովուրդ, օսմանցու պես արնախում թշնամի չունի»։ Հաստատապես ասում էին, թե վրաց ազնվականները պահանջել էին Վորոնցով-Դաշկովից, որ եթե թուրքերը շրջապատեն Թիֆլիսը, քաղաքը նրանց հանձնվի առանց դիմադրության, որպեսզի չվնասվի պատերազմական գործողություններից։ Այն ժամանակ անհասկանալի եւ տարօրինակ էր թվում այդ պահանջը, որովհետեւ դեռ հրապարակված չէր թուրք-վրացական դաշնագիրը։

Եվ այսպես մենք մնացինք քաղաքում, ինչպես ուխտվածներ։ Գիտեինք, թե ինչ է սպասում մեզ, խեղճ Արդանուճն ու Տանձուտը մի քանի օր առաջ էին կոտորածի ենթարկել։ Եվ մի օր հանդիպելով փողոցում Ավետիք Սահակյանին` ես առաջարկեցի հայերին համախմբել մի տեղ, որպեսզի ամենքս միասին լինենք եւ միասին տանենք կոտորածների սարսափը։ Բայց մեր մռայլ ակնկալությունները, բարեբախտաբար, չարդարացան։ Սարիղամիշի մոտ ռուսները փայլուն հաղթություն տարան։ Սկզբում այդտեղ կարգադրում էր փոխարքայի օգնական Մշլաեւսկին, բայց երբ նա էլ թուրքերի հաջող առաջխաղացման առաջին տպավորության տակ վատաբար փախուստի դիմեց, նրա տեղ կանգնեց գեներալ Յուդենիչը304304
  Յուդենիչ Նիկոլայ Նիկոլաեւիչ (1862-1933) – Ռուս ազնվական գեներալ, 1912-ից պաշտոնավարել է Կովկասում, 1915թ. հունվարից Կովկասյան բանակի հրամանատար, 1917-ի ապրիլին հրաժարվել է կատարել կառավարության հրամանը՝ ռուսական զորքերը շարժել դեպի Իրաք՝ անգլիացիներին միանալու համար, որի պատճառով պաշտոնանկ է արվել։ 1919թ. գլխավորել է սպիտակգվարդիական Հյուսիս-արեւմտյան բանակը, ճեղքել բոլշեւիկյան բանակի պաշտպանությունը եւ հայտնվել Պետրոգրադից 20 կմ հեռավորության վրա, սակայն պարտվել է, նահանջել Էստոնիա, որտեղից էլ տարագրվել է Անգլիա։


[Закрыть]
, որ զարկեց, ոչնչացրեց թուրքաց ամբողջ բանակը եւ նրա մնացորդները փախցրեց դեպի Էրզրում։ Խուճապի եւ վհատության մատնված Թիֆլիսը դեկտեմբերյան այդ պայծառ օրը տոնական կերպարանք զգեցավ եւ զարդարվեց դրոշակներով։ Վտանգն անցել էր։ Փախստականները վերադարձան։ Բայց Սամսոն Հարությունյանն այլեւս անկարող եղավ բյուրոյի նախագահի պաշտոնը շարունակել եւ հրաժարական տվեց։

Այս բանն, իհարկե, նրա օգտին ծառայեց։ Թեեւ հաղթողը ռուսներն էին, բայց թուրքերի առաջխաղացման հետեւանքով տեղահան էին լինում Բասենի, Ալաշկերտի, մասնավորապես եւ Սալմաստի գավառի հայերը, ասորիները, որոնք մտնում էին ռուսական սահմանները փախստականների սոսկալի դրության մեջ` կորցրած իրենց ամբողջ կարողությունը, քաղցած եւ մերկ։ Սա առաջին անգամն էր, որ համաշխարհային պատերազմը ահագին բեռ էր բարձում Անդրկովկասի հայության վրա, որ պիտի հոգար այդ փախստական բազմության ապրուստը` կազմակերպելով հասարակական օգնություն` այլեւայլ ձեւերի տակ։ Ահա այս ասպարեզում Սամսոն Հարությունյանը լայն հնարավորություն էր ստանում զարգացնելու իր կազմակերպչական ընդունակությունները, որով եւ քավեց իր բյուրոյական մեղքերը` ծառայելով բնաջնջման ենթարկված մեր ժողովրդի ծով կարիքներին։

Այդ կարիքները դեռ նոր-նոր էին երեւան գալիս 1914-1915-ի ձմռանը։ Դանդաղ ու անխնա, որպես ամեն շղթաներից արձակված մի պատուհաս, գարնանանում էր 1915 սեւ տարին։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации